Հետազոտող, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Ֆակտոր կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ առանձին ենթագլխով անդրադառնում է 1928 թվականի քարտեզներին:
Նա առանձնացրել է 1928 թվականի չորս քարտեզ
ա/ Հայաստանի քարտեզը ԽՍՀՄ 1928 թվականի ատլասից,

բ/ Հայաստանի սահմանների ուրվագիծը նույն ատլասի Ադրբեջանի քարտեզից,

գ/ նույն ատլասի Անդրկովկասյան Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ԱԽԴՍՀ) քարտեզից,

դ/ Հայկական ԽՍՀ-ի ֆիզիկական քարտեզը, որը հրատարակել է ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը։
Այս քարտեզները հաճախ օգտագործվում են 1920-ականներին անկլավների բացակայությունը ցուցադրելու համար, սակայն միմյանցից խիստ տարբերվող պատկեր են ներկայացնում, գրում է Մելիքսեթյանը։
ԽՍՀՄ 1928 թվականի ատլասը նման ծավալի առաջին աշխատանքն էր՝ միութենական հանրապետությունների, ՌԽԴՍՀ մարզերի, ինքնավար հանրապետությունների և այլ միավորների մանրամասն քարտեզներով։ Այն ներառում էր ԱԽԴՍՀ-ի ընդհանուր քարտեզը, ապա առանձին՝ Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Վրաստանի քարտեզները։
Յուրաքանչյուր միավորին նվիրված ծավալուն տեքստերում բերվում էին վիճակագրական բազմաթիվ տվյալներ, այդ թվում՝ Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների մակերեսները.
Վրացական ԽՍՀ՝ 68 865 կմ² (ուշ խորհրդային շրջանի 69 700-ի փոխարեն),
Հայաստան՝ 30 948 կմ² (29 743-ի փոխարեն),
Ադրբեջան՝ 84 679 կմ² (86 600-ի փոխարեն)։
1928 թվականի քարտեզը հրապարակել է մի շարք հայաստանյան լրատվականներում՝ ապացուցելու, որ 1920-ականներին Հայաստանի տարածքը ներկա տարածքից 1500 կմ²-ով մեծ էր (այսինքն, մոտ 31,2 հզ. կմ²)։ Սակայն պատկերված քարտեզով Հայաստանի տարածքը զգալիորեն փոքր է ատլասի վիճակագրական բաժնում իսկ նշված տվյալներից (30 948 կմ²) և կազմում է 30 077 կմ²՝ ներկայիս տարածքից 334 կմ²-ով ավելի։ Այսինքն՝ նույնիսկ նույն ատլասում Հայաստանի մակերեսի վերաբերյալ հրապարակված տվյալը՝ 30 948 կմ², և քարտեզում պատկերված տարածքի չափումը՝ 30 077 կմ², չեն համընկնում։
Այս քարտեզում Հայաստանի կազմում պատկերված են Ալ լճերը և Արծվաշենը։ Վերջինիս ուրվագիծը իրական դիրքի համեմատ շեղված է հյուսիս, բայց ուղիղ ցամաքային կապ ունի Հայաստանի հետ, այսինքն՝ անկլավ չէ։
Տավուշի հատվածում սահմանը ներառում է ներկայիս սահմաններից դուրս տարածքներ՝ անկլավները և ադրբեջանական սահմանամերձ գյուղեր, որոնք 1920-ականների սահմանային վեճերին առնչվող փաստաթղթերում նշվում են Ադրբեջանի կազմում: Կարսի հաշտության պայմանագրով սահմանված գծից հարավ գտնվող Վայոց ձորի 9 գյուղերից 7-ի տարածքը՝ բացի Խաչիկից և Ամաղուից, պատկերված է Նախիջևանի կազմում։
Քյարքի և Գյուննութ գյուղերի տարածքը Հայաստանի մաս են: Հայաստանից դուրս կամ հենց սահմանին են նաև Դավիթ Բեկը, Ագարակը, Սև լիճը՝ Սյունիքի հատվածում:
Վրաստանի սահմանային հատվածում Հայաստանից դուրս են Բագրատաշենը և Ջիլիզան՝ Շամլուղի անտառտնտեսության ամբողջ տարածքով։ Վերջին փաստը նաև հակասում է ատլասի վիճակագրական բաժնին, որտեղ Վրաստանի տարածքը ներկայինից զգալի պակաս է նշված, մինչդեռ ըստ քարտեզի այն առնվազն Հայաստանի հատվածում ներկայինից մեծ է:
Նույն ատլասի երկրորդ քարտեզը Ինչպես Խորհրդային մեծ հանրագիտարանի 1926 թվականի երկու քարտեզների դեպքում, այս ատլասի Ադրբեջանի քարտեզում Հայաստանի սահմանները տարբերվում են Հայաստանի առանձին քարտեզի սահմաններից։
Ադրբեջանի քարտեզով Խաչիկ գյուղը ու ամբողջ հարակից հատվածը (1), ինչպես նաև Կարճևանը (2) Ադրբեջանի կազմում են՝ Կարսի պայմանագրի սահմանագծին համապատասխան։ Իսկ Շընըխ-Այրումի ամբողջ գոտին՝ համանուն գյուղով, ինչպես նաև Արծվաշենը (3) Հայաստանի կազմում են: Երկուսի դեպքում էլ Ալ լճերի հատվածը նշված է Հայաստանի կազմում:
Նույն ատլասի ԱԽՖՍՀ-ի ընդհանուր քարտեզում Հայկական ԽՍՀ-ի սահմաններն ավելի ուժեղ են տարբերվում մյուս երկուսից։ Այս քարտեզի ամենակարևոր տարբերությունը ներկայիս Տավուշի՝ Բերդի հատվածի սահմանն է, ինչի պատճառով գրեթե ամբողջ Բերդի շրջանը՝ հարակից Արծվաշենով, պատկերված է Ադրբեջանի կազմում։
Ինչպես ժամանակաշրջանի մյուս Խորհրդային Հայաստանից դուրս հրատարակված քարտեզներում, Վայոց ձորի հարավային մասի գյուղերը Հայաստանից դուրս են, իսկ Ալ լճերն ու Կապանից հարավ մոտ 20 ադրբեջանական գյուղերը, որոնց մասին վերջնական որոշումը կայացվեց 1929 թ.՝ նրա կազմում։
Միևնույն ժամանակ՝ Արծվաշենն Ադրբեջանում է, իսկ բոլոր ադրբեջանական ապագա անկլավները՝ Հայաստանում։
Նույն տարվա հայերեն քարտեզն արդեն բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։ Թեև այն նույնպես հաճախ օգտագործվում է 1920-ականներին անկլավների բացակայությունն ապացուցելու համար, դրա սահմաններում Հայաստանի մակերեսը 29,5 հազար կմ² է՝ ներկայինից փոքր։
Ոչ միայն Քյարքին, այլև ամբողջ հարակից հատվածը պատկերված են Ադրբեջանի կազմում։
Սոֆուլու–Բարխուդարլու անկլավի մեծ մասը ևս Ադրբեջանի կազմում է։
Այստեղ ևս, ինչպես 1920-ականների բոլոր քարտեզներում, Ալ լճերի տարածքը Հայաստանի կազմում է, բայց սա միակ խոշոր տարածքային առավելությունն է ներկա սահմանների համեմատ: Բացի այս շարքի քարտեզներին բնորոշ սխալներից, Գորիսի և Կապանի գոտիներում, որտեղ հայկական Կոռնիձոր, Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերը հայտնվում են սահմանին կամ Հայաստանից դուրս, այս քարտեզում Հայաստանից դուրս են նաև Վայոց ձորի հարավային հատվածի գյուղերը՝ բացի Խաչիկից և Բարձրունիից։
Վրաստանի կազմում են Բագրատաշենը, Դեբեդավանը, Ջիլիզան և Լոռու Շամլուղի անտառը։ Այս քարտեզը, ինչպես Զավեն Կորկոտյանի 1927 թվականի քարտեզը, ցույց է տալիս Սոֆուլուի և Բարխուդարլուի ուղիղ ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ։ Բայց այս քարտեզի ավելի կարևոր յուրահատկությունն այն է, որ այն 1920-ականների քարտեզներից միակն է, որտեղ ոչ միայն Քյարքին, այլև ամբողջ հարակից հատվածը Նախիջևանի կազմում են նշված։ Այսինքն՝ այստեղ իսկապես անկլավներ չկան, բայց հետագա քարտեզներում որպես անկլավ նշված բոլոր տարածքները, բացի Յուխարի Ասկիպարայից (Վերին Ոսկեպար), ուղիղ ցամաքային կապ ունեն իրենց հիմնական պետության հետ։











