44-օրյա պատերազմի 7-րդ օրը՝ 2020թ հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել էր հյուսիսային առաջնագիծ և ֆեյսբուքում գրել նպատակը՝ «իմ բաժին մարտը մղելու»:
Տեղում՝ Արցախում աշխատող լրագրողներիս համար ակնհայտ էր, որ Հայկական բանակի գործերը լավ չեն՝ հակառակ պաշտոնական լրատվության: «Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ», – գրել էր Արցախի նախագահը և կից լուսանկար հրապարակել:
Հոկտեմբերի 2-ից 3-ը տեղի էր ունեցել Մատաղիսի անկումը, որի մասին պաշտոնապես չէր հաղորդվել, ինչպես ավելի վաղ չէր հաղորդվել Թալիշի և Արեգասար բարձունքի կորստի մասին:
Կամավորական Ավետիս Ավետիսյանը, որ այդ օրերին կռվում էր Մատաղիսի ուղղությամբ, պատմում է. «Հոկտեմբերի 2-ի գիշերը վերջին խումբը նահանջել էր Մատաղիսից: Դրանից հետո Մատաղիսում զորք չի եղել, մերոնցից մի քանի հոգի մոլորված մնացել են: Ամսի 3-ի առավոտյան ժամը 7-ին Արայիկ Հարությունյանը եկել է Վահե -2 կամուրջ, մենք այնտեղ էինք, դա բավականին զորքին օգնել է»:
Ավետիսյանն ասում է, որ Արայիկ Հարությունյանի գալը շատ կարևոր էր, զորքը ոգևորվեց, քաջալերվեց և Եղնիկները հենց դրա հաշվին հնարավոր եղավ պահել:
«Բարոյական շատ ծանր վիճակ էր զորքի մոտ, երբ որ դու տեսնում ես 1200 հոգի ոնց է նահանջում, մեկի ոտքը չկա, մեկի ձեռքը, մեկը լացում է: Գալիս է նախագահը, քեզ ոգևորում է, ուզում ես մնաս: Հարությունյանի գալը, այո, իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց զորքի մոտ»:
Աղետալի պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 11-ին, Արցախի նախագահը հայտարարեց, որ իրավիճակի անհուսալիության մասին ահազանգել է դեռ հոկտեմբերի 3-ին, «երբ հակառակորդը գրավելով Մատաղիսը և Թալիշը, վտանգված էր մեր հյուսիսային ամբողջ հատվածը, երբ Եղնիկներ տեղամասից մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի գոնե Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահեինք։ Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար էր, ոչ թե ՊԲ-ի, ոչ թե ԶՈՒ-ի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների»։
Նույն ելույթում Արայիկ Հարությունյանը ասաց, որ Հայաստանից եկած ԱԱԾ ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները հրաժարվել են գնալ Եղնիկներ. «Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ ձեր առաջ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ՝ առաջնագիծ գնալու ժամանակ։ Շատ քիչ զորք միացավ ինձ, և մենք կարողացանք կատարել խնդիրը և դրա շնորհիվ Եղնիկներն ամբողջովին մեր վերահսկողության տակ են գտնվում»։
Մեր տեղեկություններով, այդ օրը Մատաղիսի հատվածում է եղել նաև ԱԱԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանը:
Կամավորական Ավետիսյանն ասում է, որ ԱԱԾ այդ ստորաբաժանումը ուղղակի հրաժարվել է կատարել Արեգասարի ազատագրման գործողությունը, ասել են՝ ուզում եք դատեք, ինչ ուզում եք արեք, չենք գնում ու վերջ, ինչ ուզում եք արեք, չենք գնում:
Ավետիս Ավետիսյանի հետ Թաթուլ Հակոբյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ Ալիք Մեդիայի կայքում, Յութուբի, Ֆեյսբուքի էջերում, ինչպես նաև կարդալ՝ այստեղ և դիտել այստեղ:













