29-ը սեպտեմբերի, 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակագրությունը

1809

Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ի հետ հարցազրույցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը:

Հարցազրույցի շրջանակում Հայաստանի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր ագրեսիային այդ թվում Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը:

«Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Մենք որակում ենք դրանք նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Այսօր նույնը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները: Շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական հրահանգիչները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել»,– ասել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները: «Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,– նշել է Հայաստանի վարչապետը:

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն: «Դառնալով Հայաստանի վարչապետ՝ ես նշել եմ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև, ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով նման հայտարարություն է արել»,– ասել է ՀՀ վարչապետը:

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը:

Վարչապետի հարցազրույցի ձայնագրությունը BBC-ի լրատվական ծառայությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Россия-1» հեռուստաալիքի «60 минут» հաղորդմանը

Հարց – Բարև Ձեզ, Նիկոլ Վովայի: Առաջին հերթին կխնդրեինք Ձեզ մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում հենց այս պահին: Շատ տագնապային լուրեր են ստացվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսօր առավոտվանից նորությունն այն է, որ Ադրբեջանն արդեն ուղղակիորեն ռմբակոծում էր Հայաստանի Հանրապետության գյուղերը: Իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերն սկսեցին լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ, և նրանք, արդեն 3 օր է, ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը՝ օգտագործելով հրետանի և համազարկային կրակի հրթիռային համակարգեր: Ցավոք, մենք զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլ նաև քաղաքացիական բնակչության շարքերում:

Շատ կարևոր է մեկ հանգամանք. Թուրքիան գործնականում ներառված է այս գործընթացում: Մեր հավաստի տեղեկատվության համաձայն՝ ռազմական հրահանգիչներ և բարձրաստիճան զինվորականներ են հիմա գտնվում Ադրբեջանի հրամանատարական կետերում, և որոշ տեղերում նրանք նույնիսկ ղեկավարում են ռազմական գործողությունները:

Եվս մեկ շատ կարևոր հանգամանք՝ միջազգային մամուլում արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Սիրիայի տարածքում և նրանց տեղափոխում է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու նպատակով: Իմիջիայլոց, տեղեկատվություն կա առ այն, որ Ադրբեջանի բնակավայրերում արդեն որոշակի բախումներ են եղել այդ վարձկանների և տեղացի բնակիչների միջև, քանի որ վարձկանները փորձում են շարիաթի օրենքները տարածել այդ գյուղերում՝ մտնում են խանութներ և պահանջում են, որպեսզի այդ խանութներում դադարեցնեն ալկոհոլային խմիչքների վաճառքը և այլն, և նմանատիպ բաներ:

Հարց – Ասացեք, խնդրեմ, պարոն Փաշինյան, հենց նոր տեղեկատվություն տարածվեց, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը: Ի դեպ, տեղեկատվության առումով հղում է արվում Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Օդաչուն զոհվել է: Ձեզ այդ տեղեկությունը հայտնի՞ է: Ի՞նչ կարող է դա նշանակել, եթե արդեն օդում բախվում են Հայաստանի և Թուրքիայի ինքնաթիռները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա արդեն կայացած փաստ է, և ևս մեկ ապացույցն այն բանի, ինչի մասին ես խոսում էի: Գիտեք, ակնհայտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական սպառնալիքի ներքո: Մեր տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավման համար, և նրանք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը մտցնեն Նախիջևան: Դա ադրբեջանական անկլավ է, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Իրանին, չնայած արդեն տեղեկություններ կան, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Ընդհանրապես այդտեղ որևէ գաղտնիք չկա, որովհետև օգոստոսից թուրքական զորքերն արդեն գտնվում են Ադրբեջանում: Նրանք համատեղ ռազմական զորավարժություններ էին սկսել, և այս պատերազմն սկսեց որպես այդ ռազմական զորավարժությունների շարունակություն:

Հարց – Նիկոլ Վովայի, այսօր արդեն շատ փորձագետներ բավական կոշտ կերպով են բնորոշում և մեկնաբանում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում՝ հնչում է պատերազմ բառը: Որքանո՞վ է կոռեկտ և տեղին օգտագործել այդ բառը, և կարելի՞ է հիմա արդյոք որևէ բան ձեռնարկել՝ և՛ արյունահեղությունը, և՛ կրակը դադարեցնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, դա կոռեկտ ձևակերպում է, որովհետև պատերազմ է ընթանում՝ կան շատ ավերածություններ, զոհեր, և ներգրավված են մեծաթիվ զինծառայողներ: Եվս մեկ նյուանս. ինչպես գիտեք, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, և հայ ժողովուրդն այդ ցեղասպանության զոհը դարձավ: Այդ պատճառով մենք բոլորս դա ընկալում ենք որպես էքզիստենցիալ սպառնալիք մեր ժողովրդի համար, փաստացի որպես հայ ժողովրդին հայտարարված պատերազմ, և մեր ժողովուրդը հիմա ուղղակի հարկադրված է օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը:

Ի՞նչ կարելի է անել: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ագրեսիան, դատապարտի Թուրքիայի գործողությունները և պահանջի, որպեսզի Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից, քանի որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում որևէ լավ բան չի խոստանում: Դա կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի և ռազմական գործողությունների, այս պատերազմի մասշտաբների ընդլայնման: Եվ հիմա միջազգային հանրությունը պետք է կոնկրետ ջանքեր գործադրի, որպեսզի ստիպի Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից և ստիպի Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան, ռազմական գործողությունները:

Հարց – Պարոն վարչապետ, Ձեզ այլևս չենք ուշացնի՝ գիտենք, որ շտապում եք զինվորականների հետ խորհրդակցության, և շատ կարճ մեկ հարց՝ բանակցային ինչպիսի՞ ձևաչափեր հիմա կարող են աշխատել, թե՞ բոլոր պայմանավորվածություններն արդեն անցյալում են թողնվել, օրինակ, պայմանականորեն կազանյան ձևաչափը, որով դուք պետք է մի քանի գյուղ ազատեք: Այդ բոլոր պայմանավորվածությունները ջնջվա՞ծ են թե՞ դեռ հնարավոր է դրանցով առաջ շարժվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, մեր պատկերացումն այն է, որ այն պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է. դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերում է կոնկրետ բանակցություններին, դրա համար պետք է համապատասխան մթնոլորտ ունենալ: Շատ դժվար է խոսել բանակցությունների և հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում:

Նախ և առաջ պետք է դադարեցնել բռնությունը, և պետք է արձանագրել և Ադրբեջանը պետք է ընդունի այն բանաձևը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսել: Երկար ժամանակ շարունակ Ադրբեջանի կառավարությունը զարգացնում է հայերի նկատմամբ ատելության հռետորաբանություն և երկար ժամանակ սպառնում է, որ ի հեճուկս միջազգային կոչերի՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով:

Ես հուսով եմ, որ գոնե այս իրադարձությունները և այսօրվա մեր ունեցած իրավիճակը կհամոզեն Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որովհետև Ադրբեջանի զինված ուժերը տապալել են, կարծում եմ, իրենց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրենց առջև դրված խնդրի լուծումը և չեն կարողացել որևէ հաջողության հասնել ռազմական իմաստով, ռազմաճակատում, այսինքն՝ նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Հուսով եմ, որ դա կհամոզի Ադրբեջանին, որ այս հակամարտությանը ռազմական լուծում չկա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կա միայն խաղաղ և բանակցային լուծում, և ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Ցանկանում եմ արձանագրել, որ երբ ես դարձա վարչապետ, առաջարկել եմ և շարունակում եմ առաջարկել այս հակամարտության լուծման կոնկրետ բանաձև՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Երկրների հիշատակման հերթականությունը որևէ նշանակություն չունի, նկատի ունեմ՝ այդ որոշումը պետք է հավասարապես ընդունելի լինի:

Եվ, ցավոք, Ադրբեջանի կառավարությունը, Ադրբեջանի նախագահը, ցանկանում են հասնել այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի համար: Դա անհնար է: Պետք է փոխզիջում, և փոխզիջման համար փոխզիջման մթնոլորտ է պետք: Դրա համար Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիան, քանի որ Ադրբեջանն է սկսել: Իմիջիայլոց, դա եղել է նախապես պլանավորված օպերացիա, և որևէ կասկած չկա, որ այդ օպերացիան պլանավորվել է Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում:

Շնորհակալություն:

Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator պարբերականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Ներկայացնում ենք հարցազրույցի հեղինակ Կապիլ Կոմիրեդդիի հոդվածն ու վարչապետի հետ հարցուպատասխանը:

«Կիրակի օրն Ադրբեջանն սկսեց գնդակոծել հայկական դիրքերը Լեռնային Ղարաբաղում: Վերջինս հիմնականում հայերով բնակեցված վիճելի տարածք է: 1920-ականներին, արհամարհելով տարածքի ժողովրդագրությունը, խորհրդային վարչակազմը Լեռնային Ղարաբաղը տեղակայեց Ադրբեջանի կազմում:

ԽՍՀՄ-ի փլուզումից քիչ առաջ տեղի հայերի ճնշող մեծամասնությունը հանրաքվեով քվեարկեցին Ադրբեջանից անջատվելու օգտին և հռչակեցին անկախություն: Այդուհանդերձ, հանրաքվեի արդյունքը ոչ ոքի կողմից պաշտոնապես չճանաչվեց: Եվ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ տարածքը հայտնվեց Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում:

Սարսափելի պատերազմ սկսվեց: Հայաստանին հաջողվեց ազատագրել Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները: Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց հրադադարի ռեժիմ, և 1992 թվականին ձևավորվեց Մինսկի խումբ կոչվող միջազգային հարթակը, որը կողմերին պետք է առաջարկեր կարգավորել իրենց տարաձայնություններն անարյուն եղանակով:

28 տարի անց ռազմական գործողությունների մի շարք բռնկումների հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին, և հարյուր հազարներ տեղահանվեցին:

Լեռնային Ղարաբաղն արդարացիորեն անվանել են «ամենավտանգավոր չկարգավորված հակամարտությունը մեծ Եվրոպայում»: Այն կարող է Ռուսաստանին և Թուրքիային ավելի սուր հակամարտության մեջ ներքաշել: Ռուսաստանը թեև աջակցում է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին:

Տասնյակ խաղաղ բնակիչներ են արդեն զոհ գնացել կիրակի վերսկսված մարտերին: Հայաստանը, որը ժամանակին ուներ բացահայտ առավելություն, այժմ դիմակայում է շատ ավելի լավ սպառազինված և պատրաստված հակառակորդին:

Չնայած Մոսկվայի զուսպ կեցվածքին, Թուրքիան, որն ավելի քան մեկ դար առաջ երկու տարվա ընթացքում ցեղասպանության ենթարկեց 1,5 միլիոն հայերի, Կովկաս է տեղափոխել այն մոջահեդներին, որոնց նա տեղակայել էր Սիրիայում՝ Բաշար ալ-Ասադին տապալելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խոստացել է աջակցել Ադրբեջանին «անհրաժեշտ բոլոր միջոցներով»:

Հայաստանը հայտարարել է ռազմական դրություն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտնի է որպես «Կովկասի Գանդի», երկու օր առաջ ինչպես ժողովրդական հեղափոխության օրերին իր հայրենակիցներին կոչ արեց «կանգնել որպես հայ ազգի զինվոր»: Սա մարտահրավերի ծանրության խոստովանություն էր:

Հրետակոծությունն սկսվելուց մեկ օր անց ես Հնդկաստանից հեռախոսով խոսեցի Փաշինյանի հետ: Նոր պատերազմի բռնկումից ի վեր օտարերկրյա լրագրողի հետ իր առաջին հարցազրույցում Փաշինյանը, գերհոգնած, բայց վճռական, շարադրեց պատմության հայկական տարբերակը՝ ներկայիս իրադարձությունները որակելով որպես «գոյաբանական սպառնալիք» հայ ժողովրդի համար:

Կապիլ Կոմիրեդդի – Կիրակի խորհրդարանում Ձեր ելույթի ժամանակ Դուք նկարագրեցիք այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, որպես «ամենակարևոր հանգրվանը» Հայաստանի գոյատևման պայքարում: Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանն այժմ տոտալ պատերազմի մեջ է:

Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանը նախապես ծրագրված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանելու մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակը սրվել է, քանի որ Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Լեռնային Ղարաբաղը՝ փորձելով ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչն ի դեպ արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ:

Կապիլ Կոմիրեդդի – Որքա՞ն զոհ կա Ձեր կողմից:

Նիկոլ Փաշինյան – Ունենք մի քանի տասնյակ զոհ քաղաքացիական անձանց և զինվորականների շրջանում: Ես չեմ կարող վերջնական թիվ ասել, քանի որ մարտերը շարունակվում են:

Կապիլ Կոմիրեդդի – Եթե այս պատերազմը ձեզ համար ոչ այլ ինչ է, քան գոյատևման համար պայքար, ապա ցանկալի է իմանալ, թե արդյոք դուք միայնակ եք մարտնչո՞ւմ, թե՞ ձեր երկարամյա գործընկեր Ռուսաստանից ստացել եք աջակցության հավաստիացումներ:

Նիկոլ Փաշինյան – Կցանկանայի շեշտել, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչի շուրջ է ընթանում ղարաբաղյան հակամարտությունը: Կարդալով միջազգային լրատվամիջոցների վերնագրերը՝ հասկանում եմ, որ կա լուրջ թյուրըմբռնում: Դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է:

Տարածաշրջանն Ադրբեջանի կազմում հայտնվեց միմիայն Խորհրդային Միությունում կայացված կամայական որոշումների հետևանքով: Հայերը մշտապես եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց ավելի ուշ տեսանելի դարձավ:

Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից. ինչպես Ադրբեջանն անջատվեց Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը բաժանվեց Ադրբեջանից:

Ի դեպ, դա միանգամայն խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանն սկզբից ևեթ դրան արձագանքեց բռնի ուժով, ջարդերով և սպանություններով: Եվ հակամարտությունն սկսվեց հենց այդ կետից: Ցավոք սրտի, միջազգային հանրությունը թյուր է ընկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքների մասին չէ, այլ մարդկային էակների, մարդկանց անվտանգության:

Հայերը, ովքեր միշտ մեծամասնություն են եղել Լեռնային Ղարաբաղում, ցանկանում են օգտվել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքից:

Կապիլ Կոմիրեդդի – Ռուսաստանից օժանդակության հավաստիացումներ ստացե՞լ եք:

Նիկոլ Փաշինյան – Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա կցանկանայի նշել, որ ներկայիս գործընթացում Ռուսաստանը պահպանում է միանգամայն չեզոք դիրքորոշում:

Կապիլ Կոմիրեդդի – Հետաքրքիր է: Դուք ասում եք, որ ձեր դաշնակցի` Մոսկվայի դիրքորոշումը չեզոք է: Մինչդեռ Թուրքիայի նախագահը շարունակաբար մեղադրում է Հայաստանին շարունակվող ռազմական գործողությունների մեջ: Նա իր աջակցությունը հայտնեց Բաքվին և խոստացավ որդեգրել «մեկ ազգ, երկու պետություն» մոտեցումը:

Թուրքիայի պետական լրատվամիջոցները նկատվել են առաջնագծում: Կասե՞ք, որ սա համակարգված գրոհ է: Եթե այո, ապա Հայաստանը արդյոք ո՞ւնակ է դիմադրելու և միայնակ հաղթելու Ադրբեջանին և Թուրքիային:

Նիկոլ Փաշինյան – Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը: Նրանք չեն էլ փորձում թաքցնել դա: Դա իրականում շատ հրապարակային գործընթաց է:

Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայերի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը: Բայց քանի որ Դուք ակնարկում եք նաև Թուրքիայի մասին, ապա պետք է հաշվի առնել այն էքզիստենցիալ սպառնալիքը, որը կախված է եղել հայ ժողովրդի գլխին մեր պատմության ընթացքում:

Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլև իրականում շարունակում է ցեղասպանության իր քաղաքականությունը հայերի նկատմամբ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ես նորից եմ կրկնում. սա մեզ համար գոյաբանական սպառնալիք է, և մեզ, ինքներս մեզ պաշտպանելուց բացի, այլ բան չի մնում:

Կապիլ Կոմիրեդդի – Արդյոք ՆԱՏՕ-ն պետք է մտահոգված լինի, որ իր անդամներից մեկը, ինչպես Դուք եք ասում, առաջնորդում և ղեկավարում է այդպիսի մահացու արշավ:

Նիկոլ Փաշինյան – Եկեք այս ամբողջ գործընթացը դիտարկենք որպես Թուրքիայի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության մի մաս: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում:

Այն, ինչ Թուրքիան անում է այնտեղ, նրա կայսերական նկրտումների մի մասն է: Դա ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Խոսքը միայն Հայաստանի անվտանգության մասին չէ: Խոսքն ամբողջ Հարավային Կովկասի մասին է: Այն լույս է սփռում ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի վրա:

Կապիլ Կոմիրեդդի – Մինսկի խումբը հորդորել է երկու կողմերին էլ անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները: Հայաստանի կամ նրա գործընկերների կողմից դիվանագիտական ճանապարհով երկխոսություն վարելու որևէ փորձ եղե՞լ է։

Նիկոլ Փաշինյան – Երբ դարձա Հայաստանի վարչապետ, ես առաջարկեցի կարգավորման բանաձև, այն էՙ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին հայն էի, ով ասաց, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև հակառակորդ կողմի համար:

Հուսով էի, որ Ադրբեջանի նախագահը կարձագանքեր այդ նույն ոգով: Ցավոք սրտի, նա դա չարեց: Նա պնդում էր, որ կարևորն Ադրբեջանն է: Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորաբանության դիմեց՝ ասելով, որ ինքը պատրաստվում է այդ հակամարտությունը լուծել ռազմական ուժով, և որ իրենց դիվանագիտական նպատակն էր նյութականացնել Ադրբեջանի ռազմական փառասիրությունը:

Մինչ այժմ Ադրբեջանի նախագահի դիվանագիտությունը եղել է ոչ այլ ինչ, քան ռազմական գործիք: Այդ իրավիճակում, այդ մթնոլորտում շատ դժվար է պահպանել բանակցություններն ու դիվանագիտությունը:

Կապիլ Կոմիրեդդի – Այսինքն՝ Դուք այս պահին Բաքվի հետ անմիջական կապ չունեք, և հաղորդակցության ոչ մի ալիք չի՞ գործում:

Նիկոլ Փաշինյան – Ոչ: Բայց մենք կապի մեջ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ:

Կապիլ Կոմիրեդդի – 2016-ի այսպես կոչված «քառօրյա պատերազմը» հանգեցրեց փակուղու: Բայց դա չափազանց ձեռնտու էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է լինել ագրեսիայի այս շրջափուլի դրդապատճառը:

Նիկոլ Փաշինյան – Իմ համոզմունքն այն է, որ միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություններն են ի վիճակի գնալ փոխզիջման և ընդունել խաղաղության բանաձևեր: Խնդիրն այն է, որ Իլհամ Ալիևն իր նախագահության ընթացքում հակահայկական ատելության մթնոլորտ սերմանեց Ադրբեջանում: Ադրբեջանում «հայ» նշանակում է թշնամի, ում պետք է սպանել: Այդ ատելության մթնոլորտն այլևս պայթել էՙ դառնալով դառն իրականություն:

Կապիլ Կոմիրեդդի – Դուք կիրակի խորհրդարանում ասացիք, որ «տեղի ունեցածի մեջ անսպասելի ոչինչ չկա»: Եթե կանխատեսել էիք, ապա ինչո՞ւ ամեն ինչ չարեցիք, որպեսզի դա տեղի չունենար:

Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան է պատերազմի միջոցով կամ առանց պատերազմի: Ուստի տրամաբանական չէր լինի, եթե ես համաձայնեի Լեռնային Ղարաբաղի ադրեջանական օկուպացիայինՙ պատերազմից խուսափելու համար: Ալիեւը փոխզիջման համար տեղ չթողեց:

Կապիլ Կոմիրեդդի – Վարչապետ դառնալուց առաջ Դուք լրագրող էիք և իրավապաշտպան: Ձեր պաշտոնավարման առաջին օրվանից Հայաստանն զգալի առաջընթաց է գրանցել: Այդ ձեռքբերումները, որոնք արդեն վտանգված են համաճարակով, գրեթե անկասկած ի չիք կդառնան պատերազմի արդյունքում: Ձեզ համարում են Կովկասի Գանդի: Ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստ եք վճարել խաղաղության համար:

Նիկոլ Փաշինյան – Երբ ես դարձա Հայաստանի վարչապետ, ասացի, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր պատերազմը կնշանակի պատերազմ ժողովրդավարության դեմ: Այժմ կարող եմ պաշտոնապես ասել, որ Հարավային Կովկասում ժողովրդավարության դեմ Ադրբեջանի պատերազմը սանձազերծված է: Դա միայն պայքար չէ մեկ ազգի կամ մեկ պետության ազատության համար: Սա պայքար է ժողովրդավարության համար, քանի որ այն վարում է բռնապետությունն ընդդեմ ժողովրդավարության:

Վարչապետի հարցազրույցի հղումը The Spectator հանդեսին