Զանգվի կամ Կարմիր կամուրջ. 1914թ

5168

Այս կամուրջն էր ժամանակին փոխարինում Հաղթանակի կամրջին։

Կոչվում է Զանգվի կամ Կարմիր կամուրջ։ Հրազդան գետը կոչվում է նաև Զանգուն կամ Զանգի․ այստեղից էլ կամուրջն ստացել է իր անվանումը։ «Կարմիր» անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։

Կառուցվել է Հրազդանի ձորում՝ 1679 թվականի Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում։

Կամուրջը Երևան քաղաքը Զանգվի վրայով կապում էր դեպի Էջմիածին տանող ճանապարհի հետ։ Մինչև 1945 թվականը (Հաղթանակի կամրջի կառուցումը) այն համարվում էր հիմնական կապող օղակ։

Դեպի Կարմիր կամուրջ էին բացվում Երևանի բերդի հյուսիսային դարպասները։

Կամուրջը մշտապես հսկվում և պահպանվում էր բերդի կողմից։
Այն այսօր էլ հնարավոր է տեսնել Հրազդանի կիրճում։

Lուսանկարում Հայկական 3-րդ կամավորական գումարտակի, հետագայում՝ զորագնդի հետևակային ստորաբաժանումները և հեծյալները անցնում են Զանգվի կամուրջը (1914թ․)։ Զորագնդի հրամանատար՝ Համազասպ։

Հետին պլանում երևում է Սարդարի կիսաքանդ պալատը և հատվածներ Երևանի բերդից։

Սարդարի պալատը պարսկական տիրապետության շրջանում Երևանի խանության (1747-1828թթ․) սարդարի (ղեկավարի) նստավայրն էր։ Պալատի տարածքում ներկայում գտնվում է Երևանի գինու կոմբինատը։

Աղբյուրը՝ Հին լուսանկարներ ֆեյսբուքյան էջ