Այս տարի՝ 2026 թվականի հունվարին առաջին անգամ պաշտոնական Երևանը լիարժեք չհիշեց Բաքվի 1990 թվականի հայկական ջարդերի տարելիցը:
Ամեն տարի, այդ թվում՝ 2025 թվականին, ՀՀ ԱԳՆ-ն այդ սարսափելի դեպքերի առիթով տարածել էր պաշտոնական հայտարարություն, որը կարող եք կարդալ ստորև:
Արտգործնախարարությունը X-ում տեղադրել էր հետևյալ տեքստը.
These days we commemorate 36 years since the anti-Armenian violence in Baku in Azerbaijani SSR. We honor the memory of the victims. As we have embarked on the path of peace, we emphasize that the unequivocal rejection of such actions, coupled with genuine reconciliation & a commitment to lasting peace in the South Caucasus, can ensure that such tragedies will never be repeated.
Անցյալ տարի ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես ամեն տարի, հայտարարություն էր տարածել նաև Սումգայիթի ոճրագործության առիթով: Այդ հայտարարությունը ևս կարող եք կարդալ ստորև:
Վաղը՝ փետրվարի 27-ին, լրանում է Սումգայիթի 1988 թվականի ջարդերի հերթական տարելիցը:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ
15 հունվարի, 2025
Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ:
Հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19-րդ դարի կեսերից էական դեր էր խաղացել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման գործում, հայ ընտանիքներն ու անհատները հիմնել, տնօրինել ու ղեկավարել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, մշակութային և կրթական հաստատություններ: Արդյունքում, Բաքվի հայերը, թողել են միլիարդների արժողությամբ ունեցվածք և հարստություն՝ հաջորդիվ զրկված լինելով դրա դիմաց որևէ փոխհատուցում ստանալու հնարավորությունից։
1990թ. հունվարին Բաքվում հայ բնակչության կոտորածին, որը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գյանջա) քաղաքներում ավելի մասշտաբային ջարդերը։
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն: Ավելին, ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին, և կեղծվեց նրանց հարուստ պատմությունն ու ժառանգությունը:
Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը:
Աղբյուրը՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2025/01/15/mfa_statement/13035
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ
27 փետրվարի, 2025
1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։
Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության: Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:
Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով:
Լուսանկարում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, 5-ը մայիսի, 2018թ, Ստեփանակերտ













