Լճկաձոր գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Լոռու ձոր

5295

Այսօրվա Լճկաձոր գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1873 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1873-ին գյուղը ունեցել է 67 բնակիչ, բոլորն էլ հայեր:

Երվանդ Լալայանը իր “Բորչալուի գավառ” աշխատության մեջ գրում է. “Սա մօտ ժամանակներս հիմնուել է մի հին գիւղատեղում: Բնակիչները գաղթել են մօտակայ Ճալի գիւղից: Ընդամենը 13 տուն են. 80 արական և 51 իգական, միասին 131 հոգի”:

Լճկաձորը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, Այրում երկաթուղային կայարանից և Այրում քաղաքից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք:

Լճկաձորի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 67 հոգի

1886 թվական – 121 հոգի

1897 թվական – 154 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1916 թվական – 264 հոգի

1922 թվական – 228 հոգի, որից 1-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 220 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2-ը՝ թուրք,

1931 թվական – 262 հոգի, որից 6-ը՝ թուրքական խումբ

Լճկաձորը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Թիֆլիսի նահանգի Բորչալու գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Լճկաձորը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Լճկաձորը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840), Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845) և Թիֆլիսի նահանգի (1845-1918) մաս:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Լճկաձորը Ալավերդու շրջանին էր պատկանում:

1937-ին Իջևանի և Ալավերդու շրջանների հաշվին ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը, որի կենտրոն դարձավ Բարանա գյուղը՝ վերանվանվելով Նոյեմբերյան:

Բորչալուի գավառը իբրև առանձին վարչական միավոր կազմվել է 1880 թվականին, որպես Թիֆլիսի նահանգի մաս: Երվանդ Լալայանը գրում է նորաստեղծ գավառի մեջ են մտել Բորչալուի հարթավայրն ու Լոռի և Թրիալեթ լեռնային գավառակները, կամ հայկական հին բաժանումով՝ Գուգարաց աշխարհի Ձորափոր (Դեբեդ գետի հովիտը իր Սևորդյա և Կայենի ձորերով), Ծոբոփոր (Սոմխեթը և Բորչալուն), Տաշիրը (Լոռի), Թռեղք (Թրիալեթ), Բաղափոր (Բոլնինի ձոր) և Դմանյաց (Դմանիս) գավառակները:

Ամբողջ գավառը կոչվել է իրպ մի մասի՝ Բորչալուի հարթավայրի անունով, իսկ սա, որ հայերենից Ծոբոփոր, իսկ վրացերենից Սոմխեթ էր կոչվում, Բորչալու է վերակոչվել այն թուրք ցեղի անունով, որ Շահ Աբասը վերաբնակեցրել է այստեղ 1603-ին, ինչպես պատմում է վրաց թագավորության աշխարհագիր Վախուշտը: