Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել նախագահի ու իր ելույթի ամբողջական ձայնագրությունը

686

Օնիկ Գասպարյանն Անվտանգության խորհրդի գրասենյակից պահանջում է հրապարակել խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի ավարտին տեղի ունեցած նախագահ Արմեն Սարգսյանի ելույթն ու դրան հաջորդած իր ելույթի ամբողջական ձայնագրությունը։

«Ազատության» հետ զրույցում այսօր նախկին պաշտոնյան վերահաստատեց՝ ինքը պատերազմի 4-րդ օրն առաջարկել է դադարեցնել պատերազմը, կրկին ասաց, թե ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանության համար ցանկալի տարբերակով։

Անվտանգության խորհուրդն այսօր հրապարակել է խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի ձայնագրության այն հատվածը, որի տեքստային տարբերակն արդեն իսկ հրապարակվել էր։ Ինչպես ապրիլի 15-ին հրապարակված տեքստում, այնպես էլ այդ ձայնագրությունում Գասպարյանը չի խոսում պատերազմի դադարեցման մասին, այլ վստահեցնում է վարչապետին, որ ադրբեջանական կողմը որևէ առաջընթաց չի ունեցել, բանակն իր առջև դրված խնդիրը կկատարի մինչև վերջ։ Նախկին պաշտոնյան նաև Ջաբրայիլի ուղղությամբ հայկական կողմի հաջողություններից է խոսում։ Հրապարակված ձայնագրության տևողությունը 25 վայրկյան է։

«Պարո՛ն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք։ Իրավիճակը էս ա, շարունակում ենք խնդիրը կատարել և շարունակելու ենք կատարել», – ձայնագրությունում զեկուցում է Օնիկ Գասպարյանը։

Անվտանգության խորհրդի գրասենյակից այսօր «Ազատությանը» հայտնեցին, թե ձայնագրությունը հրապարակվել է ի հավելումն ապրիլի 15-ի գաղտնազերծված արձանագրության հրապարակման անտեղի շահարկումներից զերծ մնալու համար: Անվտանգության խորհրդի գրասենյակից պնդում են` սեպտեմբերի 30-ի նիստում Օնիկ Գասպարյանի կողմից պատերազմը դադարեցնելու որևէ առաջարկ չի եղել, անգամ միտք, որ կարող էր երկիմաստության տեղիք տալ:

Ճիշտ նույնի մասին խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ապրիլի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել, թե Օնիկ Գասպարյանը որևէ առաջարկ չի արել պատերազմի 4-րդ օրն այն դադարեցնելու վերաբերյալ։ Ավելի վաղ էլ դրա մասին նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հայտարարել:

Իշխանության հետ Օնիկ Գասպարյանի հրապարակային հակասություններն առաջացան այն բանից հետո, երբ այն ժամանակ Գլխավոր շտաբի պետ Գասպարյանն ու շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջեցին վարչապետի հրաժարականը: Դրանից հետո էլ վարչապետ Փաշինյանը նրան ազատելու հրամանագիրը ստորագրեց, որն Օնիկ Գասպարյանը վիճարկում է դատարանում: Գասպարյանը որպես Գլխավոր շտաբի պետ պաշտոնավարել է շուրջ 9 ամիս:

Արտակ Խուլյան

azatutyun