Հայերը Նիկոլայ Բ-ի տապալումից հետո

2500

Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հայ-թուրքական կռիվներին, Բաթումի բանակցություններին ու Հայաստանի անկախության հռչակմանը նախորդել էին երկու հակառակորդ կայսրությունների` ցարական Ռուսաստանի ու Օսմանյան կայսրության հոգևարքն ու անկումը: Հայկական հողերն ու հայրենաբնակ հայ ժողովուրդը բաժանված էին երկու կայսրությունների միջև:

1917թ. փետրվարին Ռուսաստանի կայսրությունում, որի մաս էր կազմում նաև Անդրկովկասը, հեղափոխությունը գահընկեց արեց Նիկոլայ Բ ցարին: Պետրոգրադում կազմվեց Ժամանակավոր կառավարություն ռուս Սահմանադրական-ժողովրդավար` Կադետ կուսակցության առաջնորդներից իշխան Գեորգի Լվովի նախագահությամբ: Կովկասը, ինչպես և ամբողջ Ռուսաստանը, խելահեղ ոգևորությամբ տոնեց փետրվարյան հեղափոխությունը, որը վերջ տվեց Ռոմանովների դինաստիայի երեքհարյուրամյա գահակալությանը: Հանդեսները, թափորները, ժողովներն ու համագումարներն իրար էին հաջորդում, ապագան ամենքին թվում էր վարդագույն:

Ժամանակավոր կառավարությունը, որի իշխանությունը շարունակվեց ընդամենը ինն ամիս, Անդրկովկասը և 1914թ. շարունակվող համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունից գրավված Արևմտահայաստանի  տարածքները ղեկավարելու համար մարտին ձևավորեց հանձնաժողով` Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ, Особый Закавказский комитет, Озаком): Շատերն Օզակոմը դիտում էին որպես նոր դարաշրջանի խորհրդանիշ և սպասում, որ նա կբուժի հին վարչակարգի պատճառած վերքերը, կանցկացնի բարենորոգումներ, կմեղմացնի պարենավորման տագնապը, ազգային հակամարտությունները, երկրին կտա արդարամիտ ու կորովի իշխանություն, կուժեղացնի ռազմաճակատի պաշտպանության գործը: Դրանցից և ոչ մեկը տեղի չունեցավ, իսկ կյանքի պայմաններն ավելի դժվարացան:

Հայերը նաև ոգեշնչված էին Արևմտահայաստանի ապագա կարգավիճակի վերաբերյալ Ժամանակավոր կառավարության նպաստավոր հայտարարություններից: 1917թ. ապրիլի վերջերին հրապարակված դեկրետն Արևմտահայաստանին տալիս էր քաղաքացիական վարչություն: Հայ գաղթականները բռնեցին տունդարձի ճանապարհը: Մինչև 1917թ. վերջերը շուրջ 150 հազար արևմտահայեր վերահաստատվեցին Վանի, Էրզրումի (Կարին) և Բիթլիսի (Բաղեշ) նահանգներում:

Արևմտահայաստանի ընդհանուր կոմիսար նշանակվեց ռուս զինվորական Ավերյանովը, իսկ նրա քաղաքացիական մասի օգնական, բժիշկ Հակոբ Զավրյանը, ով անցյալում աշխատել էր ռուս դիվանագետներին շահագրգռել հայկական հարցով և լավ կապեր ու հարգանք ուներ ռուս քաղաքական շրջանակներում, այդ թվում` ՙմտերիմ կապերով կապված էր ռուսական հեղափոխությունը անձնավորող (Ժամանակավոր կառավարությունում արդարադատության նախարար Ալեքսանդր) Կերենսկու հետ՚:

Կարճ ժամանակամիջոցում Վասպուրականի և Տարոն-Տուրուբերանի շրջանները վերակենդանացան, հայկական գյուղերը վերաշինվում էին, մշակված արտերը ծածկվում կանաչով: Մի ձեռքին հրացան, մյուսում մաճ ու բահ` հայ գյուղացին ողողում էր քրտինքով հայրենի հողը և անօրինակ ոգևորությամբ ու եռանդով վերաշինում այն, որ քանդել էր թշնամին (օսմանցի  թուրքերը): Տեղական վարչությունը գրեթե զուտ հայկական էր, ռուսները շատ քիչ էին ազդում գործերի վրա: Կային ինքնապաշտպանական խմբեր, բացի այդ` Վանում, Մուշի շրջանում, Խնուսում, Ալաշկերտում, Էրզրումի ու Երզնկայի կողմերը գործում էին հայկական զորամասեր: Որոշ վայրերում հիմնված էին որբանոցներ, սննդակայաններ, հիվանդանոցներ, բուժակայաններ: Սիմոն Վրացյանի խոսքերով` Թուրքահայաստանը հարություն էր առնում մոխիրների տակից, եռանդով վերաշինվում ու պատրաստվում նոր կյանքի: Կոտորածների ենթարկված արևմտահայությունը պահեց իր հոգեկան արիությունը, կազմակերպեց իր հավաքական կյանքը: Այս հարցում կարևոր էր Արևմտահայ առաջին համագումարը, որն անցկացվեց մայիսի 2-11-ին Երևանում:

1917թ. հոկտեմբերին Պետրոգրադում կատարվեց հեղափոխություն. իշխանությունը Ժամանակավոր կառավարությունից անցավ բոլշևիկներին, Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ ձևավորվեց Ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Լև Տրոցկին նշանակվեց արտգործկոմիսարի, իսկ Իոսի‎ֆ Ստալինը` ազգությունների կոմիսարի պաշտոնում: Եվ ՀՅԴաշնակցությունը, և վրացի մենշևիկներն ու մահմեդական մուսա‎վաթականները գաղափարական տարաձայնություններ ունեին բոլշևիկների հետ:

Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալուց տագնապած` 1917թ. նոյեմբերին Թիֆլիսում տեղի ունեցավ անդրկովկասյան ղեկավարների համագումար` ստեղծելու երկրամասային ժամանակավոր օրենսդիր մարմին` Սեյմ և գործադիր մարմին` Կոմիսարիատ (նախագահ` Եվգենի Գեգեչկորի): Կոմիսարիատը և Սեյմը կաշկանդված էին իրենց իսկ պնդումից, որ Անդրկովկասը կազմում է (այլևս գոյություն չունեցող) ռուսական դեմոկրատական պետության անբաժան մասը: Որքան երկար էր Անդրկովկասը կառչած մնում Ռուսաստանի հետ միության առասպելին, այնքան ավելի խորն էր սուզվում հակասությունների ու շփոթության մեջ: Հայերը համառորեն մերժում էին Ռուսաստանից անջատվելու ակնարկն իսկ: Միայն հզոր ռուսական հանրապետության հովանու ներքո էին պատկերացնում նրանք Արևելահայաստանի և Արևմտահայաստանի միավորումը մեկ ինքնավար շրջանի մեջ:

Դաշնակցության ղեկավարներից Ռոստոմն ակնկալում էր, որ Հայաստանը ՙՌուսաստանի, Վրաստանի և Թաթարստանի (Ազրբեյջան) հետ պետք է լինի ինքնավար` դաշնակցային ու հանրապետական Ռուսաստանի ծոցում՚, իսկ Թուրքահայաստանը պետք է ազատվի թուրքական լծից և դառնա անկախ, դառնա այն Հայաստանը, որ պատկերացնում էր Դաշնակցությունը. ՙԱզատ Հայաստանը բովանդակելու է հայկական վեց վիլայեթները և Կիլիկիան՚:

Համառուսաստանյան սահմանադիր ժողովի 1917թ. նոյեմբերի ընտրություններում վրաց մենշևիկները, մահմեդական մուսավաթականները և հայ դաշնակցականները շահեցին Անդրկովկասում քվեների ավելի քան 75 տոկոսը: Սահմանադիր ժողովը, որը պետք է որոշեր պետության վարչաձևը, գումարվեց միայն մեկ օր և 1918թ. հունվարին ցրվեց Ռուսաստանի նոր բոլշևիկյան կառավարության հրամանով: Գրեթե ամբողջ Անդրկովկասը դատապարտեց բոլշևիկյան մարտավարությունը, ճիշտ այնպես, ինչպես դատապարտել էր հոկտեմբերյան հեղափոխությունը:

Բոլշևիկների իշխանությունը սկզբնական շրջանում տարածվում էր Պետերբուրգից (Պետրոգրադ) Մոսկվա հատվածում: Ամբողջ Անդրկովկասը, բացի Բաքվից, մերժեց Ժողկոմխորհի ճանաչումը: Բաքվի խորհուրդն իր հավատարմությունը հայտնեց Ժողկոմխորհին: Դեկտեմբերին Ստեփան Շահումյանը նշանակվեց  Կովկասի հատուկ կոմիսար:

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, օսմանյան երրորդ բանակի հրամանատար Վեհիբ փաշան Կովկասի ռուսական բանակի հրամանատարությանը զինադադարի առաջարկ էր արել մինչև Բրեստ-Լիտովսկի խաղաղության բանակցությունների սկիզբը` 1917թ. նոյեմբերին: Զինադադարի պայմանները ճշտելու նպատակով Կոմիսարիատը Երզնկա էր գործուղել պատվիրակություն, որի կազմում էր նաև Արշակ Ջամալյանը: Նույն օրերին բոլշևիկների նախաձեռնությամբ զինադադարի բանակցություններ էին սկսված նաև ռուս-ավստրո-գերմանական ռազմաճակատում: Դեկտեմբերի 2-ին Երզնկայում երկու պատվիրակությունների միջև` թուրքական և կոմիսարիատի, տեղի ունեցավ հանդիպում, իսկ երեք օր անց` դեկտեմբերի 5 (18)-ին ստորագրվեց զինադադարի համաձայնագիրը, որով ռազմական գործողությունները պետք է դադարեցվեին ողջ կովկասյան ճակատի երկարությամբ` Սև ծովից մինչև Վանա լճի հարավային ափերը:

Խորհրդային կառավարության հրահանգով` մինչև 1917թ. վերջերը, պետք է ամբողջությամբ դատարկվեր կովկասյան ռազմաճակատը: Ռուսական զորքերը, թողնելով ռազմական գույքի վիթխարի պահեստներ, սկսեցին լքել Արևմտյան Հայաստանը և վերադառնալ տուն: Արդեն 1918թ. հունվարի վերջերին կովկասյան ճակատը հիմնականում դատարկված էր ռուսական զորքերից:

Կովկասյան ռազմաճակատի փլուզումը հաշվի առնելով, 1917թ. դեկտեմբերի 13-ին կովկասյան բանակի գլխավոր հրամանատարը արտոնեց կազմել հայկական կորպուս` հրամանատար նշանակելով ռուսական բանակի զինվորականներից զորավար Թովմաս Նազարբեկյանին, սպայակույտի պետ` զորավար Վիշինսկուն: Հայոց ազգային խորհուրդը կազմեց առանձին մի մարմին Ստեփան Մամիկոնյանի գլխավորությամբ, որն զբաղվում էր կորպուսի գործերով: Հայկական կորպուսում հատուկ կոմիսար նշանակվեց Դրոն, նրա օգնական` Սարգիս Մանասյանը: Հայկական կորպուսի ձևավորմանը զուգընթաց զորահավաքի ու զինուժի կազմակերպման գործով զբաղված էր արևմտահայությունը, որը, առավել քան ուրիշը, սարսափում էր ռուսական բանակի կազմալուծումից և միջոցներ փնտրում ճակատի փլուզման առաջն առնելու:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից