Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դիվանագիական շփումներից. մայիս-հուլիս, 1920

2389

Ադրբէջանի վերջնագրի հարցը Հայաստանի պառլամենտում

Մայիսի 3-ին կայացաւ Հայաստանի պարլամենտի նիստը, ուր քննւեցին Բագւի վերջին իրադարձութիւնները, «Խորհրդային» Ադրբէջանի վերջնագիրը Հայաստանին:

Հանդէս եկան բազմաթիւ հռետորներ, որոնք արտասանեցին կրքոտ ճառեր:

Էս-էրները պաշտպանում էին այն տեսակէտը, որ պէտք է յարմարեցնել Հայաստանի քաղաքականութիւնը Սօվետական Ռուսաստանին և Հայաստանում մտցնել Խորհրդային իշխանութիւն:

Դաշնակցականները պնդում էին, որ հայ ժողովուրդը ամուր կանգնած է Միացեալ Հայաստանի անկախութեան տեսակէտի վրա և երբէք հայ ժողովրդի ազատութիւնը ոչ ոքի չի զիջի:

Ընդունւեց Դաշնակցութեան բանաձևը, որով առաջարկւում է կառավարութեանը պաշտպանել Հայաստանի անկախութիւնը և Ղարաբաղի ու Զանգեզուրի հայութեան իրաւունքները ընդդէմ Ադրբէջանի:

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/72.pdf

Ժողովուրդ, թիվ 72, ուրբաթ, 7 մայիսի, 1920թ

—–

Ադրբէջանը հաշտութիւն է առաջարկում Հայաստանին

Խորհրդային Ադրբէջանի կառաւարութիւնը մայիսի 9-ին ուղարկեց հայ ժողովրդի և Հայաստանի կառավարութեանը րադիօ-հեռագիր, որով նա բարդում է բոլոր ազգամիջեան կռիւները Անդրկովկասում Մուսաւաթիստական և Դաշնակցական կառավարութիւնների վրայ:

Ապա խուսափելու համար աշխատաւորների արիւնահեղութիւնից, Ադրբէջանի խորհրդային սոցիալիստական կառաւարութիւնը, որը ամեն միջոց ձեռք է առել արիւնալի ընդհարումները դադարեցնելու, առաջարկում է Հայաստանի ներկայ կառավարութեանը վիճելի հարցերը լուծելու համար բանակցութիւններ սկսել, որի համար ուղարկել իր լիազօրներին Բագու քաղաք ոչ ուշ, քան մայիսի 15-ը այս տարւայ»:

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/75.pdf

Ժողովուրդ, թիվ 75, երեքշաբթի, 11 մայիսի, 1920թ

—-

Ադրբէջանի դիմումը Հայաստանին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանեանին

Բագու, 22 մայիս

Բեհբուտ Շահթախթինսկին Ադրբէջանի կառավարութեան կողմից նշանակւած է հայ-ադրբէջանեան կայանալիք կոնֆերանսի համար ներկայացուցիչ:

Ստացւած տեղեկութիւնների համաձայն, հայկական կառավարութիւնը նրան ձերբակալել է: Այդ բանը ի նկատի ունենալով իմ կառավարութեան անունից առաջարկում եմ անմիջապէս Շահթախթինսկուն արձակել և ցոյց տալ նրան աջակցութիւն՝ անարգել Բագու անցնելու:

Արտաքին գործերի կոմիսար՝ Հուսէյինով

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/89.pdf

Ժողովուրդ, թիվ 89, հինգշաբթի, 3 հունիսի, 1920

—–

Արտաքին գործերի նախարարի պատասխանը Ձեր ուղղած &376 ռադիօ գրի, որ մեր ռադիո կայանը, ընդունել է մայիսի 30-ին, հաղորդում եմ, որ Հայաստանի կառավարութեանը ոչինչ յայտնի չէ Բէյբութ Շախթախթինսկու բանտարկութեան, ինչպէս նաև նրան Ադրբէջանի կառավարութեան կողմից առաջիկայ հայ-ադրբէջանական կոնֆերանսի ներկայացուցիչ նշանակելու մասին:

Իմ կառավարութիւնը մինչև այժմ ոչ մի պատասխան չի ստացել Ձեր կառավարութիւնից ինչպէս իմ մայիսի 12-ի &2898 թւակիր ռադիօ գրի, Ղազախում գումարւելիք կօնֆերանսի վերաբերյալ, այնպէս էլ նոյն ամսի 26-ի [հեռագրի] անյապաղ ազատելու ապօրինի կերպով Քարւանսարայում [Իջևան] ձերբակալւած և ձեր զօրամասերի կողմից բռնի Ադրբէջան տարւած Հայաստանի պաշտօնական անձանց՝ ներքին գործոց նախարարի օգնական Մանասեանին, գեներալ Բաղդասարեանին, Դիլիջանի զեմստւային վարչութեան անդամ Ջաղէթեանին, գաւառական կօմիսար Սարատիկեանին, գաւառական կօմիսար Տէր-Իսրաելյանին և Դիլիջանի զեմստւային վարչութեան պաշտօնեայ Տէր-Ղուկասեանին:

Դուք անպատասխան էք թողել նաև իմ կառաւարութեան հարցապնդումը Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչ Մարտիրոս Յարութիւնեանի բանտարկութեան նկատմամբ: Վերջին հանգամանքը հարկադրեց իմ կառաւարութեանը մինչև Ձեզնից պատասխան ստանալը դիւանագիտական ներկայացուցչի վիճակի մասին, տնային բանտարկութեան ենթարկել [Հայաստանում] Ադրբէջանի նախկին միսսիայի բոլոր անդամներին:

Իմ կառավարութեանը յայտնի չէ նաև անդրկովկասեան կօնֆերանսի կողմից Ղարաբաղ ուղարկւած խաղաղարար պատւիրակութեան և բժ. Ռուբէն Իւզբաշեանի վիճակի մասին, որոնք ըստ լուրերի նոյնպէս բանտարկւած են:

Սրանով իմ կառավարութեան անունից նոից խնդրում եմ ձեզ կարգադրել ազատելու վերոյիշեալ անձանց և անձեռնմխելիութեան երաշխիքով անարգել անցնելու Հայաստան:

Արտաքին գործոց նախարար՝ Օհանջանեան

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/89.pdf

Ժողովուրդ, թիվ 89, հինգշաբթի, 3 հունիսի, 1920

—–

Բոլշևիկեան Ռուսաստանի պահանջը Ղարաբաղի մասին

Կովկասեան ճակատի բոլշեւիկեան զինւորական խորհրդի նախագահ Օրջոնիկիձէն դիմել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակութեանը յայտնելով, որ խորհուրդը մտադիր է մտցնել ռուսական կարմիր զորքեր Լեռնային հայկական Ղարաբաղը, որը մինչև Աքերայ գետը պիտի պատկանի Խորհրդային Ադրբէջանին:

Այս առթիւ Հայաստանի կառավարութիւնը մի հեռագիր է ուղարկել Մոսկւայ, և պարզելով Ղարաբաղի դրութիւնը, յայտնում է իր պատրաստակամութիւնը Ղարաբաղի բախտը յանձնել ազգաբնակութեան ձեռքը և 10-րդ անգամ կատարել հանրաքւէ որոշելու համար Ղարաբաղի ժողովրդի իսկական ցանկութիւնները և կամքը՝ միանալ այս կամ այն պետութեան:

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/88.pdf

Ժողովուրդ, թիվ 88, երեքշաբթի, 1 հունիսի, 1920

 —–

Հուսէինովի յայտագիրը Հայաստանին

Երևան, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարին,

պատճէնը՝ Ատրախանի վրայով Մոսկւա, Չեչերինին,

Թիֆլիս, Վրաստանի հայկական դիւանագիտական ներկայացուցիչ Բէկզադեանին,

Թիֆլիս Վրաստանի ռուսական Ս. Խ. Ֆ. Հ. լիազոր ներկայացուցիչ Կիրօվին:

Ստացած տեղեկութիւնների համաձայն, հայկական զորամասերը, Զանգեբասարն աւերելուց և տեղի մահմետական բնակչութիւնն արտաքսելուց յետոյ, յարձակում են սկսել Շարուր-Նախիջևանի շրջանի վրայ: Միւս կողմից, հէնց նոր ստացւած տեղեկութիւնների համաձայն, զօրամասերը յարձակում են սկսել Ղազախի գաւառի և յուլիսի 5-ի առաւօտեան ժամը 4-ին գրաւել են Ղարաղշլաղ գիւղը:

Ադրբէջանի սոցիալիստական հանրապետութեան և Հայաստանի Հանրապետութեան միջև բոլոր վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով մօտ ժամանակները Ղազախ քաղաքում հրաւիրելիք կօնֆերանսի մասին յունիսի 2-ին կայացած համաձայնութիւնից յետոյ Հայաստանի կառավարութեան նման նւաճողական գործողութիւնները հակասում են վերոյիշեալին: Իմ կառավարութիւնը չի կարող չնկատել այդ որպէս խորհրդային Ադրբէջանի դէմ սկսւած պատերազմական գործողութիւններ և պահանջում է դադարեցնել ամեն տեսակ յարձակում հայկական զորամասերի կողմից: Հակառակ պարագային իմ կառավարութիւնը հարկադրւած կլինի պնդելու, որ յունիս 2-ի համաձայնութիւնը խախտուած է, ուստի և յետագայ գործողութիւնների մէջ իրեն ազատ կը համարի

&26, Թիֆլիս 5 յուլիսի 1920 թ.:

Ադրբէջանի Սովետական Խորհրդային Հանրապետութեան արտաքին գործերի ժող. կօմ. և լիազօր ներկայացուցիչ՝ Հուսեյնօվ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/118.pdf

Ժողովուրդ, թիվ 118, հինգշաբթի, 22 հուլիսի, 1920

—–

Հայ-ադրբէջանեան կոնֆերանս

Հայաստանի դիւանագիտական միսսիայի տեղեկատու բիւրոն հաղորդում է

Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչ Բէգզադեանի և Ադրբէջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Հուսէյնովի միջև համաձայնութիւն կայացաւ Ղազախում գումարելու հայ-ադրբէջանեան կոնֆերանս: Նրա կազմը կորոշւի շահագրգռուած կառավարութիւնների կողմից մօտիկ օրերս:

Բացի սրանից, համաձայնութիւն է կայացած փոխարինելու Հայաստանում բռնւած բոլշևիկներին Ադրբէջանում բռնւած դաշնակցականների հետ: Այս համաձայնութիւնների մասին վճռւած է հեռագրով հաղորդել Հայաստանի և Ադրբէջանի կառավարութիւններին, խնդրելով անմիջապէս դադարեցնել ձերբակալութիւններն ու ռեպրեսիաները բոլշևիկների դէմ Հայաստանում և դաշնակցականների դէմ Ադրբէջանում:

(Վ. Հ. Գ.)

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/108.pdf

Ժողովուրդ, թիվ 108, հինգշաբթի, 8 հուլիսի, 1920

—-

Հայաստանի կառավարութեան պատասխանը

Թիֆլիս, Ադրբէջանի լիազօր ներկայացուցիչ և ներքին գործերի նարկօմ Հուսէյնովին, պատճէնը  Թիֆլիս, Հայաստանի միսսիա Բէկզատեանին, պատճէնը Թիֆլիս, Ր. Ս. Ֆ. Ս. Հ. լիազօր ներկայացուցիչ Վրաստանում Կիրօվին, պատճէնը արտաքին գործերի ժողովրդական կօմիսար Չիչերինին:

Սոյն յուլիսի 5-ին &26 ձեր հեռագրին որպէս պատասխան հաղորդում եմ ձեզ հետևյալը.

առաջին՝ Շարուր-Նախիջևանի շրջանը և Զանգիբասարը, որ այժմ բռնւած է Հայաստանի զօրքերով և թիւրք իմպերիալիստների առաջնորդութեամբ ու թիւրք զինւորական մասերի օժանդակութեամբ Հայաստանի դեմօկրատիկ հանրապետութեան դէմ իր գործածած հակայեղափոխական արարքների համար, կազմում են Հայաստանի անբաժան մասը:

Այդ պատճառով էլ ձեր հարցապնդումը Հայաստանի կառավարութեան յիշեալ շրջանների գործողութիւնների առթիւ իմ կառավարութեան կողմից դիտւում է որպէս միջամտութիւն Հայաստանի ներքին գործերի մէջ:

Երկրորդ՝ Հայաստանի կառավարութիւնը ոչ մի յարձակողական գործողութիւն չի ձեռնարկել Սովետական Ադրբէջանի դէմ, ինչպէս Ղազախի նոյնպէս և այլ սահմանակից շրջաններում, ընդհակառակը, ձեր զօրական մասերը երկու անգամով, մէկ մայիս 20-ին, մէկ էլ յունիսի մէջերքում առանց որևէ հիմունքի արշաւեցին Հայաստանի հանրապետութեան անվիճելի հողամսերում գտնւող քաղաքների և գյուղերի վրայ: Այդ զօրամասերը Քարւանսարան և իր շրջանակները գրաւելուց և միայն Հայաստանի զօրքերի մօտիկնալու դէպքում թողնելուց յետոյ, վերադարձին ենթարկել են կողոպուտի սահմանակից մի շարք հայկական գիւղեր, խաղաղ գիւղացիներ են գնդակահարել և գերի են տարել Հայաստանի պաշտօնական անձնաւօրութիւններ:

Ձեր կառավարութեան գիտութեամբ և ձեր իշխանութիւնների մասնակցութեամբ Ադրբէջանի զանազան տեղերում և մասնաւորապէս Բագւում հայերից յատուկ զօրամասեր են կազմակերպւում, որպէս թէ հակայեղափոխական բէկական շարժումների դէմ ճակատ ուղարկելու համար, բայց իրապէս Ղազախի և Աղստաֆայի շրջաններում տեղաւորւելուց յետոյ, նրանք բռնի Հայաստանի կողմն են ուղարկւելու Հայաստանի դէմ սկսւելիք թշնամական գործողութիւնների մէջ շահագործելու մտքով:

Նոյն իմաստով էլ Շամշադինի հայ ազգբնակչութիւնը բռնի տեղափոխւած է ձեր զօրքերի կողմից Ղազախ և գնդակների սպառնալիքի տակ ուղարկւած Հայաստանի կառավարական զօրքերի դէմ:

Հանրապետութեան սահմանները ձեր սահմանապահ զօրամասերի ապօրինի արշաւանքներից պաշտպանելու համար մեր կառավարութեան կողմից ուղարկւած հայկական զօրքերը ներկայումս միայն գրաւած ունի այն գիծը, որ բաժանում է Հայաստանն Ադրբէջանից, և բացի այդ ուրիշ որև է նպատակ չունեն, Կարաղշլաղ գիւղը հայ զօրքերը չեն գրաւել և Ադրբէջանի սահմանը ոչ մի կերպ չի խախտւած:

Բոլոր միջադէպերի ժամանակ խաղաղ լուծման տեսակէտի վրայ իմ կառավարութիւնը դեռ մայիսի մէջ առաջարկել է ձեր կառավարութեան հրաւիրել յատուկ հայ-ադրբէջանեան կոնֆերանս, վիճելի բոլոր հարցերը վճռելու համար և մեր Թիֆլիսի դիպլոմատիկական ներկայացուցչի միջոցով ձեզ եղած մեր երկրորդ առաջարկից յետոյ այժմ միայն ստացւեց ձեր կառավարութեան պատրաստակամութիւնը:

Նորից պնդելով իմ կառաւարութեան պատրաստակամութիւնը Հայաստանի և Ադրբէջանի միջև եղած սահմանային բոլոր վէճերը  առաջիկայ խաղաղարար կօնֆերանսին տանելու որոշումը, իմ կառավարութեան կողմից վստահութիւն եմ արտահայտում, որ ձեր կողմից ձեռք կառնւին բոլոր միջոցները արգելելու՝ ձեր հանրապետութեան սահմաններում Հայաստանի դէմ թշնամական նպատակներով բռնի կերպով հաւաքւող զօրամասերի կազմակերպումը, և Ադրբէջանի կողմից Հայաստանի սահմանների անձեռնմխելիութիւնը կերաշխաւորւի ինչպէս ձեր զօրքերի, նոյնպէս և այլ զօրամասերի յարձակողական գործողութիւններից:

Համար 4079, յուլիս 7,

Հայաստանի արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանեան

 

—–

Հայաստան և Ադրբէջան

Հայաստանի դիւանագիտական միսսիայի դիմումը խորհրդային ներկայացուցչին

Ռուս. Ֆեդ. Խորհրդ. Հանրապ. պարոն լիազորին:

Ընդ սմին ուղարկում եմ Հայ-Ադրբէջանեան կոնֆերանս գումարելու մասին մեր միջև կայացած համաձայնութեան՝ իմ կառավարութեան կողմից ձևակերպւած պայմանները:

  1. Հայաստանի և Ադրբէջանի կառաւարութիւնները համաձայնում են Ադրբէջանում ձերբակալւած բոլոր դաշնակցականներին փոխանակելու Հայաստանում ձերբակալւած բոլշևիկների հետ:
  2. Մեղադրւողները հեռանում են համապատասխան հանրապետութիւնների սահմաններից:
  3. Փոխանակութիւնը տեղի է ունենում երկու հանրապետութիւնների սահմանի վրայ, ցանկալի է, որ այդ լինի Ղազախի և Քարւանսարայի միջև, կամ չէզոք հողի վրայ, օրինակ Թիֆլիսում՝ վրաց կառավարութեան թոյլտւութեամբ:
  4. Երկու հանրապետութիւններն էլ դադարեցնում են հալածանքները դաշնակցականների և բոլշևիկների դէմ, խոստում են տալիս բռնութեան կամ գնդակահարութեան չենթարկելու ձերբակալւածներից ոչ ոքի:
  5. Ադրբէջանեան հանրապետութիւնը ազատ ելքի իրաւունք է տալիս իրանց բոլոր գոյքով այն բոլոր հայերին, որոնք ուզում են հեռանալ Ադրբէջանից:
  6. Ադրբէջանը և Հայաստանը դադարեցնում են ամեն տեսակ ագրեսիւ գործողութիւններ իրար դէմ և վիճելի խնդիրները լուծելու համար կոնֆերանս են հրաւիրում Թիֆլիսում:
  7. Հայաստանի հանրապետութեան ներկայացուցիչներ են նշանակւում՝ Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչը Վրաստանում Ա. Բէկզադեան,  դիւանագիտական ներկայացուցիչն Ադրբէջանում՝ Մ. Յարութիւնեան, պարլամենտի անդամ Ն. Աղբալեան և  Կ. Ղազազեան:

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/118.pdf

Ժողովուրդ, թիվ 118, հինգշաբթի, 22 հուլիսի, 1920

—–

Ադրբէջանի ներկայացուցչի պատասխանը

Ադրբէջանի սոցիալիստական խորհրդային հանրապետութեան արտաքին գործերի ժողովրդական արտակարգ լիազօր կոմիսարը հաղորդեց Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչին Վրաստանում հետևեալը.

Ի պատասխան ձեր յուլիս 10 գրութեան պատիւ ունիմ հաղորդելու իմ կառավարութեան պայմանները Հայ-Ադրբէջանեան կոնֆերանս գումարելու մասին:

  1. Ադրբէջանի և Հայաստանի կառաւարութիւնները դադարեցնում են ամեն տեսակ հալածանքներ կոմունիստների դէմ Հայաստանում և դաշնակցականների դէմ Ադրբէջանում և պարտաւորւում են չենթարկել ձերբակալւածներից ոչ ոքի ոչ մի բռնութեան ու գնդակահարութեան:
  2. Երկու հանարպետութիւններն էլ դադարեցնում են անյապաղ ամեն տեսակ ագրեսսիւ գործաղութիւններ իրար դէմ:
  3. Երկու հանրապետութիւններն էլ անյապաղ փոխանակում են իրար հետ ձերբակալւած կոմունիստների ու դաշնակցականների ցուցակները, ցոյց տալով նրանց յանցանքը և կայացած դատավճիռը, որից յետոյ անյապաղ ազատում են ամենքին, բացի դատարանով պատիժ կրողներից, փոխադարձութեան հիմունքներով, իսկ դատապարտւածները փոխադարձաբար փոխանակւում են:
  4. Բոլոր վիճելի խնդիրները լուծելու համար հրաւիրում է Հայ-Ադրբէջանեան կոնֆերանս Ղազախում կամ Վլադիկավկազում:
  5. Ադրբէջանի ներկայացուցիչները կը նշանակւեն այս օրերս:

(Վ. Հ. Գ.)

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/118.pdf

Ժողովուրդ, թիվ 118, հինգշաբթի, 22 հուլիս, 1920 թ