Անդրկովկաս կամ Հարավային Կովկաս ասելով նկատի է առնվում այն տարածքը, որ այսօր կազմում են Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այն է.
Ադրբեջան – 86.600 քառակուսի կիլոմետր,
Վրաստան – 69.700 քառակուսի կիլոմետր,
Հայաստան – 29.743 քառակուսի կիլոմետր:
Այսպիսով, Անդրկովկասի ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 186 հազար քառակուսի կիլոմետր:
Արևմուտքում Անդրկովկասի սահմաններն են Սև ծովը, Վրաստան-Թուրքիա, Հայաստան-Թուրքիա, Նախիջևան-Թուրքիա և Նախիջևան-Իրան հատվածները, հյուիսում՝ Մեծ Կովկասի լեռնաշղթան՝ Աբխազիա-Ռուսաստան, Հարավային Օսիա-Ռուսաստան, Վրաստան-Ռուսաստան և Ադրբեջան-Ռուսաստան հատվածները, արևելքում՝ Կասպից ծովը, հարավում՝ Հայաստան-Իրան և Ադրբեջան-Իրան հատվածները:
Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկում է իր միջազգայնորեն ճանաչված տարածքները, այդ թվում Խորհրդային Միության փլուզման պահին նրա կազմում առկա երկու ինքնավար կազմավորումները՝
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը – 5.502 քառակուսի կիլոմետր,
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը – 4.400 քառակուսի կիլոմետր:
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտման և արտաքսման, և Բաքուն ամբողջությամբ վերահսկում է նախկին ԼՂԻՄ տարածքը:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը փաստացի որևէ ինքնավարություն չունի:
Ադրբեջանը գրավման տակ է պահում նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից մոտ 200 քառակուսի կիլոմետր:
Խորհրդային Միության փլուզման պահին Վրաստանն ուներ հետևյալ ինքնավարությունները.
Աբխազիա – 8.665 քառակուսի կիլոմետր,
Աջարիա – 2.880 քառակուսի կիլոմետր,
Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ – 3.900 քառակուսի կիլոմետր:
Վրաստանը վերահսկողություն չունի Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ:
Ադրբեջանի բնակչությունը, համաձայն վերջին՝ 2019 թվականի մարդահամար, կազմում է 10,127,145 հոգի:
Վրաստանի բնակչությունը, համաձայն վերջին՝ 2024 թվականի մարդահամարի, կամում է 3,929,581 հոգի, չհաշված Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչությունը:
Աբխազիայի բնակչությունը կազմում է 240,705 հոգի՝ համաձայն անկցացված վերջին մարդահամարի:
Հարավային Օսիայի բնակչությունը կազմում է 53,532 հոգի՝ համաձայն վերջին մարդահամարի:
Հայաստանի բնակչությունը, համաձայն վերջին՝ 2022 թվականի մարդահամարի, կազմում է 2,932,731 հոգի:
1922-1936 թվականներին Անդրկովկասում, որպես Խորհրդային Միության մաս և հիմնադիր միավորումն, եղել է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ԱՍՖԽՀ), կրճատ՝ Անդրֆեդերացիա Թիֆլիս կենտրոնով:
1926 թվականի Խորհրդային Միության առաջին մարդահամարի տվյալներով երեք հանրապետությունները ունեցել են հետևյալ բնակչությունը.
Խորհրդային Ադրբեջան – 2,314,571 հոգի,
Խորհրդային Վրաստան – 2,666,494 հոգի,
Խորհրդային Հայաստան – 880,464 հոգի:
Խորհրդային Հայաստանում հայ բնակչության թիվը 1926 թվականին կազմել է 743,571 հոգի կամ բնակչության 84.5 տոկոսը:
Խորհրդային Ադրբեջանում հայ բնակչության թիվը 1926 թվականին կազմել է 282, 004 հոգի կամ բնակչության ավելի քան 12 տոկոսը:
Խորհրդային Վրաստանում հայ բնակչության թիվը 1926 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 307,018 հոգի կամ բնակչության ավելի քան 11.5 տոկոսը:
Այսպիսով, Անդրկովկասում հայ բնակչության թիվը 1926 թվականին կազմել է 1.333.593 հոգի:
1918-1921/21 թվականներին Անդրկովկասում եղել են անկախ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, որոնք չեն ունեցել դե-յուրե սահմաններ:
Նախքան անկախությունը և Ռոմանովների Ռուսաստանի փլուզումից հետո, որի մաս է կազմել Անդրկովկասը, եղել է Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԱԺԴՀ), որն ունեցել է մոտ մեկ ամսվա կյանք՝ 1918 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 26-ը։
1917 թվականի դրությամբ (Ռոմանովների Ռուսաստանի անկման տարին) Ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния), 3 շրջան (область) և 1 մարզ (округ).
Երևանի նահանգ – Эриванская губерния,
Ելիզավետպոլի նահանգ – Елисаветпольская губерния,
Բաքվի նահանգ – Бакинская губерния,
Թիֆլիսի նահանգ – Тифлисская губерния,
Քութայիսի նահանգ – Кутаисская губерния,
Կարսի շրջան – Карсская область,
Բաթումի շրջան – Батумская область,
Դաղստանի շրջան – Дагестанская область,
Զաքաթալի մարզ – Закатальский округ (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, հիմնականում բնակեցված է մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով):
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 22-ը հոկտեմբերի, 2026թ












