Հայկական խոսույթում տարածված պնդում և տեսակետ կա, որ ադրբեջանցիները Հայաստանը գրավում էին հետևյալ կերպ՝ մի չոբան կամ տավարած գալիս էր աշխատելու հայկական գյուղում, սովորում էր հայերեն, ապա բերում էր իր ընտանիքին, ապա տարիներ անց իր ազգուտակին, այդպիսով՝ Հայաստանում ավելանում էր ադրբեջանցիների թվաքանակը:
Շատ լավ հիշում եմ, որ մեր գյուղի՝ Դովեղի անասնաֆերմայում ևս կային ադրբեջանցի տավարածներ: Մեկի անունը կարծես Սաբիր էր, մյուսինը՝ Մադաթ: Լավ հիշում եմ՝ նրանցից մեկը ընտանիքով ապրում էր հենց ֆերմայի ներսում՝ մի սենյակ կար, այդ սենյակում, անտանելի վատ պայմաններում:
Մեր ֆուտբոլի դաշտը ֆերմայից այն կողմ էր, ու քանի որ մեր մանկության մի մասն անցնում էր ֆուտբոլի դաշտում, միշտ տեսնում էինք այդ ադրբեջանցիներին: Մեր ֆուտբոլի դաշտը դեպի մեր հարևան՝ Ղազախի շրջանի Քեմառլի տանող ճանապարհին էր՝ գյուղի ծայրին:
Երբ գալիս էր ամառը, այդ ադրբեջանցիները ընտանիքներով և անասուններով, որոնք պատկանում էին մեր գյուղի սովխոզին, մեկնում էին մեր սարեր, որոնք 50 կմ հեռու էին՝ Կարմիր գյուղից մինչև Դժվարասար՝ Տավուշի և Լոռու սահմանագծին: Այդ ադրբեջանցիների մոտ հյուր էին գալիս նրանց բարեկամները, որոնք երեկոյան ակարդեոն ու դհոլ էին նվագում:
Մենք շփվում էինք նրանց հետ, որոշ բառեր ու արտահայտություններ սովորում:
Սրանք պատառիկներ են իմ մանկական հիշողությունից:
Բայց ասելիքս այլ է:
Հայերը, այդ թվում մեր գյուղացիները, չէին ուզում անասնապահ աշխատել՝ լինի չոբան, թե տավարած: Ու քանի որ կար պետության կողմից իջեցված պլան, այն պետք էր կատարել՝ այսքան լիտր կաթ, այսքան միս և այլն:
Հիշում ե՞ք՝ հնգամյակը չորս տարում և մյուս լոզունգները:
Սովխոզի տնօրենը նստում էր իր վիլիսը, մեկնում ադրբեջանական գյուղեր, ման գալիս, որ չոբան ու տավարած գտնի: Բերում էր գյուղ, թույլ տալիս, որ այդ ադրբեջանցին սովխոզի կովերի հետ իր սեփական կովերը ունենա: Այո, հեշտ չէր հայերի մեջ չոբան կամ տավարած գտնել: Հետևաբար, երբ գնում ես հարևան ադրբեջանական, տվյալ դեպքում՝ Ղազախի շրջան և այնտեղի գյուղերից չոբան գտնում, պետք էր այդ մարդուն որոշ հնարավորություններ տալ:
Այդ տարիներին մեր գյուղի տղամարդկանց մի մասը խոպան էր գնում՝ Ռուսաստան կամ Ուկրաինա, մնացողներն էլ այլ գործեր էին անում, և միշտ դժվար էր անասնապահ գտնել: Մենք՝ հայերս, անգամ գյուղացիները, ուզում էինք մեր երեխաները դառնան տիեզերագնաց, օդաչու կամ բժիշկ:
Այսօր էլ մեր գյուղերը դատարկվում են, մեր գյուղացիները քաղաք են ձգտում, Ռուսաստան կամ Ամերիկա: Այսօր էլ անասնապահ կամ չոբան դժվար է գտնել:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն













