ՅԱՌԱՋ, 6 փետրվար, 1920թ., ուրբաթ, թիվ 27
Վարչապետ Խատիսյանը և գնդապետ Հասկելը Ղարսում. փետրվարի 3-4, 1920 թվական

Փետրվարի 2-ի գիշերը արտակարգ գնացքով Երևանից Ղարս մեկնեցին նախարարապետ Ա. Խատիսյանը, Դաշնակիցների գերագույն ներկայացուցիչ Վ. Հասկելն իր տիկնոջ ու շքախմբի հետ, խորհրդարանի անդամներ Ռուբեն Տեր-Մինասյանը, Սիմոն Վրացյանը և Մ. Հարությունյանն ու զորահրամանատար, զորավար Հախվերդյանը:
Փետրվարի 3-ին, ժամը 12-ին գնացքը հասավ Ղարս: Հյուրերին դիմավորեցին նահանգապետ Ս. Ղորղանյանը, Ղարսի զորքերի հրամանատար, զորավար Դ. Փիրումյանը, քաղաքագլուխ Հ. Նորհատյանը, հույների և թուրքերի ներկայացուցիչները և բազմություն:
Ի պատասխան թուրքերի ներկայացուցչի, որ խնդրում էր անկախության ճանաչման առիթով ներում շնորհել բանտարկյալներին, նախարարապետը հայտնեց, որ պատրաստվում է օրինագիծ և շուտով ներումը կհայտարարվի:
Կայարանում նախաճաշից հետո հյուրերը շրջեցին քաղաքը և դիտեցին հիմնարկությունները:
Երեկոյան քաղաքային ինքնավարության կողմից ճաշ տրվեց կայարանի դահլիճում: Սեղանին նախագահում էր քաղաքագլուխ Նորհատյանը:
Գնդապետ Հասկելը ճառ ասաց, առաջարկում եմ այդ ճառի ամփոփումը:
150 տարի առաջ Ամերիկան Հայաստանի ներկա վիճակում էր, և ես գիտեմ, թե որքան դժվար է այդպիսի պայմաններում պետություն կազմակերպելը: Ես բախտավոր եմ, որ գտնվում եմ Ղարսում…: Ավելի բախտավոր կլինեմ, եթե 10 տարի հետո առիթ կունենամ հայկական նավահանգիստը մտնելու և երկաթուղով գալու Ղարս, որ մայրաքաղաքը լինի մեծ Հայաստանի: Երազ չէ, ինչ որ ասում եմ ես, այլ միանգամայն հնարավորություն: Անչափ ուրախ եմ, որ ճանաչվել է Ռուսահայաստանի անկախությունը, մոտ է այն օրը, երբ Թուրքահայաստանն էլ կճանաչվի անկախ և կհայտարարվի միացյալ Հայաստան… Եթե Ամերիկան ստանձնի Հայաստանի մանդատը, որին շատ եմ հավատում, մենք կգանք ծաղկեցնոլւ այս երկիրը: Մենք կօգնենք Հայաստանին, մինչև որ նա բոլորովին ազատ և անկախ լինի, մենք կտանք նրան մեր ուժն ու օժանդակությունը…
Փետրվարի 4-ի լուսաբացին գնդապետ Հասկելը մեկնեց Թիֆլիս, իսկ մյուսները՝ Երևան:













