Հայաստան-Ադրբեջան սահմանները` ըստ 1932–1947 թվականների քարտեզների

813

Նախապատերազմյան շրջանի առավել մանրամասն քարտեզը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները չափազանց մոտ են ժամանակակիցներին, 1932 թվականի հայերենով քարտեզն է, գրում է հետազոտող, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Ֆակտոր կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ։

Այստեղ Արծվաշենը պատկերված է Հայկական ԽՍՀ-ից դուրս, իսկ ադրբեջանական անկլավները՝ Հայաստանի կազմում։ Միաժամանակ, ադրբեջանական անկլավային գյուղերը՝ Սոֆուլուն, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան, մակագրված են Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակավայրերի տառատեսակով, իսկ Արծվաշենը՝ Հայկական ԽՍՀ-ի բնակավայրերի տառատեսակով։ Ավելին՝ այն պարփակված է մի սահմանագծով, որը միջհանրապետական կամ միջշրջանային չէ, բայց կապում է այն Հայաստանի տարածքին։ Սա թերևս լավագույնս պատկերում է անկլավային գյուղերի հարցի այն ժամանակվա անորոշ վիճակը. բնակավայրի պատկանելությունը հասկանալի էր, բայց հանրապետության անընդհատ սահմանների շրջանակում մեկուսացած տարածքը ցույց տալու քարտեզագրական լուծումներ վաղ ԽՍՀՄ-ում դեռ չկային, գրում է Մելիքսեթյանը։

Քյարքին այս քարտեզում որևէ կերպ չի արտացոլված, թեև Նախիջևանի ԻԽՍՀ-ի հետ հիմնական սահմանը լիովին համապատասխանում է ուշ խորհրդային և ժամանակակից սահմաններին։

Արծվաշենը և Տավուշի ադրբեջանական անկլավներն առաջին անգամ որպես անկլավներ պատկերվում են 1938–1939 թվականներին։ Դա, պետք է ենթադրել, կապված էր Հայաստանի և Ադրբեջանի կուսակցական մարմինների՝ 1938 թվականի ապրիլ–մայիսին կայացած քննարկումների հետ։ Բողոքները վերաբերում էին տարբեր քարտեզներում հանրապետությունների սահմանների անորոշ պատկերմանը, ինչպես նաև հարցին, թե ինչպես վերաբերվել այն գյուղերին, որոնք գտնվում են մի հանրապետության տարածքի խորքում, բայց ենթարկվում են հարևան հանրապետությանը: Ադրբեջանական աղբյուրների հրատարակված նյութերից պարզ է դառնում, որ խորհրդային ընդհանուր պետության պայմաններում որոշվել էր պահպանել այդ իրավիճակը, փաստացի վերջնականապես ֆիքսելով անկլավների գոյությունը: Արդեն իսկ հաջորդ՝ 1939 թվականին բոլոր անկլավները, բացի Քյարքիից, առաջին անգամ հայտնվում են Աշխարհի խորհրդային մեծ ատլասի՝ Հայկական ԽՍՀ-ի քարտեզում։

Քյարքին ևս քարտեզներում հայտնվում է նույն՝ 1939 թվականին, բայց մեկ այլ՝ Հայկական ԽՍՀ-ի ֆիզիկական քարտեզում։ Թեև քարտեզը տպագրվել է 1940-ի սկզբին, այն տպագրության է հանձնվել 1939-ի վերջին, ինչն արձանագրված է քարտեզի պայմանական նշանների բաժնում։

Հաջորդ տարի Քյարքին նշված է նաև Կարմիր բանակի ռազմատեղագրական քարտեզում, թեև սահմանների ուրվագիծը որոշ չափով աղավաղված է։

1940-ականների քարտեզներում Քյարքիի պատկերումը դեռ մշտական չէ, բայց 1950-ականների կեսից այն նշվում է հետևողականորեն։