Թուրքական ագրեսիան Հայաստանին ստիպում է հրաժարվել Սևրի դաշնագրից. 1920թ նոյեմբերի 27

5679

Սևրի դաշնագիրն ու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը շատ հայ պատմաբանների ու քաղաքական գործիչների, փորձագետների ու դիվանագետների համար շարունակում է մնալ որպես կարևոր հաղթական փաստաթուղթ։ Դրանք հաճախ ներկայացվում են որպես իրավական լուրջ կռվան, որոնց հիմքով Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիայից:

Վիլսոնի Իրավարար վճիռը մեկ անգամ հիշատակվել է անգամ Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթում, թեև նույն Սարգսյանն ու Հայաստան պետությունը 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրած երկու արձանագրություններով, որոնք, ի դեպ, պայմանագրեր են, վերահաստատել են, որ ճանաչում են ժամանակակից Թուրքիայի սահմանները:

Համաշխարհային, մասնավորապես հայոց պատմությունը նաև, ցույց է տալիս, որ միայն իրավական փաստաթղթով հնարավոր չէ հող նվաճել: Այստեղ կարևոր է մեկ այլ իրականություն, որը գիտակցաբար կամ չիմացությունից, հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, փորձագետներն ու դիվանագետները մոռացության  են տալիս:

1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Սևրի պայմանագրից։ Ճիշտ է, դա եղել է ռազմական ագրեսիայի պայմաններում, բայց եղել է։

Ահա տեքստը.

«Նկատի առնելով, որ Սևրի դաշնագրով խախտվել են Թուրքիայի կենսական շահերը, որ նրա Ազգային մեծ ժողովի կառավարությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հայտարարում է Հայաստանի տնտեսական զարգացման իրական երաշխքիներ տալու պատրաստակամություն՝ ցանկանալով երկու պետությունների փոխհարաբերություններում սկսել նոր դարաշրջան և երկարատև դաշնագրով բարեկամական հարաբերություններ հաստատել, իր կառավարության անունից, պատասխանելով Թուրքիայի գրավոր առաջարկին, հայտարարում է, որ հրաժարվում է Սևրի դաշնագրից»: (ՀԱԱ, 200/1/602, էջ 377 և 200/2/104, էջ 8, Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատոր 4, Երևան, 2016թ, էջ 426):

1920 թվականի վերջերին, երբ թուրք քեմալականներն ու ռուս բոլշևիկները Բաքվից եկող Հայհեղկոմի անդամների հետ իրականացնում էին Հայաստանը խորհրդայնացնելու ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վերջին կառավարությունը՝ վարչապետ Սիմոն Վրացյան, հրաժարվել է Սևրից:

Երբ 1920-ի նոյեմբերի վերջերին հրաժարական տվեց Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը, երկրի վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը: Այս ընթացքում քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ առաջ էին շարժվում դեպի Հայաստանի խորքը՝ Արարատյան դաշտ: Ընկել էր Կարսը, ապա Սուրմալուն, իսկ հետո՝ նաևԱլեքսանդրապոլը (Գյումրին):

Հայկական կողմը ստիպված է լինում բանակցություններ սկսել Կարաբեքիրի հետ, որոնք կայանում են գրավյալ Ալեքսանդրապոլում:

Ալեքսանդրապոլի բանակցությունների հենց սկզբում թուրքերը հայերից պահանջում են հրաժարվել Սևրի դաշնագրից: Նոյեմբերի 27-ին Ալեքսանդր Խատիսյանը, ով գլխավորում էր հայկական պատվիրակությունը, հեռախոսով վարչապետ Սիմոն Վրացյանին տեղեկացնում է. «Թուրքերի պահանջով պատվիրակությունը միաձայն որոշեց հրաժարվել Սևրից: Մեր հայտարարությունը թուրքական պատվիրակությունն ընդունեց մեծ գոհունակությամբ և առաջարկեց անցնել սահմանների հարցին: Ես հայտարարեցի, որ մեր հիմնական ցանկությունն է`ելք դեպի ծով Բաթումի և Ռիզեի միջև, ամբողջ Ռուսական Հայաստանը, Վանի վիլայեթը և Բայազետի սանջակը»:

Կարաբեքիրը նոյեմբերի 30-ին տեղեկացնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագիծ է լինելու Արաքս գետը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 24-ին, երբ Հայաստանի վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը, նրա իսկ ստորագրությամբ հրապարակվում է կառավարության հռչակագիրը, որում մասնավորապես ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ»:

Երկու տարի անց՝ 1922 թվականին, Վրացյանը ՀՅԴ Ամերիկայի շրջանի 29-րդ Պատգամավորական ժողովին հղած զեկուցագրում պիտի դառնությամբ խոստովաներ․ «Մաքսիմալիզմը, որի առանձնապես անզիջող ներկայացուցիչներ էին գաղութներից եկած ընկերները, գլխավոր պատճառը եղավ Հայաստանի գլխին եկած հետագա աղետների:Ընդհանուր ժողովը [նկատի ունի ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը, որը կայացել է Երևանում 1919թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին- Թ․ Հ․] չափից ավելի գերագնահատեց հայ ժողովրդին և ՀՅԴ-ի ուժերը, անտեղյակ կամ արհամարհող գտնվեց դեպի Հայաստանի շուրջը գտնվող ուժերը և չկարողացավ բավականաչափ գնահատել ո՛չ միջազգային կացությունը, ո՛չ էլ հայ հասարակական ուժերի փոխհարաբերությունները… Թե մեր հարևանների և թե, մասնավորապես, Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու պահանջի խնդրում ճակատագրական նշանակություն ունեցավ Ընդհանուր ժողովի որոշումը ծովից-ծով Հայաստանի և Ղարաբաղի մասին:Այսօր, կարծես, այլևս բոլորի կողմից ընդունված փաստ է, որ ծովից ծով Հայաստանի պահանջը առնվազն տղայամտություն էր: Նա ո՛չ միայն հնարավոր չէր միջազգային քաղաքական պատճառներով, այլև հայ ազգի ենթակայական պայմաններով: Անգամ, եթե կարելի էլ լիներ այդ սահմաններով Հայաստան ստանալ, մենք ի վիճակի չէինք լինի այն կազմակերպել և կառավարել: Այդպիսի պետության մեջ հայերը պիտի լինեին փոքրամասնություն և կուլ գնային մահմեդական մեծամասնությանը»:

Իրավամբ, մեր պատմությունը հաճախ պիտի լինի մեր ուսուցիչը։

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն