«Պոլիտիկոս Քաջազնունին միայն ցավ և կարեկցություն է առաջ բերում»

1031

Հատված Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքի: 

—–

Քաջազնունու գիրքը կազմված է երկու մասից: Առաջին մասում նա պատմում է, թե «Ի՞նչ աստիճաններ է անցել հայ քաղաքական դատը 1914 թվականից սկսած, ինչպե՞ս են զարգացել, դասավորվել ու միմյանց հաջորդել դեպքերը և ու՞ր են բերել, մասնավորապես, ի՞նչ է արել մեր կուսակցությունը»՝ Հ. Յ. Դաշնակցությունը: Երկրորդ մասում պարզում է մեր կուսակցության դերը այսուհետև և հանգում է այն եզրակացության, որ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս»:

Իսկապես Քաջազնունու գիրքը երկու գիրք է՝ կազմված իրարից բոլորովին անկախ երկու մասերից: Նրա հանած եզրակացությունների և նախորդ դեպքերի միջև չկա ոչ մի օրգանական կապ: Եզրակացությունները չեն բխում արձանագրված փաստերից, ավելի ճիշտ հայկական ներքին կյանքում կատարված դեպքերից ու հայ ժողովրդի ցուցահանած քաղաքական- պետական շնորհից: Քաջազնունու եզրակացությունները, այսինքն՝ ռուս-թուրքական գործոնի դերը մեր կյանքում և Ռուսաստանի վերադարձը Կովկաս, որի հետևանքով և Հ. Յ. Դաշնակցության  «անպետք գործիք» դառնալը  հետևանք են  արտաքին հանգամանքների, չեն պայմանավորված հայ ժողովրդի սեփական կամքով, մինչդեռ գրքի առաջին մասը գլխավորապես ծանրանում է հայ իրականության, կազմակերպությունների և գործիչների վրա:

Իմ հասկացողությամբ Քաջազնունու գրքի արժեքավոր մասը առաջինն է՝ պատմական փաստերը, նրանց ըմբռնումն ու գնահատ[ականը] կամ «պարզ ինքնագնահատումը», ինչպես հեղինակն է որակում: Հետաքրքրական է , թե Հայաստանի առաջին նախարարապետը ի՞նչպես է հասկացել այն երևույթներն ու գործերը, որոնց խոշոր մասի մեջ ինքը ևս խաղացել է կարևոր դեր, ինչպե՞ս է գնահատում կատարված դեպքերը, նրա համոզումով ի՞նչ սխալներ են գործվել մոտիկ անցյալում, ինչո՞ւ և ու՞մ կողմից. ինչի՞ց կարելի էր խուսափել և որո՞նք ճակատագրական էին ու մեր կամքից վեր: Օգտակար է այս հարցերով զբաղվել, քննադատության ու վերագնահատության ենթարկել մեր երեկը, հանգամանորեն պարզել մեր գործի ճիշտն ու սխալը, որովհետև «վաղը» բխում է  «երեկից», և անհավանական չէ, որ վաղը նորից տեղի ունենան երեկվա դեպքերը և այդ դեպքերի մեջ նորից դեր խաղան երեկվա մարդիկ:

Այսպես որ մոտենալու լինենք դրված խնդիրին, պարտավոր ենք նյութը վերցնել իր ամբողջ ծավալով, թե՛ խավար և թե լուսավոր կողմերով: Պարտավոր ենք առարկայորեն ներկայացնել բոլոր կարևոր փաստերը, անաչառորեն վերլուծության ենթարկել և ապա եզրակացություններ հանել: Քաջազնունին այդպես չի վարվել: Նա վերցրել է կյանքից իր ուզած ու հավանած պատճառները միայն՝ առանց դիպչելու բազմաթիվ ուրիշ կարևոր երևույթների: Նրան հետաքրքրել է լոկ այն, որը անհրաժեշտ  է համարվել իր կանխակալ եզրակացությունները հաստատելու համար:Միտումնավոր պատմաբանի պես, նա ոչ թե իր գաղափարներն  է հանել փաստերից, այլ փաստերն է հարմարեցրել գաղափարներին: Եվ սա նրա գրքի ամենաարատավոր կողմն է : Դրանից, նրա դիրքը դուրս է եկել միակողմանի, նեղսիրտ, աչառու և չափից ավելի ենթակայական:

Քաջազնունու գրքի մյուս արատավոր կողմը զարմանալի անփութությունն է դեպի իր արձանագրած ու բացատրած պատմական դեպքերը: Նրա մոտ կգտնեք և՛ փաստական անճշտություններ, և՛ ժամանակագրական սխալներ, և՛ անտեղի վերագրումններ ու մեղադրանքներ: Այդ է պատճառը, որ նրա եզրակացությունները դրված են հեղհեղուկ ավազի վրա և չեն կարող դիմանալ քննադատության: Քաջազնունին արձանագրում է , որ լսել է և գրի է առել, ինչ որ հիշում է, կամ իրեն թվում է, թե հիշում է, առանց մի րոպէ կասկածելու լսածի և իր հիշողության վրա, առանց նեղություն կրելու իր ասածները նախօրոք ճշտելու ու համեմատելու իրականության հետ:

Այսպիսի պայմաններում նրա աշխատությունը կորցնում է համոզեցուցիչ բնույթը և դառնում գերազանց[ապես] միտումնավոր և տեղ-տեղ նույնիսկ պասկվիլի տպավորություն է թողնում: Մի հանգամանք, որ շատ է ցավալի, որովհետեև Քաջազնունին իր բազմաթիվ սխալներով ու վիճելի կացություններով հանդերձ, հայտնում է և շատ առողջ ու ճշմարիտ մտքեր, մատը դնում է մեր կյանքի վերքերից շատերի վրա և հարկադրում է մտածել: Քաջազնունու գիրքը  մեծ արժեք կունենար, եթե նա ավելի լուրջ վերաբերված լիներ դեպի նյութը, հրաժարվեր վիճելի և անարդար դատավճիռներ արձակելուց, մի կողմ թողներ իր մի քիչ հավակնոտ ու մի քիչ ծիծաղելի մարգարեությունները, մոռանար, որ ինքը «պարտք» ունի կատարելիք և խորը թափանցեր ընդգրկած շրջանի ճշգիրտ նկարագրության և մանրազնին ու անաչառ վերլուծության մեջ: Պատմաբան ու քննադատ Քաջազնունուց մենք շատ բան կարող էինք սովորել. պոլիտիկոս Քաջազնունին միայն ցավ և կարեկցություն է առաջ բերում:

Դժբախտաբար, Քաջազնունուն հետաքրքրել է ոչ թե պատմական ճշմարտությունը, այլ իր կանխակալ ու բռնազբոսիկ եզրակացությունները: Այդ պատճառով՝ նրա գրքի պատմական կամ «ինքնագնահատումների»բաժինը լեցուն է աչք ծակող սխալներով և անճշտություններով: Շատ դեպքերի վրայից էլ միայն սահել է, առանց մտնելու էության մեջ, և դժվար է լինում հասկանալ, թե ինչո՞ւ է այս կամ այն դեպքը արձանագրված:

Անցնենք, սակայն, նրա փաստերին ու դատողություններին, և տեսնենք, թե ի՞նչ ճանապարհով և ո՞ւր է տանում նա մեզ: