Քաջազնունու, Արամի և Խալիլ Կուտ փաշայի բանակցությունները 1918-ի օգոստոսի 31-ին՝ Երևանում այս տանը

3615

1917-1919 թթ. այս տանն է բնակվել Հայաստանի Առաջին Հանրապետության  հիմնադիրներից Արամ Մանուկյանը: Այստեղ է նա բծավոր տիֆից իր մահկանացուն կնքել 1919-ի այս օրը՝ հունվարի 29-ին:

Այս տանն է 1918-ի օգոստոսի 31-ին տեղի ունեցել Արամի և ջարդարար Խալիլ Կուտ փաշայի հանդիպումը, որին մասնակցում էին նաև թուրք զորահրամանատարին Հայաստան այցի ընթացում ուղեկցող Գերմանիայի ներկայացուցիչ ֆոն Կրեսը և Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչ բարոն Ֆրանկեշտայնը:

Հայկական կողմից հանդիպմանը, բացի Արամ Մանուկյանից, մասնակցել են վարչապետ Հովհաննես Քաջազնունին, Խորհրդարանի (այն ժամանակ՝ Խորհուրդ) նախագահ Ավետիք Սահակյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալյանը:

Քննարկվել են թուրքական զորքերի դուրս բերումը Լոռու չեզոք գոտուց և Հայաստան-Օսմանյան կայսրություն հարաբերություններին վերաբերող բազմաթիվ այլ օրախնդիր հարցեր: Հենց այդ բանակցությունների ընթացքում է, որ Արամին հաջողվել է Խալիլ փաշայից ստանալ 25 հազար փութ ցորենի խոստում: