Գարեգին Նժդեհի, Անդրանիկի և Դրոյի Արցախյան նահանջը. 1918-1920 թթ

14161

Հայ նշանավոր երեք ռազմական գործիչներ՝ Անդրանիկը, Դրոն և Նժդեհը, ամենածանր պահին՝ 1918-1920 թթ., տարբեր պատճառներով և պատճառաբանություններով չեն կարողացել օգնել Արցախին: Սակայն եթե Անդրանիկի և Դրոյի հետ կապված պատմությունը լայնորեն հայտնի է հետաքրքրված հանրությանը, ապա Նժդեհի նահանջի մասին գրեթե չի գրվում:

Դեռ 1918-ի ուշ աշնանը Անդրանիկը, կորուստներ կրելով կարողացավ ճեղքել քրդերի ու մահմեդականնների դիմադրությունը և Գորիսից հասնել Բերձոր (այն ժամանակ՝ Աբդալլար) այնտեղից Շուշիի հայ բնակչությանը օգնելու մտադրությամբ: Սակայն ճանապարհին Անտանտի  ուժերը՝ բրիտանացիներն ու ֆրանսիացիները, Անդրանիկից պահանջեցին դադարեցնել գրոհը՝ բացատրելով, որ 1919-ին Փարիզում սպասվում է Խաղաղության վեհաժողով, որտեղ պիտի որոշվեն սահմանների և վիճելի տարածքների հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքների խնդիրը: Անդրանիկը ենթարկվեց Դաշնակիցների հորդորին: Ճի՞շտ էր Անդրանիկի կեցվածքը՝ միանշանակ չէ: Սակայն փաստ է, որ նա տեղի տվեց բրիտանացիների և ֆրանսիացիների հորդորին ու նահանջեց:

Դրոն արեց ավելին: Նա օգնության հասավ արցախցիներին այն օրերին, երբ ատամ կռճտացնող թշնամիներով շրջափակված էր Արարատյան դաշտավայրը: Արցախահայության մի հատված, հիմնականում մանր բուրժուազիան և Շուշիի քաղաքային բնակչությունը, համաձայն էր Արցախը  թողնել խորհրդայնացվող Ադրբեջանի կազմում՝ դա համարելով նոր ջարդերից խուսափելու միակ միջոց: Ավելի մեծ հատվածը՝ գյուղական բնակչությունը, լսել անգամ չէր ուզում:

Ռուս բոլշևիկները և ազերի թուրքերն ու Օսմանյան բանակի մնացորդները կռվում էին արցախահայության դեմ, և 1920թ մայիսի 24-ին Արցախում ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի և գնդապետ Դմիտրի Միրիմանյանի խորհրդակցությունը Ավետարանոց, այն ժամանակ՝ Չանախչի գյուղում, որոշում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշևիկներին Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ։

Քառյակի որոշումը՝ իշխանությունը հանձնել Արցախի բոլշևիկներին, այսօր դյուրին է քննադատել, սակայն իրականությունն այն է, որ ուժերն անհավասար էին: Արցախի գյուղացիությունը չէր կարող հետ մղել ներխուժող ռուս-թաթար-թուրքական ուժերին: Դրոն գլխիկոր հեռացավ Արցախից:

Գարեգին Նժդեհը, ով Կապանի կողմերից իր զինվորներով օգնության էր հասել Հադրութի ժողովրդին, նույնպես նահանջեց՝ 1920-ի գարնանային իր նահանջը բացատրելով նրանով, որ իր զինվորները վարուցանք՝ գյուղատնտեսական աշխատանքներ պետք կատարեն: Ահա այս դրվագն է, որ խնամքով թաքցվում է Գարեգին Նժդեհի հակասություններով լի կյանքից:

Հատկանշական է, որ Դրոն Արցախի համար արել է ավելին, քան Անդրանիկն ու Նժդեհը միասին, սակայն հայ պատմաբանները ավելի հաճախ խոսում և գրում են Դրոյի՝ Արցախից նահանջելու մասին:

Նույնքան հատկանշական է և այն, որ և՛ 1918-ի, և՛ 1920-ի հայ-թուրքական պատերազմների ընթացքում, ի տարբերություն Նժդեհի ու Անդրանիկի, Դրոն էր, որ անմնացորդ նվիրվեց Հայաստանի Հանրապետությանը՝ կերտելով Բաշ-Ապարանի հերոսամարտը 1918-ին և Կուռո Թարխանյանի հետ մինչև վերջ կռիվ տվեց քեմալականների դեմ 1920-ի աշնանը Իգդիրի ճակատում:

Թաթուլ Հակոբյան