Դավիթ Բեկ. Ֆրեզնոյի «Հույս»-ի չորրորդ կանգառը

1921

Արամ Իսրայելյանը Արցախի Պատարա գյուղից է: Ընտանիքը բազմանդամ է՝ կինը և 5 երեխաները: Ծննդավայրում Արամը գյուղական գործերով է երեխաներին կերակրել՝ ձի է պահել, հավ, ճագար, հող մշակել: Այս ամենը, նաև տունը, այգին, հիշողությունները, նա թողել է Պատարայում: Արամը, սակայն, շարունակում է պահել բարությունն ու լավատեսությունը և նոր էջից կյանք է սկսել Սյունիքի սահմանային Դավիթ Բեկ գյուղում:

«Հույս» ծրագրով (Operation Hope) Արամը այսօր ստացավ կով, մինչև գարուն հանելու համար խոտ և 1 մայր խոզ: Ե՛ւ կովը, և՛ խոզը Արամը գնեց իր հարևանից՝ Արա Մելքումյանից: Արան ամեն օր օգնում է իր նոր հարևանին: «Պակաս-պռատը հարևանս է տալիս: Քանի որ գոմ չունեմ, կովը պիտի մնա հարևանիս գոմում, մինչև մերն ունենանք»,- ասում է Արամը:

Պայծառ Ղարաբեկյանը ևս 5 երեխաների ծնող է, ավագը 16 տարեկան, կրտսերը՝ 6 տարեկան: Դահրավ գյուղից է տեղահանվել: Նախ մեկնել է Գյումրի, ապա եկել Դավիթ Բեկ: Ցանկություն ունի այստեղ հաստատվել: Չի թաքցնում, որ դժվարություն ունի 5 երեխաներին կերակրելու հարցում, քանի որ միայնակ մայր է: «Հույս» ծրագրով նա այսօր ստացավ հավեր, խոզեր և մի քանի ամիսների անասնակեր: Այս ընտանիքի օգնությունը, սրանով չի սահմանափակվելու:

Հինգ երեխաների հայր է Կարեն Հակոբյանը: Կարենը տիկնոջ և երեխաների հետ Դավիթ Բեկ է տեղափոխվել Ստեփանակերտից: Նա նախընտրեց ստանալ կով և մինչև գարուն հանելու համար խոտ:

«Հույս» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի հայության նվիրատվություններով՝ բարձր հովանավորությամբ Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսության, հյուպատոս Պերճ Աբգարյանի և Ֆրեզնոյի բժշկական առաքելության և բժիշկ Վաչե Վասիլյանի գործուն մասնակցության:

Այս ծրագրից արդեն օգտվել են Ադրբեջանի հետ սահմանային Տավուշի մարզի Բերդավան, Բարեկամավան և Չինարի գյուղերում հաստատված 23 արցախցի բռնի տեղահանված ընտանիքներ: Դավիթ Բեկում ծրագրից օգտվել են 7 ընտանիքներ: Այս 29 ընտանիքների համար Ֆրեզնոյի հայերի ընդհանուր օգնությունը այս պահին կազմում է շուրջ 12 միլիոն դրամ: Ոգեշնչված Ֆրեզնոյի հայերի այս նախաձեռնությամբ, ԱՄՆ-ում և այլ երկրներում բնակվող հայեր անհատական օգնություններ են տրամադրում, որն ուղղվում է Տավուշի Բարեկամավան գյուղի վերազարթոնքին:

Սյունքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանային Դավիթ Բեկ գյուղում հաստատված արցախցիների հավաքատեղին գյուղապետարանի հարևանությամբ գտնվող Մարիետա Ներսեսյանի տունն է: Մարիետան տեղահանվել է Դահրավ գյուղից: Մի քանի համագյուղացիների հետ նա Ստեփանակերտից Գորիս է հասել նույն մեքենայով, բռնի տեղահանության ճանապարհը տևել է գրեթե երկու օր: Դավիթ Բեկի նոր տանը նա ապրում է հոր և երկու աղջիկների հետ: Որդին՝ Ալբերտը, նոր է ամուսնացել Գորիսի Շինուհայր գյուղից Լուսինե Ավանեսյանի հետ և այլ տուն տեղափոխվել:

Ալբերտը նախընտրեց ստանալ խոզ և անասնակեր, իսկ մայրը՝ Մարիետան, 80 հավ և մի քանի ամիսների համար թռչնի կեր: Դավիթ Բեկում հաստատված բոլոր 6 ընտանիքները ստացան իրենց նախընտրած ընտանի կենդանիները:

Արցախից բռնի տեղահանվածների համար ընտանի կենդանիները գնվում են այն գյուղերից, որտեղ նրանք հաստատվել են, ինչը նշանակում է ուղղակի ներդրումներ այդ բնակավայրերում:

Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը վերջին 10 տարիներին անընդմեջ երկու շաբաթով եղել է Հայաստան և Արցախ (մինչև 2020 թվականը) և բժշկական սարքավորումներով, դեղորայքով ու տարբեր մասնագետ բժիշկներով օգտակար եղել Հայրենիքին՝ այցելություններ տալով Գյումրի, Գորիս և բազմաթիվ քաղաքներ ու ավաններ:

Վերջին անգամ Պերճ Աբգարյանն ու Վաչե Վասիլյանը Հայաստանում էին 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ ճիշտ այն օրերին, երբ տեղի էր ունենում Արցախի բռնի տեղահանությունը: Նրանք այցելում էին տարբեր հաստատություններում ժամանակավոր ապաստան գտած արցախցիներին: Վերադառնալով Ֆրեզնո՝ նրանց մոտ միտք ծագեց օգնել սահմանային գյուղերում հաստատված բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև՝ վերաբնակեցնել գյուղերը:

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, «Հույս» ծրագրի կամավոր

Լուսանկարում՝ Արամ Իսրայելյանը իր 5 զավակներից 4-ի հետ Դավիթ Բեկի նոր տանը