Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է «Զօրավար Անդրանիկ եւ իր պատերազմները» 650 էջանոց հատորը, որը կազմել և խմբագրել է Յովսէփ Նալպանտեանը:
Հատորը տպագրվել է «Էդիտ Պրինտ»-ում, 2019թ: Գիրքը արևմտահայերենով է և մեսրոպյան ուղղագրությամբ:
1920թ. Պոլսում լույս տեսած «Զօրավար Անդրանիկ եւ իր պատերազմները» գրքի հեղինակները երկու հոգի էին՝ ազգային հերոսին նվիրված մտերիմ մարդիկ՝ Լեւոն Թիւթիւնճեանը և Վահան Թոթովենցը, որոնք հանդես են եկել մեկ ընդհանուր հնարովի գրական անունով՝ Արսէն Մարմարեան:
Գրականագետ-մատենագետ, գրող և թարգմանիչ Յովսէփ Նալպանտեանը հատորի սկզբում տվել է կարճ բացատրական, իսկ առաջաբանը գրել է Աւետիս Ռազմիկը:
«Անկրկնելի մեծ հերոս Անդրանիկի նուիուած այս հատորը իմ պարտքս էր: Զօրավարի մասին կայ շատ նիւթ, որ հաւանաբար 3 հատոր լեցնէ…»,- գրում է Յովսէփ Նալպանտեանը:
Հատորը բաղկացած է հետևյալ բաժիններից.
Զօրավար Անդրանիկ և իր պատերազմները,
Պալքանեան պատերազմ,
Համաշխարհային պատերազմը,
Անդրանիկ հայկական վերջին ճգնաժամին մէջ,
Յաւելուած – Արձակ,
Բանաստեղծութիւն:
Արսէն Մարմարեանի նախամուտի խոսքում կարդում ենք. «Մեր նպատակն է տալ ստոյգ պատմութիւնը եւ ոչ հեքիաթայինը: Արժէ հետեւիլ այս մեծ մարդու կեանքի բոլոր ելեւէջներուն, ստորին սանդխամատերէն մինչեւ բարձրագոյնը»:












