1986 թվականին լույս տեսած Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում հիշատակվում է Քյարքի անունով երկու գյուղ:
ՔՅԱՐՔԻ, Կուրդումվար Վերին, Քերկի. գյուղ Երևանի նահանգի Երևանի գավառում, Վեդիբասարի տեղամասում: Այլ բաժանմամբ մտցվել է նաև Մակուի խանության մեջ: Գտնվում էր այժմյան Հայաստանի Արարատ քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտքում, Արաքս գետի աջ ափից 4 կմ հեռավորության վրա: 1829-1832 թվականներին ունեցել է 3 տուն՝ 17 անձ, 1873 թվականին՝ 13 տուն՝ 131 անձ, 1906 թվականին՝ 65 տուն՝ 239 անձ խառը բնակիչ: Լինչի քարտեզի հայկական օրինակում՝ ՔԵՐՔԻ:
ՔՅԱՐՔԻ, Կերկի, Կյարկի, Քերքի. գյուղ Նախիջևանի ԻԽՍՀ Իլյիչևսկի շրջանում, Գեղամա լեռների հարավային վերջավորությունների վրա, մի փոքրիկ գոգավորության մեջ, շրջապատված լեռներով: 1974 թվականին ուներ 40 տուն՝ 185 բնակիչներով: Միավորված էր Սադարակի պետական տնտեսությանը: Ուներ տարրական դպրոց, բուժկայան: Ռուսերեն տառադարձությամբ՝ Կյարկի, Կովկասի 5 և 10 վերստանոց քարտեզներում՝ Կերկի:
Արաքսի աջ ափին հիշատակվող Քյարքին, որ համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի Իգդիրի նահանգի Արալըխի շրջանին, այսօրվա քարտեզներում չի հիշատակվում, ինչը նշանակում է, որ այն գոյություն չունի կամ վերամիավորվել է հարակից գյուղերի հետ:
Երկրորդ Քյարքին համապատասխանում է այսօրվա Տիգրանաշենին կամ դրան հարակից տարածքներին:
ՀԵՏՔ-ը ներկայացնում է 1855-ին լույս տեսած «Կովկասյան օրացույցը», որի տվյալները վերաբերում են 1854-ին: Երեւանի նահանգի Շարուրի տեղամասի Վեդիբասարի մահալում հիշատակվող Քյարքի գյուղի բնակիչները շիա իսլամի հետեւորդ թաթարներ են:
Քյարքիի բնակչության (թաթարներ) թվաքականը, ըստ «Կովկասյան օրացույցի» տվյալների, 20-րդ դարասկզբին տատանվել է 240-ի սահմաններում, իսկ Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» աշխատության տվյալներով՝ 1919 եւ 1922 թթ. գյուղը եղել է անմարդաբնակ:
1917-ին լույս տեսած «Կովկասյան օրացույցը», որն ամփոփում է 1916 թ. տվյալները, Քյարքին ներկայացնում է որպես Երեւանի գավառի 4-րդ ոստիկանական տեղամասի գյուղ՝ ընդգրկված Սադարակ գյուղական համայնքի կազմում (Ասնի, Քյարքի, Սադարակ):
1926-1928 թթ. խորհրդային քարտեզներում, երբ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ներառված էին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, կարելի է տեսնել, որ Հայաստանի տարածքում անկլավներ չեն եղել:
1926-ի քարտեզում չի հիշատակվում Քյարքի գյուղը՝ ի տարբերություն, օրինակ, դրանից 8-9 կմ արեւելք գտնվող Ջաֆարլու եւ Գյունութ գյուղերի, որոնք եւս Խորհրդային Հայաստանի տարածքում էին, իսկ ավելի ուշ սահմանային փոփոխությունների հետեւանքով Գյունութը հայտնվել է Նախիջեւանի տարածքում:
1920-ականներին բազմաթիվ են եղել վիճելի տարածքները Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ, եւ որոշ դեպքերում ուղղակի տեղի են ունեցել տարածքային փոխանակություններ: Ամենայն հավանականությամբ, հենց այդպիսի տարածքային փոխանակությունից հետո է Գյուննութը, որ հայկական աղբյուրներում հանդիպում է Գենուտ անունով, անցել Նախիջեւանին, իսկ Ջաֆառլուն՝ Քյարքին՝ վերածվել անկլավի Խորհրդային Հայաստանի կազմում:
1919 եւ 1922 թվականների մարդահամարի՝ հաշվառումների ժամանակ Ջաֆառլու գյուղում, որը Կորկոտյանի ցուցակում նշված է Վեդիի գյուղերի մեջ, բնակչություն չի եղել: 1926-ին գյուղն ունեցել է 162 բնակիչ, որից 5-ը՝ հայ, 53-ը՝ քուրդ, 104-ը՝ թուրք: 1931-ին գյուղն ունեցել է 156 բնակիչ, բոլորը՝ թուրքական խմբի ներկայացուցիչներ:
Ըստ ՀԵՏՔ-ի՝ 1940-ին Ջաֆարլուն, որը գտնվում էր Խորհրդային Հայաստանի Վեդու (հետագայում՝ Արարատի) շրջանում, վերանվանվել է Սմբուլ, սակայն 1949-ին ապաբնակեցվել է, իսկ բնակիչները (ադրբեջանցիներ) տեղափոխվել են Ադրբեջանի տարածք:
Սմբուլի մասին Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում գրված է.
ԱՄԲՈՒԼ, Դեմիրչի, Դեմուրչի Ջաֆառլու, Հյունուտ, Ջահվալու, Ջաֆարլի, Գյուննութ, Ջաֆարլի Գյուննուտ, Ջաֆարլու, Ջաֆարլու Գյուննութ, Ջաֆարլու Գյուննուտ, Ջաֆարլու Դեմուրչի, Ջաֆառլու Հյունուտ, Ջյաֆարլի. գյուղ ՀԽՍՀ Վեդու (Արարատի) շրջանում, Զանգակատուն գյուղից 5-6 կմ: Սմբուլ է վերանվանվել 1940 թվականի մարտի 2-ին: 1873 թվականին ուներ 277 հոգի, 1897-ին՝ 441 հոգի, 1926-ին՝ 162, 1931-ին՝ 156, իսկ 1939-ին՝ 270 ադրբեջանցի բնակիչ: Ապաբնակեցվել է 1949 թվականին, բնակիչները տեղափոխվել են Ադրբեջան: Մոտ գտնվելու պատճառով Գյուննութը և նրա տարբերակները բառարանի առաջին հատորում սխալմամբ հղվել են Սումբուլին: Կովկասի 5-վերստանոց քարտեզում՝ Ջաֆարլի Գյուննուտ:
Քյարքին թե՛ որպես գյուղ, թե՛ որպես անկլավ չի երեւում նաեւ 1927, 1928 եւ 1939 թթ. քարտեզներում, գրում է ՀԵՏՔ-ը՝ ներկայացնելով այդ թվականների քարտեզները:
1958-ի քարտեզում երեւում են Հայաստանի տարածքում ձեւավորված 3 ադրբեջանական անկլավները՝ Քյարքի, Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու:
Քյարքին ներկայում ներառված չէ Ադրբեջանի Հանրապետության համայնքների ցանկում նշված բնակավայրերի մեջ: Այսպես՝ Սադարակի շրջանում, ըստ այդ ցանկի, կա 2 համայնք՝ Սադարակ (Հեյդարաբադ ավան, Քարաաղաջ, Սադարակ գյուղեր) ու Դեմիրչի (Դեմիրչի գյուղ): Նույնը վերաբերում է Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավին՝ Արծվաշենին (Բաշքենդ), ինչպես նաեւ Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մյուս անկլավներին՝ Վերին Ոսկեպարին (Յուխարը Ասկիպարա) և Սոֆուլու-Բարխուդարլուին:
ՀՀ կադաստրի կոմիտեի քարտեզում Տիգրանաշենի տարածքը մեկ միասնական, ամբողջական հողամաս չէ (ինչպես, օրինակ, Վերին Ոսկեպարը), այլ բաժանված է տարբեր հողակտորների, որոնք կոդավորված են Պարույր Սեւակ գյուղի ենթատարածքային (համայնքային) ծածկագրերով: Սա պատահական չէ:
1995-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում հիշատակում չկար Տիգրանաշենի մասին. Պարույր Սեւակ համայնքը ներառում էր միայն համանուն գյուղը: 2009-ի հոկտեմբերին օրենքում կատարվել են լրացումներ: Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքի կազմում ներառվել են Պարույր Սեւակ եւ Տիգրանաշեն գյուղերը, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մեջ՝ Ազատամուտ եւ Բարխուդարլու գյուղերը, նույն մարզի Ոսկեպար համայնքի մեջ՝ Ոսկեպար եւ Ասկիպարա (խոսքը Վերին Ոսկեպարի կամ Յուխարը Ասկիպարայի մասին է) գյուղերը:
Այսպիսով, գրում է ՀԵՏՔ-ը, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում Տիգրանաշենն առաջին անգամ հիշատակվել է 2009-ին որպես Պարույր Սեւակ համայնքի բնակավայր: Սակայն դրանից 11 տարի առաջ՝ 1998-ին, Կառավարության կողմից հաստատված ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում Տիգրանաշենը նշվել է իբրեւ Պարույր Սեւակ գյուղի թաղամաս: Այս ձեւակերպումը մինչ օրս չի փոխվել: Մեկ այլ որոշման մեջ, որը վերաբերում է ՀՀ բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրին եւ ընդունվել է 2001-ին, Կառավարությունը Տիգրանաշենը ներկայացրել է ոչ թե որպես Պարույր Սեւակի թաղամաս, այլ առանձին բնակավայր:
Ինչ վերաբերում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, ապա 2021-ին Արարատի մարզի համայնքները խոշորացվել են, եւ Պարույր Սեւակն ու Տիգրանաշենը որպես առանձին գյուղեր ներառվել են Արարատ խոշորացված համայնքի կազմում:
Այսպիսով՝ ներկայում Տիգրանաշենը, ՀՀ օրենսդրության համաձայն, Արարատ համայնքի բնակավայրերից մեկն է: Ըստ 2011 թ. ՀՀ մարդահամարի տվյալների՝ Տիգրանաշենի մշտական բնակչությունը եղել է 154 մարդ, առկա բնակչությունը՝ 151: Ներկայում Տիգրանաշենն ունի մոտ 40 տնտեսություն եւ շուրջ 120 բնակիչ:











