Հայաստան-Ադրբեջան սահմանները` ըստ Զավեն Կորկոտյանի 1927 թվականի քարտեզի

1278

Նշանավոր հայ վիճակագրող Զավեն Կորկոտյանը 1927 թվականին կազմել է Խորհրդային Հայաստանի քարտեզը, ըստ որի Հայաստանի մակերեսը սահմանային ուրվագծի ներսում կազմում է 29 908 կմ², գրում է հետազոտող, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Ֆակտոր կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Ժամանակակից սահմանների համեմատ միակ էական տարբերությունը Ալ լճերի (Ալագյոլլար) տարածքի ներառումն է Հայաստանի կազմում։

Այս քարտեզն առաջին անգամ ցույց է տալիս Հայաստանի հիմնական տարածքը և Արծվաշենը միացնող պարանոցը։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա՝ Խորհրդային մեծ հանրագիտարանի 1926 թվականի քարտեզի, Շընըխ-Այրումի ամբողջ գոտին, բացի հյուսիսային փոքր հատվածից, Ադրբեջանի կազմում է։

1927 թվականի հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի հողագործության ժողովրդական կոմիսարները՝ Արամայիս Երզնկյանը և Դադաշ Բունիաթզադեն, որոշում էին ընդունել Շընըխ-Այրումի գոտու վերաբերյալ։ Այն պետք է անցներ Ադրբեջանին, իսկ Արծվաշենը փոխարենը ստանար ցամաքային կապ Հայաստանի հետ։ Երզնկյանը փորձեց այս որոշումը կապել Ալ լճերի (Ալագյոլլար) հարցի լուծման հետ, ինչի պատճառով այն չիրականացվեց մինչև 1929 թվականի փետրվարի 18-ը։

1927 թվականի քարտեզի սահմանների գրաֆիկական համադրումը ժամանակակից սահմանների հետ

Հայկական բազմաթիվ հրապարակումներ այս քարտեզով հիմնավորում են, որ 1920-ականներին Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկային, իսկ Արծվաշենը ցամաքային կապ ուներ Հայաստանի հետ։ Սակայն նույն քարտեզում ադրբեջանական Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերն ուղղակի ցամաքային կապ ունեն Ադրբեջանի հետ և անկլավ չեն։

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը Զ. Կորկոտյանի 1927 թվականի քարտեզով։ Արծվաշենը ցամաքային կապ ունի Հայաստանի, իսկ Սոֆուլուն՝ Ադրբեջանի հետ

Նախիջևանի գոտում Հայաստանի կազմում է պատկերված նաև սահմանից հյուսիս գտնվող Գյուննութ գյուղը։

Վայոց ձորի այն գյուղերը, որոնք Խորհրդային մեծ հանրագիտարանի 1926 թվականի քարտեզում Նախիջևանի կազմում էին, այստեղ Հայաստանի կազմում են՝ ինչպես 1922 թվականի հայ-ադրբեջանական փաստացի սահմանի նկարագրությունում։

Սյունիքի արևելյան հատվածում սահմանը սխեմատիկ և մոտավոր է, ինչի պատճառով Դավիթ Բեկ, Ագարակ, Խնձորեսկ և Խնածախ գյուղերը հայտնվում են հենց սահմանին կամ Հայաստանից դուրս, թեև հայտնի է, որ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի տարածքում էին։

Հայաստանի սահմանը Սյունիքում՝ Զ. Կորկոտյանի 1927 թվականի քարտեզով։ Հայաստանից դուրս են պատկերված Կոռնիձոր, Խնձորեսկ, Դավիթ Բեկ (Զեյվա) և Ագարակ գյուղերի զգալի տարածքներ։ Վերջին երկու գյուղերը Ադրբեջանի կազմում են, թեև այդ շրջանում Հայաստանին դրանց պատկանելությունը լավ փաստագրված է։

Սխալ է նաև Բերդի տարածաշրջանին հարող մի քանի (Թաթլու, Քյոհնաղշլաղ) ադրբեջանական գյուղերի տարածքի ներառումը Հայաստանի կազմում։ Հարևան հայկական գյուղերի հետ բոլոր հողային վեճերում 1920-ականների սկզբից դրանք ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածքում գտնվող գյուղեր և երբեք չեն փոխել պատկանելությունը։

Այսպիսով, 1920-ականների քարտեզներից ժամանակակից սահմաններին ամենամոտ այս քարտեզը ցույց է տալիս Հայաստանի ցամաքային կապն Արծվաշենի, բայց նաև Ադրբեջանի կապը Սոֆուլուի և Բարխուդարլուի հետ։

Մյուս երկու անկլավները՝ Յուխարի Ասկիպարան և Քյարքին, որևէ կերպ առանձնացված չեն։ Միաժամանակ, մանր սխալները և 1920-ականներին լավ փաստագրված պատկանելություն ունեցող գյուղերի ներառումը Հայաստանի սահմաններում այս, ինչպես և վաղ խորհրդային այլ քարտեզների բնորոշ թերություններից են, գրում է Մելիքսեթյանը։