«Իմ ականջներում փլատակների տակ մնացածների ճիչն է». 7 դեկտեմբեր, 1988թ

5459

Խորհրդային Վրաստանի առաջնորդ Ջումբեր Պատիաշվիլին 1988-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերակներում փորձում էր օգնել աղետյալներին: Նա խորհրդային առաջին պաշտոնյաներից էր, ով Թբիլիսիի իր առանձնասենյակում զգալով ցնցումները` շտապել էր Նինոծմինդա` այնտեղից` Սպիտակ: Նինոծմինդայից նա կապվել էր Թբիլիսի և հանձնարարել փրկարարներին` գալ աղետի գոտի:

ՙԱվերակ շենքի մոտ մի կին բարձրաձայն արտասվում եւ օգնություն էր խնդրում: Մոտեցա: Փլատակների տակ մնացել էր նրա դուստրը: ՙԼսում ե՞ս ձայնը, իմ դուստրն է՚, ասաց նա ինձ: Բայց ես ի՞նչ կարող էի անել: Մոտ կես ժամվա ընթացքում հավաքվեցին մի քանի տասնյակ մարդ և  փլատակների տակից դուրս բերեցին այդ աղջկան: Հիմա շատ դժվար է նկարագրել այն ամենը, ինչ ես տեսա այնտեղ՚,- ավերիչ երկրաշարժից 20 տարի անց Թբիլիսիի իր բնակարանում պատմում էր նա:

Երկրաշարժի էպիկենտրոնը Շիրակամուտ գյուղն էր: Ռուզվելտ Պապիկյանն այդ օրը կորցրել է երեք երեխաներից երկուսին` 15-ամյա Հովհաննեսին եւ 12-ամյա Վարսիկին, ինչպես նաև եղբորն ու այլ բարեկամների: Արհավիրքի օրը գյուղի դպրոցում` փլատակների տակ, զոհվեց 111 աշակերտ: Պապիկյանը ամեն օր է հիշում երկրաշարժը: ՙԻմ ականջներում փլատակների տակ մնացածների ճիչն է՚,- սրտի ցավով պատմում է նա: ՙԵրկրաշարժը Շիրակամուտում խլեց 411 մարդու կյանք, զոհերի մեծ մասը դպրոցում էր եւ կարի ֆաբրիկայում: Դպրոցում զոհվեցին հիմնականում երեխաներ, կարի ֆաբրիկայում` հիմնականում կանայք՚:

Խորհրդային Միության արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում հայտարարում է, որ Միխայիլ Գորբաչովի մասնակցությամբ նախատեսված միջոցառումները տեղի չեն ունենա, իսկ նրա պաշտոնական այցերը Կուբա և Մեծ Բրիտանիա հետաձգվում են Հայաստանի աղետալի երկրաշարժի պատճառով: Գորբաչովը շտապ վերադառնում է Մոսկվա, այնտեղից` Գյումրի: Իշխանության ղեկին գտնվելու մոտ վեցուկես տարիներին սա Խորհրդային Միության ղեկավարի առաջին և վերջին այցն էր Հայաստան ու Անդրկովկաս:

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայից Գյումրի ուղղություն է վերցնում Միխայիլ և Ռաիսա Գորբաչովների օդանավը: Մինչ այդ արդեն Երևանում էին երկրի գրեթե բոլոր նախարարները, Գորբաչովը զանգահարել էր Թբիլիսի և Բաքու, որպեսզի ժամանեն նաև Պատիաշվիլին ու Վեզիրովը: Ադրբեջանի ղեկավարին Երևանի օդանավակայանում ժողովուրդը սուլում է: Ֆադեյ Սարգսյանը գրում է. ՙԶանգահարում էին աշխարհի բոլոր ծայրերից և հարցնում, թե ինչով կարող են օգնել: Հաճախ էր զանգահարում Պատիաշվիլին: Զանգահարեց Վեզիրովը և ասաց, որ ուղարկել է երկու շարասյուն օգնություն: Բայց սահմանում (հայերը) օգնությունը հետ էին ուղարկել՚:

Ջերմ չէր նաև Գորբաչովի հյուրընկալությունը: Գյումրիից վերադառնալով Երևան` ԽՍՀՄ առաջնորդը նախքան իր կեցավայր մեկնելը մայրաքաղաքում շփվում է բնակիչների հետ: Հայ պաշտոնյաներից Լևոն Չախմախչյանը գրում է, որ երբ Գորբաչովը դուրս եկավ մեքենայից, առաջին հարցը Ղարաբաղի մասին էր: ՙՄիխայիլ Սերգեեւիչը հենց նոր էր վերադարձել Լենինականից, և, թվում էր, երևանցիներին պետք է մտահոգեր աղետի գոտին: Փոխարենը նրան հարցրին` ՙԵ՞րբ է Ղարաբաղը միացվելու Հայաստանին՚: Գորբաչովի արձագանքը կտրուկ էր: Ո’չ նա և ո’չ էլ Ռաիսա Մաքսիմովնան, չէին կարող հասկանալ` ինչպես է հնարավոր նման ծանր պահին մոռանալ պատուհասը և հարցնել Ղարաբաղից՚:

Ֆադեյ Սարգսյանը ցավով նկատում է. ՙՊետք է ասեմ, որ նա (Գորբաչովը) և իր կինը խոր ցավով էին  նայում այդ (երկրաշարժի) ողբերգությանը: Իհարկե, ամենուր չէ, որ նրանց ընդունեցին հարկ եղած արժանապատվությամբ, իսկ որոշ տեղերում էլ սաստիկ վիրավորեցին: Դա վայել չէր մեր ժողովրդին և  ցավալի էր ինձ համար՚:

Պատիաշվիլին հիշում է` Գորբաչովն անկեղծ սրտացավությամբ էր տանում արհավիրքը: Սակայն Խորհրդային Վրաստանի նախկին առաջնորդը նախ և առաջ կարևորում է ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի ներդրումը, ով շատ բան արեց երկրաշարժի հետեւանքերը վերացնելու հարցում: ՙՆա շատ ազնիվ և պարկեշտ անձնավորություն է, իսկական հայրենասեր՚,- ասում է Պատիաշվիլին:

Վլադիմիր Մովսիսյանը ավելացնում է. ՙՌիժկովը մեզ հետ վերապրեց երկրաշարժի պատճառած ցավը: Նա ոչ միայն տնտեսապես, նյութապես և ֆինանսապես էր օգնում Հայաստանին, այլ նաև կիսում էր մեր վիշտը, ապրում այդ ողբերգությունը՚:

Դեկտեմբերի 7-ի ցնցումն ամբողջությամբ կամ մասնակի ավերեց Հայաստանի մոտ մեկ քառորդը, ավելի քան 25 հազար քաղաքացիներ զոհվեցին ու մնացին փլատակների տակ, ևս մի քանի տասնյակ հազարը ստացան մարմնական վնասվածքներ: Հայ ժողովուրդը սգում էր: Երբեմն զոհվածները չունեին սգացողներ, քանի որ ամբողջական  ընտանիքներ էին մնացել փլատակների տակ, դպրոցներում` դասարաններ: Վլադիմիր Մովսիսյանը կորցրել էր եղբորը. ՙԱնձնական վիշտը թեև ինձ խեղդում էր, սակայն համընդհանուր վիշտն էր, որ պատել էր բոլորիս: Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ, որ եղբորս հուղարկավորության ժամանակ բեռնատար ավտոմեքենայով մանուկների հինգ-վեց դագաղներ էին տանում թաղելու, և այդ մեքենայի հետևից գնում էր ընդամենը հինգ-վեց հոգի: Դա սարսափելի տեսարան էր՚:

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ հատորից