Ղարաբաղի հայության 8-րդ համագումարի բանաձևը. 22 փետրվար – 4 մարտ, 1920թ, Շոշ

8279

Ղարաբաղի հայության 8-րդ համագումարի բանաձևը քաղաքական դրության վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի հայության 8-րդ համագումարը (բաղկացած 96 պատգամավորներից՝ Գյուլիստանի, Ջևանշիրի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի շրջաններից), որը տեղի ունեցավ Շոշու գյուղում 1920թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 4-ը, մանրամասն և բազմակողմանի քննության առնելուց հետո Լեռնային Ղարաբաղի ներկա քաղաքական դրությունը, գտնում է, որ 7-րդ համագումարից հետո (1919թ. օգոստոսի 22-ը) Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար խախտել է ժամանակավոր հանաձայնության ամենագլխավոր կետերը՝ 8-րդ համագումարը համաձայն իրենց ընտրած պատգամավորների ժողովրդի տված մանդատի, հետևյալ որոշումները կայացրեց.

1.Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար խախտել է ժամանակավոր համաձայնության ամենագլխավոր կետերը:

  1. 1920թ. փետրվարի 22-ին Խանքենդում, Ասկերանում և Շուշի-Եվլախ տրակտի վրա կառավարության զորքերի և գործակալների ձեռքով ակնհայտ նպատակով կոտորել են մի քանի հարյուր հայերի, թալանել Խանքենդի հայերի բնակարանները:
  2. 8-րդ համագումարը հաստատ մնալով 7-րդ համագումարի և երկուստեք ստորագրված ժամանակավոր համաձայնության մինչև վեհաժողովի վերջնական որոշումը Ղարաբաղի և առհասարակ Անդրկովկասյան հանրապետությունների սահմանների վերաբերյալ՝ պահանջում է Ադրբեջանի կառավարությունից ժամանակավոր համաձայնության կետերի ամբողջական կիրառումը կյանքում:
  3. Վճռականապես բողոքում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առաջ Խանքենդում, Ասկերանում և Շուշի-Եվլախ տրակտի վրա տեղի ունեցած անլուր կոտորածի առթիվ և կոչ է անում կուլտուրական աշխարհի խղճին՝ վերջ տալու Ադրբեջանի կառավարության նման քաղաքականությանը:
  4. Որ նման դեպքերի կրկնությունը կստիպի լեռնային Ղարաբաղի հայության իրենց կյանքի և պատվի պաշտպանության համար համապատասխան միջոցների դիմել:

Միաժամանակ 8-րդ համագումարը կոչ է ուղղում Ադրբեջանի թուրք գյուղացիությանը՝ իր բողոքի ձայնը միացնելու լեռնային Ղարաբաղի հայության բողոքին, ինչպես նաև դիմում է անում մամուլին:

Այս բանաձևի պատճենը որոշել է ուղարկել դաշնակից պետությունների Անդրկովկասի ներկայացուցիչ Հասկելին, դիվանագիտական և զինվորական ներկայացուցիչներին, Անդրկովկասի երեք հանրապետությունների կառավարություններին, ինչպես նաև Ղարաբաղի ժոմանակավոր գեներալ-նահանգապետին:

Ղարաբաղի հայության 8-րդ համագումարի նախագահ՝ ստորագրություն,

Քարտուղար՝ ստորագրություն

1920թ. մարտի 6

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 71, կիրակի, 4 ապրիլի, 1920

————

Ադրբեջանի կառավարության հետ Ղարաբաղի 7-րդ Հայոց համագումարի ժամանակավոր համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի մասին

22 օգոստոս, 1919թ.

Ուշադրության առնելով, որ Ղարաբաղի լեռնային հատվածի ճակատագրի հարցը լուծվելու է Խաղաղության համաժողովում, բոլոր տեսակի բախումներն էլ կործանարար են Ղարաբաղը բնակեցնող ազգությունների համար եւ ղարաբաղյան հարցի որևէ լուծման դեպքում էլ հայերն ու մահմեդականները պետք է համատեղ ապրեն`

Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը որոշեց կանգ առնել Ադրբեջանի հանրապետության կառավարության հետ ժամանակավոր համաձայնագրի հետեւյալ պայմանների վրա:

  1. Սույն ժամանակավոր համաձայնագիրը կողմերն ընդունում են մինչեւ Խաղաղության կոնֆերանսում այս հարցի լուծումը, որի որոշումը միատեսակ պարտադիր է երկու կողմերի համար:
  2. Ղարաբաղի լեռնային` Շուշիի, Ջեւանշիրի եւ Ջեբրայիլի գավառների (Դիզակ, Վարանդա, Խաչեն եւ Ջրաբերդ) հատվածը, որը բնակեցված է հայերով, իրեն ժամանակավոր համարում է Ադրբեջանի հանրապետության սահմաններում:
  3. Շուշիի, Ջեւանշիրի եւ Ջեբրայիլի գավառները մնում են հատուկ վարչական միավորª Ղարաբաղի գեներալ-նահանգապետության մեջ, որի ներքին կառուցվածքն այնպիսին է, որ լեռնային հայկական գոտում նշանակվում է հայերից կազմված վարչակազմ` պահպանելով փոքրամասնության իրավունքները:
  4. Ղարաբաղի լեռնային մասում (Դիզակ, Խաչեն, Վարանդա եւ Ջրաբերդ) վարչական պաշտոնյա անձինք նշանակվում են Հայոց խորհրդի անդամների ներկայացմամբ:
  5. Ղարաբաղի գեներալ-նահանգապետությանը կից հիմնվում է վեց հոգուց բաղկացած խորհուրդ. երեք հայ եւ երեք մահմեդական:
  6. Խորհրդի հայ անդամներին ընտրում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համագումարը: Համագումարն ունի վերընտրելու իրավունք:
  7. Ազգամիջյան բոլոր սկզբունքային հարցերը չեն կարող կենսագործվել առանց Խորհրդի նախնական քննարկման:
  8. Խորհուրդը նախաձեռնության իրավունք ունի գեներալ-նահանգապետության կառուցվածքի եւ կառավարման հարցերում:
  9. Խորհուրդն ունի գեներալ-նահանգապետության վարչակազմին վերահսկելու եւ հետեւելու, բայց ոչ վարչակազմի գործերին միջամտելու իրավունք:
  10. Հիմնվում է գեներալ-նահանգապետի` քաղաքացիական մասով օգնականի պաշտոն, որը կզբաղեցնի հայ:
  11. Հայոց համագումարի կողմից ադրբեջանական կառավարությանը ներկայացվում է քաղաքացիական մասով օգնականի պաշտոնի երկու թեկնածու, որոնցից մեկը հաստատվում է նրա կողմից:
  12. Ղարաբաղի հայերն օգտվում են մշակութային ինքնորոշման իրավունքից:
  13. Մշակութային ինքնորոշման իրավունքն իրագործվում է Ղարաբաղի հայոց Ազգային խորհրդի կողմից կառավարության լիազորած այն հայերի միջոցով, որոնք ընտրվում են Ղարաբաղի հայերի պարբերաբար հրավիրվող համագումարներում: Համագումարը հրավիրում է Ազգային խորհուրդը:
  14. Ադրբեջանի հանրապետության կառավարությունը հայոց Ազգային խորհրդի գործունեությունը վերահսկում է լիազորված հայերի միջոցով:
  15. Զորամասերը տեղակայվում են Խանքենդիում եւ Շուշիում` խաղաղ ժամանակների կազմով:
  16. Ղարաբաղի լեռնային հատվածիª Շուշիի, Ջեւանշիրի եւ Ջեբրայիլի գավառների շրջանում, որը բնակեցված է հայերով, զորամասերի ամեն մի տեղաշարժ կարող է կատարվել Խորհրդի անդամների երկու երրորդի համաձայնությամբ:
  17. Քաղաքական համոզմունքների համար ոչ ոք չի կարող հետապնդման ենթարկվել ո°չ դատական, ո°չ էլ վարչական կարգով:
  18. Քաղաքական շարժառիթներով բոլոր հարկադիր մեկնած հայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց վայրերը:
  19. Ղարաբաղում կասեցվում է հայ եւ մահմեդական բնակչության զինաթափումը մինչեւ Խաղաղության համաժողովում Ղարաբաղի հարցի լուծումը:

Ծանոթություն: Նկատի առնելով այն, որ զինաթափ է հայտարարված ամբողջ Ադրբեջանում` խոսք կարող է լինել միայն կասեցման մասին:

  1. Ադրբեջանի կառավարությունը նյութական եւ բարոյական աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղի բնակչությանը մահմեդականների եւ հայերի քայքայված գյուղերի շուտափույթ վերականգնման գործում:
  2. Ազգամիջյան հարաբերությունների լավագույն կարգավորման համար Խորհրդի կողմից պարբերաբար հրավիրվում են հայ-մահմեդական ընդհանուր եւ տեղական համագումարներ:
  3. Միությունների, խոսքի եւ մամուլի լրիվ ազատություն. նկատի առնելով ռազմական վիճակը, ժողովների հրավիրումն ամբողջ Ադրբեջանում որոշվում է վարչակազմի կողմից:
  4. Անհատ եւ պաշտոնատար անձանց ամեն մի զանցանք հետապնդվում է դատական կարգով, բացառությամբ այն զանցանքների եւ հանցավոր արարքների, որոնք ընդհանուր ընդդատությունից հանվում են Ադրբեջանի պետական պաշտպանության կոմիտեի 1919թ. հունիսի 11-ի պարտադիր որոշմամբ:
  5. Առ այսօր տեղի ունեցած ազգամիջյան ընդհարումներին մասնակցելու համար ոչ ոք հետապնդման չի ենթարկվում:
  6. Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Ղարաբաղի հայոց 7-րդ համագումարի կողմից` ընդունման պահից ի վեր:

26. Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մնում ամեն դրության ժամանակ` պաշարման, ռազմական եւ այլն: