Բաթում. 4 հունիս, 1918թ՝ Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև

2462

1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում հայերը և թուրքերը ստորագրեցին փաստաթուղթ, որը կրում էր հետևյալ անունը՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև»:

Սա մեկ շաբաթ առաջ հիմնադրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաջին փաստաթուղթն էր: Հայկական կողմից այն ստորագրեցին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակներ՝ Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին և Միքայել Պապաջանյանը, թուրքական կողմից՝ Օսմանյան կայսրության արդարադատության նախարար Խալիլ բեյը և կովկասյան ռազմաճակատի թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Վեհիբ Մեհմեդ փաշան:

Այս փաստաթղթով, ըստ էության, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև: Թուրքերը նաև առաջինն էին, որ Երևան ուղարկեցին իրենց դիվանագիտական ներկայացուցչին՝ Մեհմեթ Ալի փաշային, և հիմնեցին դեսպանություն, որը այսօրվա Սախարովի հրապարակի մոտ էր: Մեհմեթ Ալի փաշան Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուներից Էնվեր փաշայի ազգականն էր:

Աշնանը Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն հիմնեց Ստամբուլում՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաքի կենտրոնական, այսօրվա Իստիկլյալ Ջադդեսի փողոցի Թոքատլյան պանդոկում: Դեսպանը Ֆերնդինանդ Թախտաջյանն էր:

Բաթումի պայմանագրով գծվեց Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանը։ Այդ սահմանները, սակայն, մի քանի ամիս անց փոխվեցին հօգուտ Հայաստանի, քանի որ Առաջին աշխարհամարտում պարտված թուրքերը զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից և Արևելյան Հայաստանի զավթած հողերից։

Բաթումի դաշնագիրը կազմված էր 14 կետերից: Ահա դրանցից մի քանիսը.

Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվում է հաշտություն ու մշտական բարեկամություն:

Օսմանյան կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայաստանին այն դեպքում, եթե վերջինն այդ օգնությունը խնդրի նրանից` երկրում կարգն ու հանգստությունը ապահովելու համար:

Հայաստանը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի հրոսակախումբ չկազմավորվի և չզինվի իր տարածքի սահմաններում:

Հայաստանում ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն: Նրանք կարող են սովորել իրենց մայրենի լեզվով: Գլխավոր մուֆթին կնստի Երևանում` Հայաստանի մայրաքաղաքում, իսկ մյուս մուֆթիները կբնակվեն հանրապետության այն վայրերում, որտեղ նրանց ներկայությունը կհամարվի անհրաժեշտ:

Բաթումի դաշնագիրն ուներ նաև լրացուցիչ մաս՝ կազմված 6 հոդվածներից, որը նույնպես ստորագրվեց Բաթումում: Ահա դրանցից մի քանիսը.

Հայաստանի կառավարությունը անհապաղ ձեռնամուխ կլինի իր զորքերի զորացրմանը:

Հայաստանը պարտավորվում է իր տարածքից անհապաղ հեռացնել այն երկրների սպաներին և քաղաքացիական աստիճանավորներին, որոնք Թուրքիայի կամ նրա դաշնակիցների հետ պատերազմական վիճակում են:

Հայաստանը համաձայնություն է հայտնում, որ օսմանյան բանակը կատարի ամեն տեսակի ռազմական փոխադրումներ:

1918 թվականի հունիսի 4-ին, Բաթումում, Օսմանյան կայսերական կառավարությունը հաշտության և բարեկամության առանձին պայմանագրեր կնքեց նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Նույն օրը նախատեսված էր պայմանագրի ստորագրում Վրաստանի հետ, սակայն վրացիները, ի տարբերություն միայնակ մնացած հայերի, ունեին Գերմանիայի աջակցությունն ու հովանավորությունը: Մեկ օր անց, երբ թուրքերը որոշ տարածքային զիջումներ արեցին, Վրաստանը նույնպես ստորագրեց հաշտության և բարեկամության պայմանագիր:

Հայ-թուրքական դաշնագրի ստորագրումից հետո խոսքեր ասացին  Հայաստանի և Օսմանյան կայսրության պատվիրակությունների ղեկավարները՝ Խատիսյանն ու Խալիլը: Հաջորդ օրը՝ հունիսի 5-ի երեկոյան, թուրքերը հայերին, վրացիներին և ադրբեջանցիներին հրավիրեցին հանդիսավոր ճաշկերույթի: Ներկա էին կովկասյան բոլոր պատվիրակությունները և Պոլսից եկած բազմաթիվ սպաներ, պաշտոնյաներ և օրագրողներ: Հաջորդ օրը բոլորը մեկնեցին Բաթումից: Հայերը գնացքով վերադարձան Թիֆլիս՝ իրենց հետ բերելով անկախ Հայաստանի դիվանագիտական առաջին փաստաթուղթը:

Ալեքսանդր Խատիսյանը գրել է. «Մեծ է հայ երկրի ոգին: Մենք բերում ենք հաշտության վատ դաշնագիր, սակայն բերում ենք անկախ Հայաստան՝ տուն, որտեղ պիտի կոփվի ազգային միտքը: Այս ամենը կապում է, միացնում է, բարձրացնում է ոգին, իսկ դա կարևոր է: Ես հավատ ունեմ դեպի մեր պետությունը»: