Ամենաշատը, որ տպավորվել է, հավանաբար, Նյու Յորքի Մանհեթենն է. զրույց Haym.am-ի հետ

1914

Haym.am -ի զրուցակիցը «Սիվիլնեթ» կայքի լրագրող Թաթուլ Հակոբյանն է։ Զբաղվում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրությամբ և լուսաբանմամբ։ Հեղինակել է «Ղարաբաղյան օրագիր. կանաչ և սև, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» և «Հայերն ու թուրքերը. պատերազմ, սառը պատերազմ, դիվանագիտություն» գրքերը։

– Ամենաակտուալ հարցն այս օրերին․ ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր օրը և աշխատանքը՝ ինքնամեկուսացման պայմաններում։

 Ճիշտն ասած, ինքնամեկուսացման պայմաններում ես ավելի շատ եմ աշխատում, որովհետև գործի գնալ գալու վրա ժամանակ չեմ ծախսում և տանն եմ լինում, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ աշխատել։ Ինքնամեկուսացումն, ինձ համար, ստեղծագործական իմաստով, գուցե, ավելի լավ է, բայց, ընդհանուր առմամբ, այս վիճակն, իհարկե, շատ ճնշող է, ոչ միայն նրա համար, որ սահմանափակումներ կան, այլ, որ չգիտես՝ ինչքան է շարունակվելու այս ամենը։

– Դուք բավական ակտիվ եք սոցիալական հարթակներում։ Ի՞նչ նշանակություն ունի  ֆեյսբուքը Ձեզ համար։ Ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական կողմեր է իր մեջ պարունակում վիրտուալ իրականությունը։

 Ինձ համար ֆեյսբուքը նման է դանակի, որով և՛ կարելի է հաց կտրել ու կիսել ընկերոջ հետ, և՛ կարելի է այդ նույն դանակով մարդ սպանել։ Այսինքն՝ ֆեսբուքը պետք է ճիշտ օգտագործել և կախվածության մեջ չընկնել նրանից։

Ինձ համար շատ կարևոր գործիք է, քանի որ  իմ մտքերը, գաղափարները, հատակպես նրանք, որոնք շատ վիճելի են ու շատ քննարկման թեմա են դառնում, ֆեյսբուքով եմ կարողանում տարածել։ Օգտագործում եմ նաև իմ մյուս արտադրանքները ներկայացնելու համար։ Օրինակ՝ ապագա գնորդներին վաճառելու կամ ծանոթացնելու իմ հեղինակած գրքերին։ Ինչպես նաև՝ վաճառքի հանելու իմ քաշած օղիները։

Շատ եմ կարևորւոմ ֆեյսբուքում կոռեկտություն պահպանելը։ Ոչ մի անգամ որևէ մեկին չեմ վիրավորում, վատ բառապաշար չեմ օգտագործում։

Չնայած երբեմն շատ ես մնում ֆեյսբուքում, որովհետև ինքը քեզ տանում է, համենայնդեպս, ինձ համար այն շատ ավելի դրական կողմեր ունի, քան բացասական։

– Ի՞նչ կարծիք ունեք մեր հասարակությունում մեդիագրագիրտության  բավական ցածր մակարդակի մասին, ինչը տեսանելի է, հատկապես,  ֆեյսբուքյան հարթակում։

 Ես չեմ կարծում, որ ֆեյսբուքն է մեղավոր, որ էնտեղ հայհոյանքներ են հնչեցնում։ Ֆեյսբուքը ուղղակի արտացոլում է հայ ժողովրդի կրթության, գրագիտության, միմյանց հետ շփվելու, ինտելեկտի մակարդակը։

Մեզ մոտ ընդունված է ասել, որ հանճարեղ ազգ ենք, տաղանդավոր ենք, ամենալավն են։ Այդպես կարծողներին ես միշտ ասում եմ՝ մտեք ֆեյսբուք, սոցիալական ցանցեր և պատկերացում կազմեք, թե ինչպիսին է միջին վիճակագրական հայը։

Մենք ունենք, իհարկե, տաղանդավոր և հանճարեղ հայեր, բայց ժողովրդին պետք է չափել որպես հավաքականություն։ Այդ իմաստով, եթե ուզում ենք ճիշտ պատկեր ստանալ,  ֆեյսբուքը շատ լավ հարթակ է մեզ համար։

– Ո՞րն է եղել ամենալուսավոր իրադարձությունը, որը լուսաբանել եք։

Շատ լուսավոր իրադարձություններ են եղել։ Վերջինը, որ լուսաբանել եմ, իհարկե, Թավշյա հեղափոխությունն էր,  որի նպատակն էր Սերժ Սարգսյանին և իր թիմին իշխանությունից հեռացնելը։ Ես բոլոր իրադարձությունները լուսաբանելիս, առաջին հերթին, փորձում եմ լինել լրագրող, պահել չեզոքություն, որը լրագրության ամենակարևոր սկզբունքն է։ Սակայն, հեղափոխության օրերին, ըստ էության, մենք ինքներս, որպես անհատներ, ուղղակի կամ անուղղակի կերպով ներքաշվել էինք Սերժին մերժելու, քայլ անելու գործընթացի մեջ։ Այդ ձգողականությունը, որ կար այդ օրերին փողոցում, աննկարագրելի  էր։ Անկախ նրանից Հայաստանը ավելի ժողովրդավար կդառնա, թե ոչ, սոցիալական կյանքը կլավանա, թե ոչ, այդ իրադարձությունը, այն ծով բազմությունը, որ մենք տեսնում էինք այդ օրերին, ամենալուսավոր բանն  էր, որ երբևէ լուսաբանել եմ և չգիտեմ՝ իմ լրագրողական կյանքում արդյոք կհանդիպեմ նորից այդպիսի ձգողականության, այդպիսի էներգետիկայի։ Դժվարանում եմ ասել։

– Մասնագիտական առաջին քայլերն արել եք  «Անկախություն» շաբաթաթերթում, որը Հայաստանում խորհրդային բռնապետության պայմաններում ստեղծված առաջին ազատ անկախ թերթն էր։ Ի՞նչ հետք է թողել դա  Ձեր մասնագիտական կյանքում՝ որպես սկիզբ։

«Անկախությունը» 1987 թվականից էր լույս տեսնում։ Ուսանողական տարիներին էի համագործակցում թերթի հետ։ Այն փաստը, որ ես գրում էի հանրապետական մամուլում՝ ուսանող լինելով, ինքնին կարևոր էր ինձ համար։ Նաև շատ հետաքրքիր էր շփվել անկախականների հետ, որովհետև «Անկախություն» թերթը Պարույր Հայրիկյանի ստեղծած թերթն է։ Այնտեղ հավաքված էին բացարձակ անկախականները։ Դրանք այն ժամանակներն էին, երբ հայ ժողովրդի մի ստվար հատված ասում էր, որ պետք է Խորհրդային Միության փեշից բռնել, մնալ ռուսների հետ, ռուսները գնան թուրքերը մեզ կուտեն, կմորթեն։ Եվ դու աշխատում ես մի միջավայրում, որտեղ անընդհատ լսում ես, որ Հայաստանը պետք է լինի անկախ, ունենա բանակ, սահմանադրություն։ Բաներ, որոնք երբեմն գուցե ամբողջությամբ չէիր էլ հասկանում, բայց, որոնք, իհարկե, շատ կարևոր հետք թողեցին իմ լրագրողական հետագա գործունեության վրա։

– Դուք լրագրությամբ սկսել եք զբաղվել նորանկախ Հայաստանում, երբ երկիրը  սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Ի՞նչ խնդիրների հետ էր բախվում այդ տարիների լրագրությունն ու լրագրողը։

Հայաստանում, ընդհանրապես, լրագրության ամենահիմնական խնդիրներից մեկը ցածր վարձատրությունն է՝  դեռ այդ ժամանակներից սկսած։ Ես հիշում եմ, որ այդ տարիներին ընդամենը 1, 2  լրատվամիջոց կար, որոնք արժանապատիվ աշխատավարձ էին վճարում։ Դրանք էին «Ազգ» և «Երկիր» թերթերը, որոնք երկուսն էլ ֆինանսավորովում էին դրսից, իհարկե, հայկական փողեր էին դրանք։ Ես հիշում եմ՝ 90ականների սկզբներին բարի նախանձով էինք խոսում այն մասին, որ, օրինակ, «Երկիր» թերթի թղթակիցները կամ դաշնակցական մամուլում աշխատող լրագրողները ամսական 20 դոլար են ստանում։ Այն ժամանակ մեր աշխատավարձերը բավարարում էին, օրինակ, 50 անգամ ավտոբուս նստելուն։ Սկզբնական շրջանում հիմնական խնդիրն այդ էր և, իհարկե, դա միայն լրագրողին չէր վերաբերվում։ Երկրում բոլոր ոլորտներում աշխատավարձերը շատ ցածր էին։

Երկրորդն էլ այն էր, որ երկիրը նոր էր անկախացել ու շատ բաներ մեզ համար նոր էին։ Մենք փաստորեն բացվում էինք աշխարհի առաջ և աշխարհն էլ մեր առաջ էր բացվում։

– Ինչպիսի՞ն է այժմյան լրագրությունը։

Այսօրվա լրագրության հնարավորություններն ավելի մեծ են, բայց, ցավալիորեն, այն ուղղակիորեն կախված է քաղաքական ուժերից,  խմբավորումներից։ Դա, իհարկե, ամբողջ աշխարհում է այդպես, բայց Հայաստանում շատ նկատելի է։ Լրագրությունը, որի հիմնական խնդիրը կապող օղակ լինելն է՝ պետության, քաղաքական ուժերի և հասարակության միջև, իր այդ հիմնական ֆունկցիան չի կատարում։ Իհարկե, կարող ենք նշել լրատվամիջոցներ, որոնք այս կամ այն չափով հեռու են դրանից, սակայն, ընդհանուր առմամբ, մենք իշխանության, ընդդիմության կամ տարբեր խմբավորումների ձեռքին միմյանց հետ հարցեր լուծելու գործիք ենք դարձել։ Լուր տալու ֆունկցիան լրագրությունը չի կատարում այսօր և ցավալիորեն, վերածվել է քարոզչական գործիքի։

– Պատերազմական իրավիճակում լուսաբանել եք իրադարձություններ առաջնագծից, բնականաբար, ականատես լինելով տարբեր ծանր  դրվագների։ Ինչպե՞ս եք կարողացել հոգեբանորեն հաղթահարել այդ ամենը:

Պատերազմական իրավիճակներում տեղի ունեցող արտառոց իրադարձություններն ինձ համար այնքան ազդեցիկ չեն, որքան դրանց հետևած իրադարձությունները։ Օրինակ՝ ինձ համար ռումբի պայթյունը այնքան ազդեցիկ չէ, որքան, օրինակ, այն դրվագը, երբ հայ զինվորը փորձում է հաց տանել հակառակորդի գերված զինվորին։ Ինձ վրա շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում հայ բժիշկը, որը չի թողնում, որ, օրինակ, հակառակորդի գերված վիրավոր զինվորը մահանա և փորձում է նրա կյանքը փրկել։ Կամ որդեկորույս հայ և ադրբեջանցի մայրերի համագործակցությունը, միմյանց օգնելը, երբ երկուսի զավակներին պատանդ են վերցրել և երկուսն էլ չունեն որևէ տեղեկություն նրանց մասին։ Այս հետկոնֆլիկտային էֆեկտները շատ ավելի լուրջ ազդեցություն են թողել ինձ վրա, քան ինքը՝ պատերազմը, բռնությունները, ռումբի պայթյունը և այլն։

– Գիտեմ, որ շատ եք սիրում ճանապարհորդել։ Ի՞նչ է տալիս ճանապարհորդությունը մարդուն։

Տալիս է հնարավորություն, որպեսզի աշխարհին, կյանքին նայես ոչ թե քո նեղ պատուհանից՝ քո տան, քո երկրի, այլ ավելի լայն նայես։ Որովհետև, երբ դու պարփակված ես լինում, դուրս չես գալիս քո գյուղից, երկրից, սահմաններից, դու աշխարհի մասին լրիվ այլ պատկերացում ես ունենում, բայց այն փոխվում է, երբ շատ ես ճանապարհորդում։ Տեսնում ես քաղաքի թաղամասեր, որի բնակցությունը ավելին է, քան քո երկրի բնակչությունը։ Երբ գնում ես մի քաղաք, որի բյուջեն Հայաստանի տարվա բյուջեից ավելի մեծ է։ Երբ փողոցում ոչ թե համատարած հայեր ես տեսնում, այլ տեսնում ես սևամորթ, ասիացի, սպիտակամորթ և այլն։ Այս ամենը շատ կարևոր ազդեցություն է թողնում քեզ վրա, չհաշված այն բոլոր հանդիպումները, որ ունենում ես, ծանոթանում ես այդ մարդկանց հետ։

– Ամենատպավորիչ վայրը աշխարհում, որ եղել եք։

Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Փարիզ, Սինգապուր։ Ամեն քաղաք, երկիր իր յուրահատկությունն  ունի։ Հայաստանի գյուղերը, բնակավայրերը, Ստամբուլը, Թիֆլիսը։ Շատ են, դժվար է առանձնացնելը։ Տարբեր են, մեկը մեկից շատ տարբեր։ Բայց ամենաշատը, որ տպավորվել է, հավանաբար, Նյու Յորքի Մանհեթեն թաղամասն է։

– Գիտեմ որ նաև այգեգործությամբ եք զբաղվում։ Ի՞նչն է Ձեզ գրավում դրանում։ Ի՞նչ տեսակի բերք եք մշակում։

 Ես, ընդհանրապես, գյուղի մարդ եմ, գյուղացի եմ և՛ հոգեբանությամբ, և՛ մտածողությամբ։ Երևանցի չեմ և միշտ մնացել եմ հողի հետ, ինչը շատ լավ հնարավորություն է տալիս, նաև, որ կտրվեմ այս ներքաղաքական, իրադարձություններից։ Երբեմն, լավ իմաստով, որոշակի ընդմիջում է տալիս քեզ, որպեսզի այլ հայացքով նայես իրադարձություններին, ընդհանրապես՝ կյանքին։ Բայց այգեգործությունն իմ և իմ ընտանիքի համար նաև որոշակի եկամտի աղբյուր է։ Հիմնականում մշակում եմ հոն, պատրաստում եմ հոնի օղի։ Այդպես․․․Այգեգործությունն ինձ համար ունի և՛ հողի ու բնության հետ շփվելու, և՛ որոշակի ֆինանսական իմաստ․ երկուսն էլ փորձում եմ համատեղել և որոշակի օգուտներ ստանալ։

– Դուք հաջողակ լրագրող  եք և այժմ գտնվում եք Ձեր մասնագիտական վերելքում։ Կա՞ արդյոք այլ նպատակակետ, որին դեռ մտադիր եք հասնել։

Երբեմն մտածում եմ, որ արդեն լրագրությունից կամաց–կամաց հեռանալու ժամանակն է։ Քանի որ, կարծում եմ, 25-30 տարի լրագրության մեջ լինելուց հետո, արժե ավելի շատ ժամանակ հատկացնել գրքեր գրելուն և ավելի արժեքավոր աշխատություններ թողնել։ Ես չեմ ասում, որ լրագրությունը արժեք չունի։ Իհարկե ունի։ Ուղղակի հիմա եկել է մի պահ, որ ես ավելի շատ մտածում եմ դրա մասին։ Մտածում եմ ավելի քիչ օրախնդիր թեմաների անդրադառնալ և իմ օրվա մի մեծ հատված փորձում եմ նվիրել  վերջին 100 տարվա Հայաստանյան քաղաքական պատմության մասին մի քանի հատոր գրելու գործին, չնայած որ, ներքաղաքական իրադարձություններն անընդհատ փորձում են ինձ շեղել դրանից։

Բլից հարցեր

– Ո՞ր ժամանակաշրջանում կցանկանայիք ապրել և որտե՞ղ։

Ինձ ավելի շատ հետաքրքրում է ապագան։ Ավելին՝ պատրաստ եմ իմ կյանքից մի քանի տարի տալ, միայն նրա համար, որ, օրինակ, 2100 թվին գամ այս աշխարհ և տեսնեմ՝ Հայաստանն ուր է հասել։

– Մեկ խորհուրդ, որ կտայիք Ձեզ՝ 16 տարեկանում։

– Ավելի շատ կարդա, ավելի լավ սովորիր։

– Ամենասիրելի գրական ստեղծագործությունը։

Շատ են։ Մի քանի անուններ նշեմ, որոնց ստեղծագործությունները միշտ հաճույքով եմ կարդում։ Ուիլիամ Սարոյան, Համո Սահյան, Չարենց։

– Ի՞նչ թաքնված տաղանդներ ունեք։

Չունեմ։ Այն, ինչ կա, ցուցադրում եմ՝ իր ամբողջ ծավալով։

– Եթե չլինեիք հայապա կնախընտրեիք լինե՞լ․․․

Երևի վրացի։

– Ինչո՞ւ հատկապես վրացի:

Չգիտեմ (ժպտում է) , մեզ ամենամոտը երևի վրացին է։

Հեղինակ՝ Սյուզի Սիրականյան