Դեպի սեպտեմբերի 21. Հայաստանը անկախության ճանապարհին

7799

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

1991թ. վաղ գարնանը Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջին փորձն էր անում՝ փրկելու կայսրության անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ արտահայտվեց խորհրդային երկրի գոյությանը: Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, բոյկոտեց հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և որոշում ընդունել վեց ամիս հետո անցկացնել անկախության իր հանրաքվեն:

Դեռ 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունել էր Անկախության հռչակագիր, որով Հայաստանի նոր` ոչ կոմունիստական իշխանություններն ընտրել էին ազատ և անկախ պետություն կերտելու ճանապարհը: «Զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»`Խորհրդային Հայաստանի վերջին գումարման Գերագույն խորհուրդը հռչակեց երկրում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը, որը քննարկվել և քվեարկությամբ ընդունվել էր կետ առ կետ, խորհրդարանի ամբիոնից առաջինն ընթերցեց ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը: Պատմական այդ փաստաթուղթը առաջինն ընթերցելու պատիվը Կիրովականից (այսօր՝ Վանաձոր) ընտրված և հայ հանրությանը քիչ հայտնի պատգամավորին տրվել էր բացառապես իր անվան համար: 1918-ի գարնանը Արարատի ստվերի տակ «անձև քաոսից» կազմավորված Առաջին Հանրապետության հիմնադիրներից էր Արամ Մանուկյանը: 1990-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն փորձում էր միմյանց կապել Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

1990թ. օգոստոսի 4-ին ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կոմունիսների հետ դժվարին պայքարում երրորդ փուլով ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ` փաստացի դառնալով երկրի առաջնորդ, իսկ մեկ այլ նշանավոր ՀՀՇ-ական` Վազգեն Մանուկյանը, օգոստոսի 13-ին նշանակվեց վարչապետի պաշտոնում:

Հայաստանի ղեկավարության համար ակնհայտ էր Խորհրդային Միության փլուզման անխուսափելիությունը, հռչակագրի ընդունումից հետո հիվանդ կայսրությունը գոյությունը քարշ տվեց ընդամենը 16 ամիս:

Իր հայտնի` «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածաշարում Հայոց համազգային շարժման գաղափարախոս Վազգեն Մանուկյանը գրում էր. «Եթե փորձ արվի կոպիտ միջամտությամբ կանգնեցնել երկրում տեղի ունեցող գործընթացը, ապա կարճատև դադարից հետո դա անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի, պայթյունի, և կայսրությունը կսկսի քանդվել ավելի մեծ արագությամբ: Այդ դեպքում մեզ սպառնում է կայսրության փլատակների տակ մնալու վտանգը: Ցանկալի է ոչ թե պայթյունի շնորհիվ ձեռք բերել մեր անկախությունը, այլ այդ քայքայումը դիմավորել որպես արդեն անկախ պետություն՝ ճանաչված աշխարհի այլ պետությունների կողմից»:

Այդ տարիներին Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անգամ չէին պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ապրել Ռուսաստանից առանձին` շրջափակված Թուրքիայի նման թշնամի պետությամբ: Եթե մարդկանց հարցնեիր, թե առաջին հերթին ինչ չպետք է անել, նրանք կպատասխանեին, որ չպետք է Խորհրդային Միությունից անկախանալ: Սակայն խնդիրն այն չէր` Հայաստանն ուզում էր այդ անկախությունը, թե` ոչ: Խնդիրն այն էր, որ այդ անկախությունը դառնալու էր անխուսափելի, այդ անկախությունը ինքն էր գալու մեր դուռը և մենք պիտի պատրաստ լինեինք այն ընդունելու:

Վազգեն Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնք արդեն 1990 թ. օգոստոսին զբաղեցնում էին համապատասխանաբար վարչապետի և Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, պնդում էին, որ հայ ժողովուրդն իր ազգային իղձերին հասնելու համար պետք է ապավինի միայն և միայն սեփական ուժերին: Նրանք քաղաքականապես սնանկ և վտանգավոր էին որակում որոշ մտավորական գործիչների, կոմունիստների և սփյուռքյան կուսակցությունների կողմից քարոզվող տեսակետը, որ Հայաստանը, շրջապատված լինելով այլակրոն, թշնամի ազգերով, իր գոյությունը կարող է պահպանել միայն որևէ հզոր պետության հովանավորության շնորհիվ:

Մոսկվայում 1991 թ. օգոստոսյան հեղաշրջման ձախողված փորձն ավելի արագացրեց խորհրդային պետության վախճանը: Եվ միայն հեղաշրջման ձախողումից հետո խորհրդային հանրապետությունները, որոնք ընդամենը վեց ամիս առաջ քվեարկել էին Խորհրդային Միության պահպանման օգտին, մեկը մյուսի հետևից հռչակեցին իրենց անկախությունը: Օգոստոսի 24-ին անկախություն հռչակեց Ուկրաինան, 31-ին` Կիրգիզիան, օգոստոսի 30-ին` Ադրբեջանը, սեպտեմբերի 1-ին` Ուզբեկստանը, սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղը, հոկտեմբերի 27-ին` Թուրքմենիան, դեկտեմբերի 16-ին` Ղազախստանը:

Նույն տարվա սեպտեմբերի 21-ին, ինչպես նախատեսվել էր դեռ կես տարի առաջ, Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94, 5 տոկոսը մասնակցում, իսկ ավելի քան 99 տոկոսն ԱՅՈ է ասում անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Իրավաբանորեն, Հայաստանը անկախություն հռչակեց հենց սեպտեմբերի 21-ին, իսկ փաստացի` անկախության ուղին սկիզբ էր դրվել նախորդ տարվա օգոստոսի 23-ին:

Արցախյան օրագիր․ Կանաչ ու սև, 4-րդ հրատարակություն

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ