Հայերը Երևանում իջեցրել են թուրքական դրոշը. հոկտեմբեր 1923

2427

“Երևանյան միջադեպ”. այսպես է անվանվել 1923թ. հոկտեմբերին տեղի ունեցածը, երբ հայերը հարձակվեցին Երևանում  Թուրքիայի դիվանագիտական առաքելության շենքի վրա և նրա վրայից հանեցին թուրքական դրոշը:

Թե որն էր հարձակման պատճառը, ինչ նպատակներ էր հետապնդում և ովքեր էին հրահրել` թերթերի հրապարակումներից դժվար է հասկանալ: Թուրքական թերթերը մի կողմից քննադատում և դատապարտում էին հայերի հանդուգն քայլը, մյուս կողմից ակնարկում, որ արարքի պատասխանատվությունն ընկնում է Մոսկվայի բոլշևիկյան իշխանությունների վրա, քանի որ Հայաստանը մաս է կազմում Խորհրդային Միության:

“Թևհիտ” թերթը գրեց, որ “ներկայացուցչության դեմ հարձակումներից, դրոշը իջեցնելուց և պահակների զենքերը խլելու փորձից հետո, մեր ներկայացուցիչը Երևանից մեկնել և անցել է մեր սահման” և խստիվ բողոքել է հայերի “այս դատապարտելի ժպիրհության դեմ”: Թերթը հիշեցնում էր, որ Հայաստանը այլևս անկախ հանրապետություն չէ, սակայն ընդգծում, որ “հայերի լիրբ հանդգնությունը” մեծ ազդեցություն է թողել թուրքական  կառավարական շրջանակներում և հանրային կարծիքի վրա: “Եթե մեզ գոհացում չտրվի և այս հարձակման հեղինակները  խստիվ չպատժվեն”, ապա թուրքական կառավարությունը պետք է դիմի փոխադարձ քայլի: “Երևանի այս տգեղ և դատապարտելի հարձակման համար  Ռուսական Համադաշնությունը ևս պատասխանատու է”, սակայն “մեր ներկայացուցչի և դրոշի դեմ անարգանքի համար չենք կարող հանդուրժել նրանց, որոնց երեկ ճզմեցինք, իսկ այսօր մեր դեմ ամբարտավան կեցվածք են դրսևորել”:

“Ենի Գյուն” թերթն ընդգծեց, որ “հայերի գործած այս թշնամությունն ու կոպտությունը” այնքան ակնհայտ են, որ “մեր կողմից առանց պատասխանի և անհետևանք չպիտի մնա”: Բայց քանի որ Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը հանձնել է Ռուսաստանին, “Երևանի միջադեպի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է ծանրանում”:

“Վակիթը” “երևանյան միջադեպի”առիթով գրեց, թե “դաշնակցական հրոսախմբերը” հարձակվում են սահմանային հայկական գյուղերի վրա, դրանք հրդեհում և պատասխանատվությունը դնում թուրքերի վրա: “Հայերը Մոսկվայում մեր դեմ խիստ քարոզչություն են տանում, որի նպատակն է խզել Ռուսաստանի և մեր բարեկամական հարաբերությունները և  Արևելքում նոր խնդիր ստեղծել”: Թերթը գրեց, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Սուրիցը այցելել է արտգործնախարարություն և բացատրություն տվել միջադեպի առիթով:

Թուրքական մամուլը պնդում էր, որ հայերը լուրջ դեր են ունեցել միջադեպի հարցում: “Աքշամ”-ը տեսակետ հայտնեց, որ “այս միջադեպի հետևում կամ Չեկան էր կամ էլ` Ռուսաստանը”, քանի որ Մոսկվայում այլևս չեն ուզում, որ թուրքերը շարունակեն ներկայացուցիչ ունենալ Երևանում:

Պոլսի հայ մամուլը գրեց, որ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցածը “խմորվող քաղաքական փոփոխության աննշան մեկ դրվագն է”: “Մոսկվան վերացրել է հայկական անկախությունը, “համադաշնակցություն” և նման բառերը անբովանդակ արտահայտություններ են` շլացնելու միամիտներին: Եթե թուրքական դրոշը իջեցվել է, ապա դա արվել է ոչ թե Երևանի հայ համայնավարների, որոնք պարզ խամաճիկներ են, այլ Մոսկվայի հրամանով: Այս հարցում էլ ռուսական կառավարությունը անպարկեշտ կեցվածք է դրսևորում, երբ փոխանակ իր անունով հրապարակ գալու, արյունաքամ ժողովրդին է քավության նոխազ դարձնում”,- գրել է Պոլսի ՀՅԴ թերթերի “Ճակատամարտ” օրաթերթը իր խմբագրականում:

Խորհրդային մամուլը ևս անդրադարձավ “երևանյան չնչին ու անիմաստ դեպքերին”` չմանրամասնելով դրանք: Ալեքսանդր Մյասնիկյանը “երևանյան միջադեպի” առիթով գրեց. “Ամենայն պատասխանատվությամբ և վստահությամբ պնդում ենք, որ չկա “թուրքական վտանգ”, նույնիսկ չնայած երևանյան այն “միջադեպին”, որի պատճառով Պոլսի թուրքական և հայկական դեղին ու սպիտակ մամուլը այնքան թմբուկ զարկեց: Թուրքահայաստանի խնդի՞ր: Այդ էլ է լուծված: Մեզ համար գոյություն չունի սահմանների հարց”:

Հատված “Հայացք Արարտից. Հայերը և թուրքերը” գրքից, էջ 174-176

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: