Կոթի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

10070

Այսօրվա Կոթի գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 777 բնակիչ, բոլորն էլ հայ:

Նախկինում Կոթին ունեցել է Կոթ, Կոթիգեղ, Կոթիքենդ և Շավարշավան անունները: 1964թ. Կոթիգեղը վերանվանվել է Շավարշական տեղացի հեղափոխական Շավարշ Ամիրխանյանի անունով, իսկ 1991թ. որդեգրել է իր Կոթի պատմական անունը:

Կոթին գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում: Հարևանությամբ գտնվում են ադրբեջանական Ղուշչու Այրում, Ուրքմեզլու և Դաշ Սալահլու գյուղերը: Դաշ Սալահլուն Ադրբեջանի մեծագույն և Ղազախի շրջանի ամենամեծ գյուղն է, ունի 8500 բնակչություն:

5

Կոթիի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 777 հոգի

1873 թվական – 1.216 հոգի

1886 թվական – 1.507 հոգի

1897 թվական – 1.769 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1926 թվական – 1.775 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1-ը՝ լեհ, 1-ը՝ թուրք

1931 թվական –  2.277 հոգի

Կոթին Հայաստանի այն բնակավայրերից է, որի բնակչությունը խորհրդային տարիներին գրեթե չի աճել, իսկ 1991-ի անկախությունից հետո սկսել է նվազել:

Պաշտոնապես նշվում է, որ այսօր Կոթիի բնակչությունը 2200-ից ավելի է, իրականում՝ 2000-ից պակաս է: Խորհրդային ժամանակ 800 աշակերտի համար կառուցված դպրոցում սովորում է ընդամենը 200 աշակերտ:

Պատմական

Կոթին մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Կոթին և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Կոթին, Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

koti-bnapatker-hamaynq-640x340

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Կոթին մտնում էր Իջևանի շրջանի մեջ: