Թուրքերի ձեռքերն ազատ են, բայց պատերազմը միշտ հնարավոր է կանգնեցնել. Իվաշով

1697

Գեներալ-գնդապետ Իվաշով. «Թուրքերի հարցում մենք լրջորեն ձախողվել ենք»

Ռուսաստանցի մի շարք վերլուծաբաններ նշում են, որ Անկարան Մոսկվայի համեմատությամբ Ղարաբաղի հարցում այսօրվա դրությամբ իրականացնում է շատ ավելի նախաձեռնողական և ակտիվ քաղաքականություն, դա ապացուցում է թուրքերի անմիջական ռազմական օժանդակությունն Ադրբեջանին:

«Թուրքերի հարցում մենք լրջորեն ձախողվել ենք, մենք անընդհատ զիջում ենք նրանց, մենք ներեցինք Սիրիայում Սու-24 օդանավի խոցումը, ներեցինք Անկարայում մեր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, ըստ էության, ռազմաքաղաքական ստրատեգիայի, ես կասեի՝ աշխարհաքաղաքականության փոխարեն գործադրեցինք շուկայական մարտավարություն ինչ-որ ֆինանսական եկամուտի ակնկալիքով»,- դառնացած ասել է ռազմական հարցերով փորձագետ, պահեստի գեներալ-գնդապետ, ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության նախկին պետ, հասարակական և քաղաքական գործիչ Լեոնիդ Իվաշովը:

77-ամյա վետերանը հաճախ է մասնակցում ռազմաքաղաքական հարցերով գիտաժողովներին և վերլուծական նյութեր է հրապարակում ռուսական մամուլում:

Պատասխանելով «Ազատ Մամուլ» (Свободная Пресса) հանրային-քաղաքական առցանց հանդեսի հարցերին, նա ասել է, որ Մոսկվան նախաձեռնությունը նաև Սիրիայում է զիջել թուրքերին, քանի որ նախապես պնդել է, թե այնտեղից պետք է դուրս բերվեն բոլոր զինված ջոկատները, հետո էլ համաձայնել է թուրքերի հետ համատեղ պարեկություն անել, իսկ ավելի ուշ մերվել է Իդլիբում թուրքամետ գրոհայինների ներկայության հետ:

«Մենք կուլ տվեցինք խայծը, որն առաջարկեց Էրդողանը, դա Ակկույու ատոմակայանն է և «Թուրքական հոսք» գազատարը»,- ասել է գեներալ-գնդապետը:

«Թուրքերի ձեռքերն ազատ են»

«Բայց արդյոք հնարավոր է կանգնեցնել ղարաբաղյան պատերազմը, արդյոք կողմերը չեն հատել սահմանը, որից անդին վերադարձ չկա»:

«Պատերազմը միշտ հնարավոր է կանգնեցնել»,- արձագանքել է Իվաշովը: Նրա կարծիքով, պետք են համատեղ ջանքեր հենց նույն Մինսկի խմբի ներգրավմամբ: Եթե Միացյալ Նահանգները լուրջ ճնշում բանեցնի Թուրքիայի վրա, Ադրբեջանը կկատարի հրադադարի պահանջները, Ռուսաստանն էլ այդ դեպքում պետք է առավել ճնշում բանեցնի Երևանի վրա:

Իվաշովի կարծիքով, պետք է հստակ պայմաններ ներկայացնել, ասել՝ «եթե չեք դադարեցնում կրակը, մենք դիմում ենք այս կամ այն քայլի»:

«Իսկ ինչո՞ւ հիմա դա չի արվում», պատասխանելով այդ հարցին՝ Իվաշովն ասել է, որ հիմա թուրքերի ձեռքերն ազատ են, չկա հստակ ճնշում Ամերիկայի կողմից:

Բացի այդ, ղարաբաղյան կոնֆլիկտի շնորհիվ Թուրքիան ցանկանում է ճեղքելով հասնել Կենտրոնական Ասիա:

Աղբյուրը՝ Ազատություն ռադիոկայան