Չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն այսօր հանդիպելով Իրանի դեսպանության ռազմական կցորդ Բահման Սադեղինի հետ, հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը:
Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, Արցախի ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:












