Աղդամ. Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական գյուղերը

3383

Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախումների պատճառով հայ հանրության մոտ՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում, ավելացել է հետաքրքրությունը Ադրբեջանի այն բնակավայրերի նկատմամբ, որոնք գտնվում ենք պետական սահմանի երկայնքով:

ԱՆԻ կենտրոնը հերթականությամբ ներկայացնում է այդ գյուղերը՝ տալով հակիրճ տեղեկատվություն: Մենք արդեն ներկայացրել էինք Ղազախի շրջանի Քեմեռլի Ղայմախլի գյուղերը:

Աղդամ գյուղը գտնվում է Թովուզի շրջանում` համանուն շրջկենտրոնից և քաղաքից 12 կիլոմետր հարավ արևմուտք, ծովի մակարդակից մոտ 550 մետր բարձրության վրա, Խնձորուտ գետի և ջրամբարի ափին:

Աղդամը սահմանակից է Տավուշի մարզի Բերդի շրջանի Չինարի և Չորաթան գյուղերին:

Չինարի-Աղդամ հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները տեսանալի են անզեն աչքով: Աղդամ գյուղի արևմտյան թաղամասը, Սևաքար/Ղարադաշ բարձունքը, սարի արևելյան փեշերը, Սևաքարից դեպի ջրամաբար ընկած և Չորաթան գյուղին պատկանող Քարափ հանդամասը և Խնձորուտի ջրամբարի ուղիղ կեսը Ադրբեջանի ձեռքում է, այնինչ դրանք Հայաստանի տարածքներն են:

2020թ. հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական բախումների արդյունքում հայկական կողմը որոշ դիրքային առավելություն է ստացել: Թեև Սևաքար սարի վրա կան երկու ադրբեջանական դիրքեր, սակայն երրորդ դիրքի կորուստը, որ կապող օղակ էր, ադրբեջանական կողմի դիրքերը դարձնում են խոցելի:

Համաձայն որոշ աղբյուրների, հուլիսյան բախումների ընթացքում, հայկական կողմից խոցվել է Աղդամ գյուղի մոտակայքում գտնվող այն շինությունը, որտեղ տեղաբաշխված է եղել ադրբեջանական հատուկ ջոկատայինների «Յաշմա» խմբավորումը:

Աղդամ գյուղը, ըստ ադրբեջանական բաց աղբյուրների, 2009 թվականի մարդահամարի տվյալներով, ունեցել է 1228 բնակչություն:

Աղդամ գյուղը սահմանակից է Թովուզի շրջանի Վահիդլի բնակավայրին:

Թովուզի շրջանով է անցնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

21 հուլիսի, 2020թ