Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առցանց քվեարկության արդյունքում հաստատվել են ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը և ժամը:
9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՖՖ շենքում:
Հոկտեմբերի 20-ին ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ ՀՖՖ անդամները կանոնադրական փոփոխություններ կատարելու նպատակով դիմել են արտահերթ ժողով հրավիրելու պահանջով։ Հաշվի առնելով հանրային արձագանքը՝ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները։
Արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը, այդ թվում՝ Պրեմիեր լիգան ներկայացնող 9 ակումբ՝ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Սարդարապատ», «Վան», «Արարատ», «Գանձասար» և «Սյունիք», ՀՀ առաջին լիգան ներկայացնող 6 ակումբ՝ «Անդրանիկ», «Օլիմպիա», «Միկա», «Լեռնային Արցախ», «Բենտոնիտ» և «Արարատ Ավշար», ինչպես նաև մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող ակումբներ՝ «Ախթամար», «Աչաջուր», «Վեդի», «Այգ», «Նիկարմ», «Կումայրի», «Հայասա», «Լոռի Վանաձոր», «Վեստ Արմենիա», «Աղբյուրակ», «Անի» և «Աբովյան Ակադեմիա»։ Նախաձեռնությանը միացել են նաև «Երևան ֆուտզալի» և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ակումբները։
Հետագայում տեղեկացել ենք, որ նախաձեռնությանը միանում է նաև «Վանաձոր» ակումբը։ Նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները։
ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է երկու ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով։
2026 թվականի վերջին կայանալու է ՀՖՖ հերթական տարեկան ժողովը, որի ընթացքում ընտրվելու են ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները, ՀՖՖ նախագահը և փոխնախագահը։
Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը, ղեկավարվելով ՀՖՖ կանոնադրության 34-րդ հոդվածի 2-րդ կետով և 35-րդ հոդվածով, Արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ են ներկայացրել։
Վերջիններս դիմել են ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու նպատակով։
Առաջարկվում է կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։
Նախագծով առաջարկվում է հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։
Առաջարկվում է նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։
Գործող կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ է համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել է քառամյա ժամկետի աննշան մասը։
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ այս փոփոխությունները դեկտեմբերյան ընտրություններին ընդառաջ իրականացնում են ֆրանսիահայ ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբորը՝ Դենիս Ջորկաեֆին ֆեդերացիայի նախագահ ընտրելու համար:
Հայաստանի պրեմիեր լիգայի ակումբներից առնվազն մեկը հրապարակավ քննադատում է այս գործողություններն ու հայտնում, որ եթե Ջորկաեֆն առաջադրվի, նրա օգտին չեն քվեարկի:
Ի՞նչ կապ ունի Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի հետ
61-ամյա Ջորկաեֆը 2021-ից Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոսն է, Դեսինի քաղաքապետի տեղակալն է, սակայն, ի՞նչ կապ ունի ֆուտբոլի հետ՝ հայտնի ֆուտբոլիստի եղբայրը լինելուց զատ: Նրա կենսագրության զուտ ֆուտբոլային գործունեությանն առնչվող թերևս հիմնական փուլը 2020-ին ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի միջազգային հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելն է: Ջորկաեֆը նաև բուքմեյքերական ընկերության հիմնադիր Բադալյանների բիզնես դեսպանն է:
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող կանոնակարգի՝ թեկնածուն վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում պետք է ակտիվ դերակատարում ունենա Հայաստանի ֆուտբոլի ոլորտում, կամ պաշտոն ունենա, կամ նախկին ֆուտբոլիստ լինի, կամ զբաղվի մարզական լրագրությամբ, սպորտային իրավաբանությամբ և այլն:
Հայերենին տիրապետելու պայմանը կասեցնելու հարցը քննարկելու են մի կազմակերպությունում, որի գլխավոր քարտուղարը 3 տարի առաջ վերջին ընտրությունների ընթացքում դիտողություն էր անում «Ուրարտու» ակումբի նախագահ Ջևան Չելոյանցին հայերենին չտիրապետելու և ռուսերենով հարց տալու համար:
ՀՖՖ 34 անդամներից արտահերթ ժողով անցկացնելու նախաձեռնությանը միացել են 30-ը
Ցանկում չկան միայն ռուսաստանաբնակ գործարար Ջիվան Ջելոյանցին պատկանող «Ուրարտուն», Հանրապետական նախկին պատգամավոր Արման Սահակյանին պատկանող Գյումրիի «Շիրակը», լրագրող Թաթուլ Հակոբյանի հիմնադրած «Դովեղն» ու 2023-ին հիմնադրված Սպիտակի «Հայք» ակումբը: Այս ակումբին օգոստոսին խաղերին չներկայանալու համար հեռացրել են Հայաստանի առաջին խմբի առաջնությունից, ինչից հետո ակումբի սոցցանցի էջը չեն թարմացրել:
Արտահերթ ժողով հրավիրելուն, ի դեպ, կողմ է արտահատվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ Արմենիան»:
«Ուրարտու» ակումբի հետ կապ հաստատել չստացվեց, «Դովեղի» հիմնադիր Թաթուլ Հակոբյանն այս թեմայով հարցերին պատասխանել չցանկացավ: «Շիրակից» «Ազատության» հարցերին ակումբի մամուլի քարտուղար Հաբեթ Հարությունյանն է գրավոր պատասխանել՝ ընդգծելով, որ կանոնակարգը փոխելու նախաձեռնությանը միանալու առաջարկ չեն ստացել, ստանալու դեպքում կմերժեին:
«Ենթադրում ենք՝ այս ամենը ՀՖՖ ղեկավարության ձեռքի գործն է, ոչ թե ակումբների։ ՀՖՖ ղեկավարությունը պարզապես որոշել է թաքնվել իրենց լոյալ ակումբների հետևում ու գործը թողնել ակումբների վրա։ Դեկտեմբերին ՀՖՖ ընտրություններն են ու որոշել են մի անձի համար կանոնադրություն փոխել, հանել գործող սահմանափակումները, որը թույլ կտա Դենիս Ջորկաեֆին սարքել ՀՖՖ նախագահ։ Միանշանակ է, որ եթե վերջինս լինի թեկնածու, Շիրակ ՖԱ-ն նրա օգտին չի քվեարկի», – նշել է նա:
Մեկ մարդու համար ընտրության կանոնակարգը խմբագրելու նախաձեռնությունը քննադատող «Շիրակ» ֆուտբոլային ակումբից վստահություն են հայտնում, որ ՀՖՖ նախագահի այլ թեկնածու էլ կլինի և իրենց դիրքորոշումը շուտով կհայտնեն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր չէ նորից առաջադրվել, ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել նաև փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:
Դենիս Ջորկաեֆի հետ «Ազատությանը» կապ հաստատել չի հաջողվել: 3 Ջորկաեֆ եղբայրներից 52-ամյա Միշան էլ Հայաստանում պաշտոն ունի, նա անցած տարվանից Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է:











