Հայաստանի տարածքում անկլավների բացակայությունն ապացուցելու համար ամենից հաճախ օգտագործվող քարտեզներից մեկը Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հրատարակության 1926 թվականի քարտեզն է, գրում է հետազոտող, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Ֆակտոր կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Դրա կոորդինատների ու ուրվագծի վեկտորային հիմքի վերածումը և Հայաստանի ժամանակակից սահմանների հետ համադրումը ցույց է տալիս, որ քարտեզի սահմանային ուրվագծի ներսում Հայաստանի մակերեսը 30,2 հազար կմ² է։

1926 թվականի և ժամանակակից սահմանների համադրումը գրաֆիկական հիմքի վրա
Ադրբեջանական անկլավների տարածքները ՀԽՍՀ-ի ներսում են։ Արծվաշենի՝ 1970–80-ականների սահմաններով տարածքի մի մասը Հայաստանի սահմաններում է, բայց բուն գյուղը՝ սահմանին կամ ադրբեջանական կողմում։ Հայաստանի կազմում են Շընըխ-Այրումի ամբողջ գոտին, Ալ լճերը (Ալագյոլլար), Նախիջևանի հյուսիսային փոքր հատվածը՝ ներառյալ Գյուննութ գյուղի գոտին, ներկայիս Տավուշի սահմաններից դուրս տարածքներ և Լոռու հատվածում Վրաստանի որոշ տարածքներ։
Միաժամանակ, Հայաստանից դուրս են պատկերված Շամլուղի անտառը և Ջիլիզա գյուղը, որոնք 1920-ականներին հայ-վրացական վեճի առարկա էին, ինչպես նաև Բագրատաշենը (այն ժամանակ՝ Լամբալու) և Դեբեդավան գյուղի ամբողջ հատվածը։
Հայաստանից դուրս է նաև Վայոց ձորի 9 գյուղերի տարածքը, որը Կարսի հաշտության պայմանագրի սահմաններով անցնում էր Նախիջևանին։ Մինչդեռ 1922 թվականի հայ-ադրբեջանական փաստացի սահմանի նկարագրությամբ այդ գյուղերը, բացի Իթղրանից (Նոր Ազնաբերդ), Հայաստանի կազմում էին։ Բացի այդ, Ադրբեջանի ԿԳԿ-ն 1926–1927 թվականներին դժգոհում էր, որ դրանք մնում են Հայաստանի վերահսկողության ներքո։

Հայաստանի ժամանակակից սահմանների համադրումը Խորհրդային մեծ հանրագիտարանի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի 1926 թվականի քարտեզի սահմանների հետ
Տավուշի գոտում Հայաստանի կազմում են նշված նաև ադրբեջանական Քեմերլի, Քյոհնաղշլաղ, Հաջիլլի, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի տարածքները։ 1920-ականների սկզբից սահմանային վեճերի բոլոր փաստաթղթերում դրանք նշված են Ադրբեջանի կազմում, ուստի՝ քարտեզի տվյալներն այս մասով սխալ են։
Սխալ է նաև Հայաստանի՝ Սյունիքի սահմանը Զանգեզուրի լեռնաշղթայի երկայնքով, որը քարտեզում շեղված է դեպի արևմուտք։
Այսպիսով, քարտեզը միայն մասամբ է արտացոլում Հայաստանի և Ադրբեջանի փաստացի սահմանը։ Որոշ հատվածներում, որտեղ գյուղերի պատկանելությունը հայտնի է, այն մեծացնում է Հայաստանի տարածքը (Տավուշում), իսկ այլ հատվածներում չի ներառում հաստատապես Հայաստանին պատկանած գյուղերը (Վայոց ձորում)։
Առավել ուշագրավն այն է, որ նույն տարվա Խորհրդային մեծ հանրագիտարանի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի քարտեզում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները տարբերվում են Հայաստանի քարտեզում ներկայացվածներից։

Ամենաէական տարբերությունը Վրաստանի տարածքից մոտ 2,4 հազար կմ²-ի ներառումն է Հայաստանի կազմում։












