Հարձակում գնացքի վրա
Մարտի 8-ի լուսաբացին Սանահինից Քոբեր տանող ճանապարհի վրա թալանի է ենթարկվել Թիֆլիսից եկող մարդատար գնացքը։ Մի խումբ զինված մարդիկ կանգնեցրել են գնացքը և մտնելով վերջին վագոնը, թալանել են Ադրբեջանի ներկայացուցիչ Ա․ Հախվերդովին և Սամսոն Հարությունյանին [Ադրբեջանում Հայաստանի նորանշանակ դեսպանը- խմբ․ԱՆԻ-ի]։
Առաջինից տարել են 3 միլիոն 400 հազար ռուբլի ադրբեջանյան և 2 միլիոն ռուբլի անդրկովկասյան բոներով, իսկ վերջինից՝ 296 հազար ռուբլի անդրկովկասյան բոներով։ Տարել են նույնպես Հախվերդովին ուղեկցող թուրքերի մոտ եղած դրամները, ինչպես նաև Հախվերդովի և Հարությունյանի վրա եղած ոսկեղեն ու քարե զարդարանքները։
Թալանվածի ընդհանուր արժեքը 6 միլիոն ռուբլուց ավելի է։
Գնացքի մյուս վագոններին ձեռք չեն տվել և առհասարակ բռնություն կամ սպանություն տեղի չի ունեցել։ Թալանողները եղել են ոտից գլուխ զինված և խոսել են ռուսերեն ու վրացերեն։
Թե Հախվերդովը, թե Հարությունյանը դեպքի մասին հայտնել են Քոլագերանի և Ղարաքիլիսայի իշխանություններին, բայց նրանք ոչինչ չէին կարող անել, քանի որ դեպքը պատահել է չեզոք գոտում, ուր կա հատուկ իշխանություն և ուր միջամտելու իրավունք չունեն Հայաստանի կամ Վրաստանի պաշտոնյաները։
Յառաջ, ՀՅԴ, Երևան, թիվ 52, հինգշաբթի, 11 մարտի, 1920թ












