«Փոփոխության քամին». Աբել Միքայելյան

3886

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

—–

Աբել Միքայելյանը ժամանակակից հայ արձակագիր է, 5 հատորների հեղինակ: Նրա չորրորդ գիրքը՝ «Փոփոխության քամին», հրատարակվել է 2020-ին (ԴԱՐԱԿ հրատարակչություն):

Ներկայացնում ենք մի քանի նախադասություն այդ հատորից, իսկ գիրքն ամբողջությամբ կարող եք կարդալ նրա հեղինակային կայքում՝ https://www.abel.style/books/popokhutyan-qamin.pdf

Երբ քսանութ տարվա բացակայությունից հետո Պետրոսն առաջին անգամ պիտի ոտք դներ hայրենի հողին և շնչեր հայրենիքի օդը, ինչպես արդեն ասվեց, երկու հազար տասնութ թվականն էր` ապրիլ ամսի վեցը, օրն ուրբաթ: Սակայն առաջինը, ուր ոտք դրեց նա, մի ջրափոս էր, որը գոյացել էր Բագրատաշենի սահմանային անցակետի մուտքի դիմաց, իսկ հայրենի օդի փոխարեն նրա թոքերը լցվեցին դիզելի թանձր ծխով,
որն արձակում էին այսո­ւայնկողմ շարված բեռնատարները:

Եվ սա, հավանաբար, խորհրդանշական էր` նկատի ունենալով այն, ինչ սպասվում էր Պետրոսին իր կյանքի քսանութերորդ տարում, որը պիտի անցկացներ Հայաստանում:
Անքուն գիշերից հետո սահմանապահները, մաքսավորները, ուղևորներն ու մի անտեր շուն հորանջելով դիմավորում էին անձրևոտ լուսաբացը: Սառը քամի էր խաղում` ցրելով ողջ գիշեր կուտակված ու չհավաքված աղբը: Ինչ-որ մեքենայից լսվում էր երաժշտության պես մի բան, մեկն ասում էր, որ մենակ է մնացել այս աշխարհում ու թախանձագին խնդրում էր մեկ ուրիշին` մի գնա:

Իր հեղինակային կայքում, դիմելով ընթերցողին, Միքայելյանը գրել է

Սիրելի ընթերցող,

այս կայքում իմ վեպերն են, որոնք ես գրել եմ՝ մտածելով, որ մի օր դուք կկարդաք դրանք: Թեկուզ այստեղ՝ համացանցում: Իհարկե, ճիշտը ԳԻՐՔՆ է, բայց այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ մենք ապրում ենք անհասկանալի ժամանակներում: Ես հաճախ եմ ճամփորդում և չափազանց ուրախանում եմ, երբ տեսնում եմ հոլանդացի, չինացի կամ ռուս ծերունիների կամ աչոնիկների, ովքեր նստած են օդանավում, գնացքում, կամ կանգառում՝ ձեռքներին մի գիրք: Կարևոր չէ՝ ում գիրքը, կարևոր չէ՝ ինչի մասին, կարևորն է, որ մարդիկ կարդում են ու կարդում են հենց ԳԻՐՔ:

Այնուամենայնիվ, գրի բովանդակությունը, իմաստն ու էությունը նույնն է թե տպագիր, թե էլեկտրոնային տարբերակներում:

Ես կարծում եմ, որ գրողի առաքելությունը մեկն է՝ ընթերցողի կյանքը դարձնել բարի և հետաքրքիր: Բայց դրա համար պետք է բարեկամանալ ընթերցողի հետ:

ԵՎ ահավասիկ, ես ձեզ բարեկամության ձեռք եմ մեկնում: Իսկ իմ հերոսները անհամբեր են ձեզ հետ ծանոթանալու:

Այն, ինչ նրանք պիտի փոխանցեն ձեզ, վստահ եմ, որ դուք առանց այդ էլ գիտեք. պետք է ապրել ազատ ու անպայման ուժեղ լինել: Միայն թե և ազատությունը, և ուժը պետք է սահման և չափ ունենան: Այնքան, որ ոչ մի դեպքում չվնասեն այն ամենին, ինչը որ արժանի չէ, որ իրեն վնասեն. մարդուն, ճնճղուկին, իշուկին, ծաղկին ու անգամ քարերին, որոնց միջից անսպասելի բուսել է ծաղիկը: Միակ բանը, որ սահման չունի՝ բարությունն է: Ավելի ճիշտ՝ միակ բանը, որ պետք է սահման չունենա՝ բարությունն է:

Ձեզ՝ սիրուն ընթերցանություն: