Հայ ժողովրդական կուսակցության հեռագրերը Ադրբեջան և Վրաստան. 28 սեպտեմբեր, 1919թ

1606

Հայ ժողովրդական կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ. գործունեություն ծավալած քաղաքական ուժերից էր: Կարճ ժամանակ իշխող ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարության մաս է կազմել, ապա հրաժարվել նախարարական պորտֆելներից: Խստիվ քննադատել է 1919 թվականի ամռանը անցկացված խորհրդարանական ընտրությունները, համարելով, որ դրանցում տեղ են գտել կեղծիքներ: 1920 թվականի մայիսին, երբ բոլշևիկները ապստամբություններ բարձրացրեցին Ալեքսանդրապոլում, Կարսում, Նոր Բայազետում, Դիլիջանում, Հայ ժողովրդական կուսակցությունը աջակցեց կառավարությանն ու ՀՅԴ-ին: 

1919-ի աշնանը Երևանում տեղի ունեցավ կուսակցության երկրորդ համագումարը, որի որոշումները տեղ են գտել կուսակցության օրգան Ժողովուրդ օրաթերթի էջերում:

ԱՆԻ կենտրոն

Հայ ժողովրդական կուսակցութեան համագումարի հեռագիրը Ադրբէյջանի պարլամենտի նախագահ՝ Աղաևին

Խնդրում եմ ձեզ պարոն նախագահ, յայտնէք պարլամենտին Հայ ժողովրդական կուսակցութեան երկրորդ համագումարի հետևյալ որոշումը.-

Հայ ժողովրդական կուսակցութեան Բ. համագումարը գտնելով, որ Անդրկովկասեան հանրապետութիւնների և նրանց ժողովուրդների բարօրութեան, զարգացման և նրանց պետականութեան հիմքերի ամրապնդման համար կենսական անհրաժեշտութիւն է նրանց փոխադարձ շահերի ըմբռնումը և համերաշխ գործակցութիւնը, անկեղծ ցանկութիւն է յայտնում, որ հարևան ժողովուրդների մէջ սկիզբ դրւի համագործակից և համերաշխ կեանքի, փոխադարձ զիջումների հողի վրայ:

Համագումարն այդ խորը գիտակցութեամբ ուղարկում է իր ողջոյնը Ադրբէյջանի ժողովուրդին ի դիմաց նրա ժողովրդական ներկայացուցիչների:

Համագումարի նախագահ՝ Սամսոն Յարութիւնեան

Նոյն բովանդակութեամբ հեռագիր ուղարկւած է նաև Վրաստանի Սահմանադիր ժողովի նախագահին:

Ժողովուրդ, թիւ 106, կիրակի, 28 սեպտեմբեր, 1919

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1919/106.pdf