Աղսուի շրջանի հայաբնակ գյուղերը. Ադրբեջանի հայկական ժառանգության հետքերով

998

Ադրբեջանի Աղսուի շրջանը (Ağsu rayonu) հանրապետության վարչական 66 շրջաններից մեկն է: 1,020 քառակուսի կիլոմետր տարածքով այս շրջանը հիմնադրվել է 1943 թվականին և սահմանակից է Իսմայիլի, Շամախի, Քյուրդամիրի և Հաջիգաբուլի շրջաններին: Բնակչության թիվը ավելի քան 80 հազար է, վարչական կենտրոնը Աղսու քաղաքն է ավելի քան 20 հազար բնակչությամբ:

Այսօր Աղսուի բնակչության 99 տոկոսը ադրբեջանցիների են, մնացյալ մեկ տոկոսը՝ հիմնականում լեզգիներ:

1970-ական թվականներին Աղսուի շրջանում բնակչությունը 46 հազար էր, որից մոտ 1.000-ը հայեր էին:

Ըստ 1986 թվականի տվյալների՝ Աղսուի շրջանն ունեցել է 853 հայ բնակչություն, որոնք բնակվում էին յոթ գյուղերում, որից հինգը՝ հայաբնակ:

Այդ գյուղերն էին՝

Գյուրդա,

Գյուրջևան,

Հնղար,

Նորշեն,

Քյովլուջ:

Եվս 11 հայ ապրում էր Ենիլիք, իսկ 5 հայ՝ Գյուրսուլուն գյուղերում:

Այս տվյալները հուշարձանագետ Սամվել Կարապետյանին է տրամադրել Գյուրջևանի գյուղխորհրդի նախագահ Անուշավան Բուդաղյանը (տես՝ Սամվել Կարապետյան, Բուն Աղվանք, մաս առաջին, էջ 36, Երևան, 2024):

Աղսուի շրջանի բոլոր հայերը բռնագաղթի են ենթարկվել 1988 թվականին:

Աղսուի շրջանում կան նաև դավանափոխ հայերի գյուղեր, ինչպես Գյանդխանը և Քյալվան:

Աղսուի շրջանում, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության շրջանում եղել է Շամախի շրջանի մաս, հայերը բռնությունների և կոտորածների են ենթարկվել:

Այսպես, 1918 թվականին, երբ թուրքական զորքի ուղեկցությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարժվում էին դեպի Բաքու, որտեղ իշխանությունը Ստեփան Շահումյանի և նրան աջակցող ՀՅԴ-ի վերահսկողության տակ էր, հայ բնակչությունը Գյանջայից մինչև մինչև Բաքու (բայց ոչ Գյանջայում, քանի որ շուրջ 12 հազար հայությունը հպատակություն հայտնեց և խուսափեց կոտորածից) ենթարկվեց բռնությունների, էթնիկ զտման ու ջարդերի:

Հայությունը բռնությունների էր ենթարկվում նաև հետագա տարիներին: Ահա մի տեղեկատվություն, որ վերցրել ենք Ժողովուրդ թերթից (թիվ 69, հինգշաբթի, 29 ապրիլի, 1920թ, http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/69.pdf)

Բաքվի Հայոց Ազգային Խորհուրդը [1920թ] ապրիլի 19-ին դիմել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարին հետևյալ առաջադրութեամբ:

Մեր ստացած տեղեկությունների համաձայն, ապրիլի 11-ի լույս գիշերով հարձակում է կատարվել Շամախի գավառի Ինզար, Գյուրջևան, Կոզլուջ գյուղերի վրա (պետք է լինի Ինղար (Հնղար, Շամախիի գյուղերից մեկն էր, որտեղ խոսում էին Շամախիի բարբառով), Կոզլուջի փոխարեն՝ Կովլուջ (Քյովլուջ, Քովլուջ)): Այդ գյուղացիներին բարեկամ մի քանի մահմեդականներ պատրաստվող հարձակման մասին նախօրոք տեղեկացնում են, որի շնորհիվ այդ գյուղերի ազգաբնակչության մի մասը փախել ու ապաստանել է Փիրասանելու մահմեդական գյուղում և Էյքենդ գյուղում (Շամախու գաւառ)՝ Մաշադի Բեկի մոտ: Ինզարում, Կոզլուջում մնացողները կոտորվել են մի ավազակախմբի կողմից, գլխավորությամբ, ինչպես ասվում է, ոմն Ֆայթալիի, Շամախի գավառի Տիրիջան գյուղից:

Այդ դեպքերից հետո, որոնք տեղի են ունեցել լույս ապրիլ 11-ի գիշերը, Փիրասանելու գյուղն է հասել Քյուրդամիրի պրիստավը և պահանջել թաքնված հայերին, որպեսզի նրանց Շամախի ուղարկի։ Նա կազմել է նրանց ցուցակը:

Բաքվիի Հայոց Ազգային Խորհուրդը խնդրում է Ձերդ գերազանցությանը՝ շտապ կարգադրություն անել, որ միջոցներ ձեռք առնվեն Ինզար, Կոզլուջ և Գյուրջևան գյուղերի ազատված բնակիչների անվտանգությունը պաշտպանելու և նրանց մնացած ինչքը պահպանելու համար: Խորհուրդը միաժամանակ խնդրում է, այլ գավառների օրինակով, այստեղ էլ քննությունները կատարել այդ դեպքերի շուրջը և պատժել հանցավորներին:

Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն, 30-ը նոյեմբերի, 2025թ

—-

ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ 

2050822110581001 – Հայկական դրամ

2050822110581020 – Դոլարային հաշիվ

2050822110581040 – Հաշիվ եվրոյով

2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով