1992-ի այս օրը՝ օգոստոսի 8-ին, ընկավ Արծվաշենը

7515

1992-ի ամառը Արցախի և Հայաստանի համար ամենածանր ժամանակներն էին պատերազմի երեք տարիների ընթացքում: Հուլիսի 30-ին Լաչինի շրջանի Հոչազ և Տիգիկ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերն անակնկալ հարձակում էին կատարել, 24 հայեր սպանվել էին, ևս ութը` անհետ կորել: Օգոստոս-սեպտեմբերին ղարաբաղյան ուժերը գրեթե կորցնում էին Լաչինի միջանցքը:

Ադրբեջանի բանակային երկրորդ կորպուսը գեներալ-մայոր Դադաշ Ռզաևի հրամանատարությամբ հարձակում էր սկսել հյուսիսից: Արցախյան ուժերին հաջողվեց հակառակորդին կանգնեցնել Լաչինից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Ադրբեջանի տարածքում ՙկղզյակի՚ վերածված Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ:

Օգոստոսի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հեռագիր է հղում Հավաքական անվտանգության պայմանագրի (այսօր՝ ՀԱՊԿ)  ղեկավարներին` հորդորելով կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, քաղաքական, ռազմական և այլ միջոցներով կանխել պատերազմը.  ՙԱդրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի մասը` Արծվաշեն գյուղը, և ներխուժել նրա օդային տարածքը` ռազմական ինքնաթիռներով ռմբակոծել Գորիսի շրջանը: ՀԱՊ անդամ պետության դեմ ագրեսիա է կատարված՚:

Պատերազմի ծանր շրջանում Վազգեն Սարգսյանի կոչով օգոստոսի 16-ին կազմավորվում է ՙԱրծիվ-մահապարտներ՚ գումարտակը:

Օգոստոսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը, որն ամերիկյան կառավարությանն արգելվում էր ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնում Հայաստանի ու Արցախի շրջափակումը:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն օգոստոսի 20-ին նամակով դիմում է ՄԱԿ` շտապ կարգով Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ հրավիրելու խնդրանքով. ՙՌուսական զորքերի օգնությամբ Ադրբեջանը հարձակումներ էր իրականացնում ԼՂ-ի նկատմամբ, Մարտակերտի շրջանի զգալի մասը գրավված էր: Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում էինք դատապարտել ԼՂ բնակչության հանդեպ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև` ակնկալում քաղաքական գնահատական Հայաստանի շրջափակումներին՚:

Պատերազմից հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով նշել է, որ Արծվաշենը մենք ոչ թե կորցրել, այլ փոխանակել, «բարտեր» ենք արել Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական կղզյակների հետ, որից, տարածքային իմաստով, շահած ենք դուրս եկել:

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից