Ահարոնյանի պատվիրակության հանդիպումները Թալեաթի և Էնվերի հետ՝ 1918-ի ամառ. «Զանգ»

2198

Կ. ՊՈԼՍԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

[1918 թ] Հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետության խաղաղության պատվիրակությունը, հետևելով Վեհիբ փաշայի հակիրճ հրավերին, շտապելով մեկնեց Կ. Պոլիս, հավատացած լինելով, որ կենտրոնական պետությունների պատվիրակները արդեն այնտեղ են և սպասում են կոնֆերանսի բացմանը:

Գերմանական «Գեներալ» նավը հունիսի 19-ին, Կոնստանցայի վրայով հասցրեց պատվիրակներին Պոլիս: Օսմանյան կառավարությունը պատրաստել էր Հայաստանի պատվիրակության համար սենյակներ «Թոքատլեան» հյուրանուցում:

Պատվիրակներին դիմավորելու էր եկել Աթենքի նախկին դեսպան Մուխթար բեյը: Հայ պատվիրակները մատնանշում են, որ Կ. Պոլսում տաճիկների [թուրքերի] վերաբերմունքը դեպի իրենց ավելի ուշադիր է և բարեկամական, քան առաջ:

Հայաստանի պատվիրակությանը մասնակցում են՝ Ավետիս Ահարոնեան – նախագահ, Ալեքսանդր Խատիսյան և Միքայել Պապաջանյան – պատվիրակներ, զորավոր Կորգանյան – զինվորական խորհրդատու, Գևորգ Խատիսյան-աշխարհագրական և վիճակագրական խորհրդատու, Մենթոր Բունիաթյան – տնտեսական խորհրդատու, առաջին քարտուղար Հակոբ Քոչարյան, քարտուղարներ – Հ. Միրզայան, Ֆերդինանդ Թախտաջյան, Լ. Լիսիցյան, ադյուտանտներ – գնդապետ Շ. Շահբազյան և  Աղաբաբյան:

Բացի մեր և վրաց պատվիրակներից, շուտով Պոլիս եկան նաև Ադրբէջանի և կովկասյան լեռնականների պատվիրակությունները: Կովկասի այդ պատվիրակները իրար հետ, բացի քաղաքավարական և անձնական այցելություններից, ուրիշ շփում կամ խորհրդակցություն չեն ունեցել: Գեգեճկորին մի քանի օր Պոլսում մնալուց հետո գնաց Բեռլին և հուլիսի 20-ին հետ պիտի գար:

Մեր պատվիրակները ամենից առաջ այցելության գնացին Թալաաթ փաշայի մոտ: Ավետիս Ահարոնյանը ֆրանսերեն լեզվով կարդաց իր դեկլարացիան, ուր շեշտված էր  այն միտքը, թե Բաթումում [1918 թ. հունիսին] գծված Հայաստանի սահմանները շատ նեղ են, չեն կարող ապահովել խաղաղ կյանք և զարգացում Կովկասում, ուրեմն և պետք է փոխվեն: Իր պատասխանի մեջ Թալաաթ փաշան համաձայնվեց այդ մտքի հետ և ասաց, որ երբեք չպետք է հուսահատվել:

Թալեաաթ փաշայից հետո այցելություն տվին Էնվեր փաշային: Էնվերը անկեղծ կերպով ասաց, որ տաճիկ մինիստրները երկար մտածեցին՝ ստեղծել արդյոք Հայաստան, և ի վերջո որոշեցին ստեղծել, որովհետև այդպես ավելի ձեռնտու էր թե հայերի և թե Թուրքիայի  համար: Էնվերը խնդրեց հավատալ, որ մեկ անգամ որոշելով այդ, Թուրքաան անկեղծորեն պետք է աշխատի ապահովել Հայաստանի գոյությունը:

Այցելություններ կատարվեցին նաև բոլոր մյուս մինիստրներին, դեսպաններին, նաև չեզոք պետությունների և Պապի ներկայացուցիչներին և բոլորից փոխայցելություններ կամ այցետոմսեր ընդունեցին:

ԶԱՆԳ, թիվ 43, չորեքշաբթի, 7 օգոստոսի, 1918

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(43).pdf

Լուսանկարում՝ Ահարոնյանի պատվիրակությունը Պոլսում