Ադրբեջանցիների թվաքանակը Խորհրդային Հայաստանում

3874

Ինչպես Խորհրդային Ադրբեջանում էին հայերը կազմում ամենամեծ էթնիկ խումբը յոթանասուն տարիներ շարունակ, այնպես էլ Խորհրդային Հայաստանում ամենամեծ էթնիկ խումբը ադրբեջանցիներն էին:

ԽՍՀՄ առաջին՝ 1926 թվականի մարդահամարի տվյալներով, Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների (անվանվում էին մահմեդականներ) թիվը կազմել է 84 հազար կամ ամբողջ բնակչության գրեթե 10 տոկոսը: Ըստ 1926 թվականի մարդահամարի՝ Հայաստանում բնակչության թիվը 881 հազար էր:

1939 թվականի մարդահամարի տվյալներով՝ ադրբեջանցիների թիվը անցնում էր 130 հազարից կամ ամբողջ բնակչության ավելի քան 10 տոկոսը: Այդ թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով, Հայաստանի բնակչության թիվը 1 միլիոն 282 հազար էր:

ԽՍՀՄ երրորդ՝ 1959 թվականի մարդահամարի տվյալներով, Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների թիվը նվազել էր 108 հազարի այն դեպքում, երբ հանրապետության ողջ ազգաբնակչության թիվը արդեն 1 միլիոն 763 հազար էր: Ադրբեջանցիների թվաքանակի նվազման պատճառն այն էր, որ 1940-ական թթ. վերջերին Ստալինի հրամանով Խորհրդային Հայաստանից տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ տեղափոխվեցին Խորհրդային Ադրբեջան, հիմնականում Քուռ-Արաքսյան միջագետք:

1970 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների թիվ հասավ  գրեթե 150 հազարի: Ողջ Հայաստանում բնակչության թիվը կազմում էր գրեթե 2.5 միլիոն:

1979 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների թիվը անցավ 160 հազարից, իսկ ողջ հանրապետության բնակչությունը՝ 3 միլիոնից:

Վերջին անգամ ԽՍՀՄ-ում մարդահամար անց է կացվել 1989-ին, սակայն դրանց տվյալները չեն կարող լինել արժանահավատ, քանի որ արդեն 1988-ի դեկտեմբերին Հայաստանից հեռացել էր  ադրբեջանցիների մեծամասնությունը: Հավանաբար Հայաստանից հեռացել է շուրջ 180 հազար ադրբեջանցի:

Այսօր Հայաստանում մնացել են հատուկենտ ադրբեջանցիներ, ինչպես Ադրբեջանում մնացել են հատուկենտ հայեր:

Լուսանկարում՝ Երևանի ադրբեջանական պետական թատրոնի խումբը, 1939թ.