Դովեղի Սուրբ Սարգիս վանքը. 9-19-րդ դարեր

3759

Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի ամենանշանավոր հուշարձաններից է Դովեղի Սուրբ Սարգիս վանքը: 19-րդ դարի վերջերի գրավոր աղբյուրներում հանդիպում ենք նաև Դովեղա, Դվեղա, Դվեղու Սբ. Սարգիս եկեղեցի անունով: Տեղացիներն այն անվանում են Խաչ:

1884 թ. հունիս-օգոստոս ամիս­նե­րին քաղված տեղեկություններում նշվում է, որ «Դուեղի սահմանումն է Սուրբ Սարգիս ուխ­տա­տեղն, որ գիւղի անունով սովորաբար կոչվում է Դուեղի Սբ. Սար­­գիս և ուր Զատկին և Նոր Կիւրակէին յաճախում են բազ­մաթիւ ուխ­տաւորներ նաև Տփխիսից և Վրաստանից: Ուխ­տատեղը եր­­կու մատուռից է բաղկացած, մինը՝ հին շէնք՝ և միւսը՝ նոր և սրբատաշ քարով, որի հիմնարկութիւնը սկ­սուել է 1845 թուին և աւարտել է 1849-ին. «Տրովք բա­րե­պաշտ ժո­ղովր­դոց», ինչպէս ցոյց է տալիս դրան ճակատի ար­­ձա­նագ­րու­թիւ­նը…»:

Աշխարհագրագետ, բանասեր Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան» արժեքավոր հատորում կարդում ենք. «Եկեղեցւոյ դրան ճակատը կայ շինութեան յիշա­տա­կա­րանը, որ կը ցու­ցէ, թէ հիմնարկուած է 1845ին և աւար­տած 1849ին, տրիւք բարեպաշտից և վերա­կացու­թեամբ Տփխիսցի Եսայեան Նուրենց», իսկ «…հարաւային կամարի վրայ կայ ուրիշ` յատակի շինութեան յիշատակարան մը»:

Սուրբ Սարգիս վանական համալիրը բաղկացած է միմյանց կից մի քանի պաշտամունքային կառույցներից, պարսպապատից և օժանդակ շինություններից:

Պաշտամունքային շինություններից ամենավաղը հյուսիսային միանավ բազիլիկ եկեղեցին է՝ հավանաբար 17-րդ դար: Վերջինիս խորանում որպես վեմ-քարի պատվանդան վերաօգտագործվել է 9-10-րդ դարերի քառակող կոթող, բեմի ճակատին և արևելյան ճակատի քիվագոտում՝ 12-13 դդ. ճարտարապետական բեկորներ, իսկ արևելյան ճակատում՝ լուսամուտից վեր, ագուցված է Սուրբ Սարգիս զորավարի պատկերաքանդակը:

Ավելի ուշ, հյուսիսային եկեղեցուն հարավից կցվել է ավելի մեծ միանավ բազիլիկ մի այլ եկեղեցի: Վերջինցս այժմ պահպանվում է արևելյան ավագ խորանը և հյուսիսային ավանդատունը՝ սուրբ սեղաններով («Նո­ր-Դար»-ի թղթակիցը Սբ. Հարության մատուռ նշելով հավանաբար նկատի է ունեցել այս ավանդատունը): Ավանդատան արևմտյան որմի հյուսիսային հատվածը կից է միանավ փոքր եկեղեցու արևելյան ճակատի հարավային հատվածին:

Ըստ Էփրիկյանի՝ «Վանքիս հիւսիսային կողմը Ս. Կիւրակէ անուամբ մատուռ մը կայ, որուն հիւսիսային խոր ձորի մէջ ժայռէն կը բղխէ Օրհնած աղբիւր անուամբ պատուական ջուր մը»: 1897 թ. նշվել է, որ անտառից մի աղբյուր է բխում, որը բացի առողջարար լինելուց ունի նաև բժշկական հատկություն աչքացավի, և «քոր» կոչված հիվանդության համար:

Եկեղեցու ավագ խորանի վրա ավելի ուշ կառուցվել է զանգակատունը, որի  զանգը խորհրդային տարիներին հանվել և տեղադրվել է Նոյեմբերյան քաղաքի Երկրորդ Աշխարհամարտում զոհվածների հուշարձանի վրա:

Մեծ եկեղեցու սրահը չի պահպանվել, նրա տեղում կառուցվել է նորը՝ 1846-1849 թթ., թիֆլիսեցի բարերար Եսայի Մկրտչյան Նուրյանցի օժանդակությամբ: Նրա տապանաքարը գտնվում է մեծ եկեղեցու հարավային ճակատի արևելյան հատվածին կից՝ հետևյալ արձանագրությամբ.

<Ի ներքոյ շիրիմիս ամփոփի մարմին Թիֆլիզու քաղաքացի Եսայիայ Մկրտչեան Նուրեանց, կառուցանողի Սբ. Սարգիս ուխտատեղւոյս: Ծնեալ 1804, վախճանե(ա)լ 1885>:

Եկեղեցիների որմերին զետեղված են 12-13-րդ դարերի խաչքարեր, իսկ նորակառույց սրահի արևմտյան որմին՝ 1652 թվականի երկու խաչքար:

1884 թ. հունիս-օգոստոս ամիս­նե­րին քաղված տեղեկություններում նշվում է, որ Բա­­րան գյուղից ոչ շատ հեռու գտնվում է Դուեղ հա­յա­բնակ գյուղը, սակայն կա նաև Դուեղ թուրքաբնակ գյուղ:

Ըստ Էփրիկյանի հայկական Դովեղը հիմնված է «…Դովեղայ Ս. Սարգիս վանքէն վար» «…անտառապատ և խոր ձորի մը աջ լանջի հարթակի վրայ, որուն հիւ­սի­սա­յին կողմը վիմահերձ ապառաժ»:

Բարան կամ Բարանա գյուղը այսօրվա Նոյեմբերյան քաղաքի հին անունն է:

1884 թվականին Դովեղ գյուղն ունեցել 20, իսկ 19-րդ դարի վերջին՝ 30 տուն բնակչություն: Այստեղ են գաղթել «Բերդագիւղ»ից:

Բերդագյուղը այսօրվա Բերդավանն է, որը գտնվում է Դովեղից երեք կիլոմետր հյուսիս:

«Նոր-Դար»-ի թղթակցի՝ 1897 թվականի գրության մեջ նշվում է, որ Դովեղի Սուրբ Սարգիս «ուխտատեղին ներկայացնում է գեղեցիկ սրբատաշ քարերից շինած մի եկեղեցի, երկու խորաններով, որի արևելեան կողմը գտնւում է Սբ. Յարութեան մատուռը: Եկեղեցին շինուած է «Թնդոց» կոչուած քարաժայռի գլխին, որը մոտ երկու հարիւր սաժէն բարձրութիւն ունի, իսկ միւս կողմից շրջապատուած է խիտ մայր անտառով…»:

Ըստ Էփրիկյանի նկարագրության վանքը «…շինուած է ամբող­ջա­պէս սրբատաշ քարերով. ունի երկու փոքրիկ և մի աւագ խորան. առանձին խորան մ’ալ հիւսի­սա­յին որմի մէջ, դուռ մը հարաւային կողմէն, քանի մը լու­սամուտ և զանգակատուն մը: Հին են աւագ և հիւսի­սային երկու խորանները, իսկ մնացաեալ բո­լոր մասերը նորոգուած են»:  Սբ. Սարգիսը հիշվում է նորաշեն` փայտյա ծածկով»:

Թիֆլիսի «Նոր Դար» հանդեսը 1897 թվականի համարներից մեկում ընդարձակ անդրադարձ է կատարել Սուրբ Սարգսի ուխտի տոնին. «…տօնի ժամանակ ահագին բազմութիւն է հաւաքւում Ղազախի, Լօռու գաւառներից, Թիֆլիսից և Սղնախից: Տօնը շարունակւում է ամբողջ մի շաբաթ…: Սակայն ափսոս, որ այսպիսի մի նշանաւոր ուխտատեղին սենեակներ և գիշերելու տեղ չունի հեռաւոր տեղից եկած ուխտաւորների համար, որ անյարմար է մանաւանդ անձրևային եղանակներին: Աչքի առաջ ունենալով այս պակասութիւնը… բարեկրօն Յովհաննէս քահ. Տէր Խաչատրեանցը անցելա տարի (1896) տօնի օրը մի քարոզ խօսեց այդ մասին: Սխնախեցի երկրորդ կարգի վաճառական եղբարք Օթարեանները, որ ուխտի էին եկած սուրբ Սարգիս, մեծաուրախութեամբ ցանկութիւն յայտնեցին մի երկյարկանի շինութիւն շինել: Շինութիւնը արդեն աւարտուած է. նա պարունակում է վեց գեղեցիկ սենեակներ իրեն խոհանոցով, տանիքը մետաղեայ և թիթեղով է ծածկուած: Շինության հիմքը ձգուած է «Թնդոց» քարա­ժայռի գլխին, գեղեցիկ բանաստեղծական ձևով շինուած եկեղեցու հանդէպ, իսկ արևմտեան կողմից գտնւում է մի փոքրիկ պարտէզ: Այս վեց սենեակները շատ քիչ են այն ահագին բազմութեան համար, որ հաւաքւում է տօնի ժամանակ. ուխտատեղիի արդիւնքը յատկացրած է Ներսիսեան հոգևոր դպրօցին»:

Այսպիսով, թղթակցությունից հայտնի է դառնում, որ Սուրբ Սարգիս վանքի հյուրատան եկամուտը ուղարկվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կարիքների համար:

20-րդ դարի սկզբին, ըստ Էփրիկյանի, վանքի մոտ առկա է «…ուխտաւորաց մի քանի սենեակներ»:

Պարսպապատից այժմ պահպանվել են հատվածներ՝ հյուսիսային և հարավային կողմերում՝ պաշտամունքային կառույցներից մի քանի մետր հեռու: Հյուսիսային պարսպապատին կից է կիսավեր փոքր շինություն՝ արևելք-արևմուտք ուղղությամբ, որտեղ ուխտավորները այժմ էլ մոմեր են վառում (հավանական է, որ այն Էփրիկյանի նշած Սբ. Կյուրակե մատուռն է): Մամուլում հիշատակված 1897 թ. կառուցված երկհարկանի շենքի ավերակները գտնվում են համալիրի հարավարևելյան հատվածում: Հարավային կողմում պարսպապատից դուրս առկա է ևս մի այլ կիսավեր կառույց:

Վերոնշյալները հիմք ընդունելով հնավայրը կարող ենք թվագրել 9-19 դդ.-ով:

Խորհրդային տարիներին Դովեղի Սուրբ Սարգիս վանքը չի փակվել, չի օգտագործվել այլ նպատակներով և ամեն աշնան դարձել է հարյուրավոր ուխտավորների այցելության կարևոր վայր, առաջին հերթին Թբիլիսիից, Վրաստանի հայաշատ բնակավայրերից և Լոռիից:

Րաֆֆի Քորթոշյան

ճարտարագետ, պատմական հուշարձանների հետազոտող, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի հիմնադիր

Լուսանկարը՝ Րաֆֆի Քորթոշյանի

Աղբյուրներ

  1. Քաջիկեան, Ճանապարհորդական յիշատակարան, «Ար­­­ձա­­­գանք», 1888, N 12, 3 ապրիլի, էջ 159:
  2. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903-905, էջ 609-610:
  3. Տ. Խ. Տ., թղթակցություն, «Նո­ր-Դար», Թիֆլիս, 1897, N 142, 22 օգոստոսի, էջ 3: