Դաշնակցության արխիվներում` Երվանդ Փամբուկյանի հետ

1495

Փոքրամարմին, կյանքով լի այս մարդը աշխատում է առավոտից կեսգիշերն անց: Նա աշխատում է Բեյրութի հայկական նշանավոր ճեմարանի գրադարանում, երեկոյան ժամերին` դեպի Միջերկրական նայող Մզհերի իր տան պատշգամբում, ժամանակ առ ժամանակ` ամերիկյան Բոստոն քաղաքի ՀՅԴ արխիվներում: 81-ամյա պատմաբան և մեր ժամանակների լավագույն հայագետներից Երվանդ Փամբուկյանը ոչ միայն լավ պատմաբան է, այլև նախ և առաջ` լավ մարդ, ընկեր ու բարեկամ: Հայոց պատմության և հայագիտության վերաբերյալ շուրջ երեք տասնյակ գրքեր է կազմել ու խմբագրել: Այսօր նա վեր է հանում Դաշնակցության արխիվները, որոնք հատորների շարքով հրատարակում է Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչությունը «Նյութեր Հ. Յ. Դաշնակցության պատմության համար» խորագրով:

Եթե Բեյրութում եմ, ապա իմ ժամանակի ազատ մասն անց եմ կացնում Փամբուկյանի հետ` «Ազդակի» խմբագրատանը կամ Մզհերի` Միջերկրականին նայող նրա բնակարանի պատշգամբում: Հայագիտության և հայոց պատմության մասին ավելի լավ դասախոսություն այլ տեղ չեմ կարող ունկնդրել` վիսկիի և սիգարի պարտադիր համեմունքով:

Դաշնակցության արխիվների մասին տեսակետներն ու խոսակցությունները խիստ հակասական են: Թուրքերը պնդում են, որ ՀՅԴ արխիվները փակ են: Փամբուկյանը, սակայն, ասում է, որ ՀՅԴ արխիվներում «թաքցնելու բան չկա»:

Իրականում, ՀՅԴ արխիվի նյութերը հրատարակվել սկսվել են «Հայրենիք» ամսագրում` Սիմոն Վրացյանի դասավորումով: Ապա 1934 և 1938 թվականներին ՀՅԴ արխիվային նյութերը հրատարակվել են երկու հատորով` «Դիվան Հ. Յ. Դաշնակցության» խորագրով: Արխիվի որոշ նյութեր 1930-ականներին տպագրվել են «Դրոշակ» և «Վեմ» հանդեսի էջերում: 1962-ին Վրացյանը ՀՅԴ արխիվի նյութերն է օգտագործել «Հին թղթեր նոր պատմության համար» հատորում:

ՀՅԴ Բյուրոյի որոշումով կուսակցության արխիվները համակարգված ձևով` հատորներով սկսեց պատրատել և խմբագրել Հրաչ Տասնապետյանը` «Նյութեր Հ. Յ. Դաշնակցության պատմության համար» խորագրով: Տասը տարիների ընթացքում` 1972-1982 թթ., լույս տեսավ չորս հատոր: Տասնապետյանի հիվանդությունն ու մահը հետագա հատորների լույս ընծայումը դադարելու պատճառ դարձավ: Ավելի քան երկու տասնամյակ ընդմիջումից հետո անց այդ գործը շարունակեց Երվանդ Փամբուկյանը:

«ՀՅԴ արխիվը միայն կուսակցության արխիվը չէ, այլ հայ ժողովրդի պատմության համար կարևոր աղբյուր», կում անելով «Black label»-ը և քաշելով ծխամորճը` պատմում է Փամբուկյանը: Մինչև 1915-ի ապրիլ նա հրատարակության կպատրաստի մատենաշարի 11-րդ հատորը, որը կներառի 1913-1915 թթ. արխիվի նյութերը: «Ես կարող եմ ևս չորս-հինգ հատոր պատրաստել»,- շարունակում է նա:

Հատորներում սկզբնաղբյուրի արժեք ունեցող հսկայածավալ նյութեր կան և առատ փաստաթղթեր: Կուսակցական, քաղաքական, գաղափարական ու մարտական բնույթի փաստաթղթերի կողքին այս հատորներում ամբարված են Արևելյան (Ռուսական) և Արևմտյան (Թուրքական) Հայաստանին վերաբերող տեղագրական, ազգագրական, վիճակագրական, մշակութային և այլ բազմահազար վավերագրեր:

Այս հատորներում ընթերցողը հանդիպում է Ավետիք Իսահակյանին, Սևաքարցի Սաքոյին, Անդրանիկին, Արմեն Գարոյին, Նիկոլ Աղբալյանին, Ռոստոմին և նշանավոր այլ հայ գործիչների: Հատորներում ներկայացվել են նաև մի շարք նշանավոր դեմքերի ձեռագրերի տպագրական լուսապատճենը` Գեղամ Տեր-Կարապետյան, Գևորգ Չավուշ, Ռուբեն Տեր-Մինասյան, Արամ Մանուկյան: «Այս արխիվներում աշխատելով և փաստաթղթերը կարդալով, զգում ես, որ այս մարդիկ` Անդրանիկը, Նժդեհը, Ռոստոմը, մեր նման, սովորական մարդիկ են, որ կարող են խռովել ընկերներից, մարդկանցից, կյանքից»,- ասում է Փամբուկյանը:

Հիմնադրման օրվանից` 1890-ից, ՀՅԴ-ն նախանձախնդիր է եղել իր արխիվները պահելու հարցում: Սկզբնական շրջանում, մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը, այդ արխիվը Ժնևում էր, որտեղ էր «Դրոշակի» խմբագրությունն ու Արևմտյան Բյուրոն: Ապա արխիվը տեղափոխվեց Փարիզ` Բյուրոյի հետ միասին: Հետագայում դրանք տեղափոխվեցին Բոստոն` «Հայրենիք» ամսագրի խմբագրատուն: 1915-ից մինչև 1921 թթ. արխիվը գրեթե ամբողջությամբ բացակայում է: Դրանք մասամբ կարելի է գտնել Հայաստանի պետական արխիվում: 1914-1915 թթ. փաստաթղթերից շատ քիչ բան է մնացել, որի պատճառներից մեկը եղել է արխիվի փոխադրության դժվարությունը:

Փամբուկյանը ոչ միայն վերծանում է հաճախ դժվարընթեռնելի, հարյուր տարի առաջ գրված ձեռագիր փաստաթղթերը և դասավորում, այլ յուրաքանչյուր հատորի համար գրում ամփոփ առաջաբան և ամենից կարևորը` կատարում ծանոթագրություններ: Ամենից քրտնաջան աշխատանք պահանջող գործը հենց ծանոթագրություններն են, քանի որ առանց դրանց շատ դժվար կլինի հասկանալ և վերծանել փաստաթղթերը, դրանցում օգտագործված կեղծանունները:

Հատորները հրատարակվում են անհատ հայերի բարերարությամբ: Դրանց շարքում առաջին հերթին պետք է նշել Գաբրիել և Անժել Չեմբերջյաններին ու «Փյունիկ» հիմնադրամին (այսինքն` նույն Գաբրիել Չեմբերջյանին):

Եթե Հայաստանի որևէ կառույց` ակադեմական կամ համալսարանական, կուսակցական կամ պետական, բարեգործական կամ հասարակական, պատրաստ չէ և կամ ժամանակ չունի, ապա Երվանդ Փամբուկյանի հատորները ես պետք է ներկայացնեմ Հայաստանի հանրությանը: Դա պետք է անեմ միայնակ` գնահատելով և արժևորելով Երվանդ Փամբուկյանի քրտնաջան, դժվար, կյանքի օրեր և տեսողություն խլող կոթողային գործը:

Թաթուլ Հակոբյան

Լիբանան