100-ամյակի տարում բացել պատմության բոլո՛ր էջերը

923

1918 թվականի մայիս-հունիսից առաջ ավելի քան 500 տարի հայ ժողովուրդը չուներ պետականություն, 1918-ի Մայիսյան հերոսամարտերով և հունիսի 4-ի հայ-թուրքական դաշնագրով Հայաստանը հռչակվեց անկախ պետություն և ստացավ առաջին ճանաչումը։

Հայ ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում 1918-ի մայիս-հունիսը ունի առանձնահատուկ նշանակություն։ Դրան հավասարազոր կարող են համարվել հայոց պատմության միայն այն տարեթվերը, որոնք Անկախություն բերեցին Հայաստանին՝ Կիլիկյան Հայաստան, Բագրատունյաց թագավորություն, Արշակունիներ, Արտաշիսյաններ, Երվանդունիներ, Ուրարտու։

100-ամյակի տարում չափազանց կարևոր են  ոչ միայն և ոչ այնքան պաթոսով խեղդված ուռա-հայրենասիրական ձեռնարկները, որքան նրանք, որոնք համապարփակ և ամբողջական կերպով վեր են հանելու ընդամենը 1000 օրվա կյանք ունեցած Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներն ու ձախողումները, ներքաղաքական և արտաքին քաղաքական միտումները, հարաբերությունները անմիջական հարևանների, այդ թվում Օսմանյան կայսրության ու քեմալական Թուրքիայի, բոլշևիկյան, դենիկինյան, վրանգելյան ու կոլչակյան Ռուսաստանների, Ադրբեջանի, Վրաստանի ու Պարսկաստանի հետ։

Զարմանալ կարելի է, բայց հարյուրավոր պատմաբաններ ունեցող Հայաստանում այդպես էլ չի հրատարակվել մեկ հատոր, որը, առանց պաթոսի ու թշնամական բառապաշարի, հասկանալի լեզվով պատմեր Ադրբեջանի անկախ հանրապետության գրեթե երկու (1918-ի մայիսից-1920-ի ապրիլ) և Վրաստանի անկախ հանրապետության ավելի քան երկուսուկես տարին (1918-ի մայիսից մինչև 1921-ի փետրվար)։

100-ամյակը լավ առիթ է բացելու բոլոր, կրկնեմ՝ բոլոր այն էջերը, որոնց վրա կա տաբու, կամ այն էջերը, որոնք բացելը ձեռնտու չէ։

Մեծ հաշվով, մենք չգիտենք (նկատի չունեմ այդ շրջանով զբաղվող մի քանի պատմաբաններին) ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Վրաստանի պատմությունը։ Մենք չգիտենք, այդ երկրների խորհրդարաններում քանի հայ պատգամավորներ են եղել (այդ երկրներում այնքան հայություն է եղել, որքան Հայաստանում), քանի հայ նախարարներ են եղել և բազմաթիվ այլ տեղեկություններ։

100-ամյակի տարին լավ առիթ է վերարժեվորելու հայ-վրացական հարաբերությունները ու դրանց կարևորությունը, ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Վրաստանի համար։ Բայց առաջին հերթին՝ Հայաստանի համար։ Կազմակերպվելո՞ւ է որևէ գիտաժողով, սեմինար կամ քննարկում հայ-վրացական հարաբերությունների թեմայով։ Փորձ արվելո՞ւ է գոնե ակադեմիական մակարդակում կազմակերպել հայ-վրաց-ադրբեջանական միջոցառում։

Գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը պետք է հետապնդի հիմնական մեկ նպատակ՝ իմանալ այն, ինչ չենք իմացել և դասեր քաղել։ Իսկ եթե ձեռնարկները ուղղված են լինելու ազգայնական, բացառապես հայկական տեսակետը պաշտպանելուն ու արդարացնելուն միայն, եթե հիմքում դրված է լինելու՝ «մենք լավ ժողովուրդ ենք, հարևանները՝ թշնամի», մեր ձախողումների պատճառները փնտրենք միայն վատ հարևանության ու բոլշևիկ-քեմալական դավադրության մեջ, ապա այդպիսի ձեռնարկները որևէ օգուտ չեն տալու ու դաս չեն լինելու։

Նույնը վերաբերում է Ադրբեջանին ու Վրաստանին։ Բայց եթե նույնիսկ ադրբեջանցիներն ու վրացիները շարունակեն տապակվել իրենց յուղի մեջ, մենք՝ Հայաստանում և Սփյուռքում, պետք է բացենք պատմության բոլոր էջերը, որպեսզի սովորենք մե՛ր պատմությունից, և որը դաս լինի՝ ապագայում սխալներ թույլ չտալու համար։

Արդեն մտել ենք 2018՝ 100-ամյակի տարի, սակայն Հայաստանում քաղաքական օրակարգի վրա չի զգացվում 100-ամյակի շունչը։ Սփյուռքում, թվում է, ավելի շատ կա 100-ամյակի կարևորությունը շեշտադրելու մտայնություն։ Կարդալով սփյուռքյան մամուլը՝ երբեմն տպավորություն եմ ստանում, թե Հայաստանի Հանրապետության 100-ամյակի իրավահաջորդը միայն Սփյուռքն է։

Ի դեպ, երեկ, հունվարի 14-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայրապետական կոնդակով 2018-ը հայտարարել է Անկախության տարի։ Կոնդակում կա մի հատված, որը մեջբերում եմ․ «Անկախութիւնը սրբազան արժէք է ու զայն կերտողը ու պաշտպանողը ժողովո՛ւրդն է։ Հետեւաբար, Հայաստանի անկախութիւնը գաղափարական ու քաղաքական մօտեցումներէ ու տարբերութիւններէ վե՛ր պէտք է մնայ»։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիԼնեթ