Թեղուտ (Թղութ) գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Մեղրիի լքված բնակավայրերից

1402

Մեղրիի շրջանի Թեղուտ կամ Թղութ գյուղը, որ Զավեն Կորկոտյանի ցուցակներում հանդիպում է նաև Թուկութ և Ակակութ անուններով, Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանին է փոխանցվել 1926 թվականից հետո՝ Էրնաձոր (Էյնաձոր) և Նռնաձոր բնակավայրերի հետ միասին: Դրա փոխարեն, Խորհրդային Ադրբեջանը հողատարածքներ է ստացել Խորհրդային Հայաստանից:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Թեղուտ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 31 հոգի, բոլորը՝ իսլամ, 

1873 թվական – 162 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 199 հոգի, բոլորը՝ այլ, 

1904 թվական – 294 հոգի, 

1897 թվական – 237 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1914 թվական – 513 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1922 թվական – 131 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 111 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 85-ը՝ թուրք, 26-ը՝ այլք, 

1931 թվական – 80 հոգի, որից 78-ը՝ թուրքական խումբ, 2-ը՝ հայ: 

Թեղուտ գյուղը եղել է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև 1920-ական թվականներին Մեղրիի 4 վիճելի բնակավայրերից, որոնց նկատմամբ հավակնություն է ունեցել Բաքուն:

Մեղրիի գավառի գոյության ողջ ընթացքում խնդրահարույց էր Խորհրդային Ադրբեջանի Կարյագինոյի (Ջաբրայիլ) գավառի հետ ունեցած սահմանը: Հիմնական վեճը Արաքս գետի ափամերձ տարածքում գտնվող 3 գյուղերի` Նյուվադիի, Էյնաձորի, Թեղուտի (Թղութի) (միասին ունեին 175 տուն, 664 բնակիչ) պատկանելության խնդիրն էր:

Ադրբեջանը հավակնություններ էր հանդես բերում նաև Մեղրու Կարճեւան գյուղի հողատարածքների նկատմամբ:

1929 թվականի փետրվարի 18-ին Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունը որոշեց Նյուվադի, Էյնաձոր և Թեղուտ գյուղերն իրենց հողատարածքներով փոխանցել Մեղրիի գավառին, իսկ Մեղրու գավառի Կարճեւան և Օրդուբադի գավառի Քիլիտ գյուղերի սահմանային վիճելի համարվող հողամասը գրեթե հավասարապես բաժանել երկու գյուղերի միջև:

Հաջորդ ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի Մեղրու հատվածում սահմանագծման աշխատանքներ կատարվեցին:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Լուսանկարում՝ տեսարան Մեղրու շրջանից

Դիտել նաև՝