Հայաստան-Խորհրդային Ադրբեջան բախումների պատմությունից. հուլիս, 1920

2604

ՀՈՒՍԷՅՆՕՎԻ ՅԱՅՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Երեւան, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարին, պատճենը՝ Աստրախանի վրայով Մօսկւա, Չիչերինին, Թիֆլիս, Վրաստանի հայկական դիւանագիտական ներկայացուցիչ Բէկզադեանին, Թիֆլիսի Ռուսական ՍԽՖՀ լիազոր ներկայացուցիչ Կիրօվին.

Ստացած տեղեկութիւնների համաձայն, հայկական զօրամասերը, Զանգիբասարն աւերելուց և տեղի մահմեդական բնակչութիւնն արտաքսելուց յետոյ, յարձակում են սկսել Շարուր-Նախիջևանի շրջանի վրա:

Միւս կողմից, հէնց նոր ստացւած տեղեկութիւնների համաձայն, զօրամասերը յարձակում են սկսել Ղազախի գաւառի վրա և յուլիսի 5ի առաւօտեան ժամը 4-ին գրաւել են Ղարաղշլաղ գիւղը:

Ադրբէջանի սօցիալիստական հանրապետութեան և Հայաստանի հանրապետութեան միջև բոլոր վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով մօտ ժամանակները Ղազախ քաղաքում հրաիւիրւելիք կօնֆերանսի մասին յունիսի 2-ին կայացրած համաձայնութիւնից յետոյ Հայաստանի կառավարութեան նման նուաճողական գործողութիւնները հակասում են վերոյիշեալին: Իմ կառավարութիւնը չի կարող չնկատել այդ որպէս Խորհրդային Ադրբէջանի դէմ սկսւած պատերազմական գործողութիւններ և պահանջում է դադարեցնել ամէն տեսակ յարձակում՝ հայկական զօրամասերի կողմից:

Հակառակ պարագային իմ կառավարութիւնը  հարկադրւած կլինի պնդելու, որ յունիսի 2-ի համաձայնութիւնը խախտուած է, ուստի և յետագայ գործողութիւնների մէջ իրեն ազատ կհամարի:

Թիֆլիս, 5 յուլիսի, 1920թ.

Ադրբէջանի ս. խ. Հանրապետութեա արտաքին գործերի ժող. Կօմ և լիազօր ներկայացուցիչ՝

Հուսէյնօվ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Թիֆլիս, Ադրբէջանի լիազօր ներկայացուցիչ և ներքին գործեի նարկօմ Հուսէյնօվին, պատճէնը Թիֆլիս, Հայաստանի միսիա՝ Բէկզադեանին, պատճէնը Թիֆլիս, ՌՍՖՍՀ լիազօր ներկայացուցիչ Վրաստանում Կիրօվին, պատճենը՝ արտաքին գործերի ժողովրդական կօմիսար Չիչերինին:

Սոյն յուլիս 5-ին ձեր հեռագրին որպէ պատասխան հաղորդում եմ ձեզ հետեւեալը. առաջին՝ Շարուր-Նախիջևանի շրջանը և Զանգիբասարը, որ այժմ բռնւած է Հայաստանի զօրքերով… կազմում են Հայաստանի անբաժան մասը: Այդ պատճառով էլ ձեր հարցապնդումը… իմ կառավարութեան կողմից դիտւում է որպէս միջամտութիւն Հայաստանի ներքին գործերի մէջ:

Երկրորդ. Հայաաստանի կառավարութիւնը ոչ մի յարձակողական գործողութիւն չի ձեռնարկել Սովետական Ադրբէջանի դէմ, ինչպէս Ղազախի, նույնպէս և այլ սահմանակից շրջաններում: Ընդհակառակը, ձեր զինական մասերը երկու անգամով՝ մէկ մայիս 20-ին, մէկ էլ յունիսի մէջերքում առանց որեւէ հիմունքի արշաւեցին Հայաստանի Հանրապետութան անվիճելի հողամասերում գտնուող քաղաքների եւ գիւղերի վրա: Այդ զօրամասերը Քարվանսարան և իր շրջանակները գրաւելուց յետոյ, վերադարձին ենթարկել են կողոպուտի սահմանակից մի շարք հայկական գիւղեր, խաղաղ գիւղացիներ են գնդակահարել և գերի տարել Հայաստանի պաշտօնատար անձնաւորութիւններ:

Ձեր կառավարութեան գիտութեամբ և ձեր իշխանութիւնների մասնակցութեամբ Ադրբէջանի զանազան տեղերում և մասնավորապէս Բաքւում հայերից յատուկ զօրամասեր են կազմակերպւում, որպէս թէ հակայեղափոխական-բէկական շարժումների դէմ ճակատ ուղարկելու համար, բայց իրապէս Ղազախի և Աղստաֆայի շրջաններում տեղաւորելուց յետոյ, նրանք բռնի Հայաստանի կողմն են ուղարկւելու Հայաստանի դէմ սկսւելիք թշնամական գործողութիւնների մէջ շահագործելու մտքով:

Նոյն իմաստով էլ Շամշադինի հայ ազգաբնակչութիւնը բռնի տեղափոխւած ձեր զօրքերի կողմից Ղազախ և գնդակների սպառնալիքի տակ ուղարկւած Հայաստանի կառավարական զօրքերի դէմ:

Հանրապետութեան սամանները ձեր սահմանապահ զօրամասերի ապօրինի արշաւանքներից պաշտպանելու համար մեր կառավարութեան կողմից ուղարկւած հայկական զօրքերը ներկայումս գրաւած ունեն այն գիծը, որ բաժանում է Հայաստանն Ադրբէջանից և բացի այդ ուրիշ որևէ նպատակ չունի: Կարաղշլաղ գիւղը հայ զօրքերը չեն գրաւել և Ադրբէջանի սահմանը ոչ մի կերպ խախտուած:

Բոլոր միջադէպերի ժամանակ խաղաղ լուծման տեսակէտի վրա անյողդողօրէն կանգնած մնալով իմ կառավարութիւնը դեռ մայիսի մէջ առաջարկել է ձեր կառավարութեան հրաւիրել յատուկ Հայ-Ադրբէջանեան կօնֆերանս՝ վիճելի բոլոր հարցերը վճռելու համար և մեր Թիֆլիսի դիպլօմատիկական ներկայացուցչի միջոցով ձեզ եղած մեր երկրորդ առաջարկից յետոյ այժմ միայն ստացւեց ձեր կառավարութեան համաձայնութիւնը:

Նորից պնդելով իմ կառավարութեան պատրաստակամութիւնը Հայաստանի և Ադրբէջանի միջև եղած սահմանային բոլոր վէճերը առաջիկայ խաղարարար կօնֆէրանսին տանելու որոշումը, իմ կառավարութեան կողմից վստահութիւն եմ արտայայտում, որ ձեր կողմից ձեռք կառնւին բոլոր միջոցները արգելելու՝ ձեր հանրապետութեան սահմաններում Հայաստանի դէմ թշնամական նպատակներով բռնի կերպով հաւաքւող զօրամասերի կազմակերպումը, և Ադրբէջանի կողմից Հայաստանի սահմանների անձեռնմխելիութիւնը կերաշխաւորւի ինչպէս ձեր զօրքերի, նոյնպէս և այլ զօրամասերի, յարձակողական գործողութիւններից:

Յուլիս 7

Հայաստանի արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանեան

ԱԴՐԲԷՋԱՆԻ ՆՈՐ ՆՕՏԱՆԵՐԸ. Յառաջ-ի խմբագրական

Ադրբէջանից Հայաստանին ուղղած նոր նօտաները գալիս են ասելու, որ նորից մի նոր բան հոտում է այդ երկրում:

Ադրբէջանի արտաքին գործերի կօմիսար Հուսէյնօվը բողոքում է Զանգիբասարի և Շարուր Նախիջեւանի ապստամբ աւազակախմբերի նկատմամբ ձեռնարկած միջոցների դէմ և սպառնալիքի տակ պահանջում է վերջ տալ նման ագրեսիւ գործողութիւններին. իսկ Բագւի մանկահասակ կօմմունիստ յանցագործները, անւանելով Հայաստանի, կառավարութիւնը վրաանսիրտվրա և վրադաժանվրա, յայտարարելով, որ նա գնդակահարում է իր երկրում հարիւրաւոր կօմունիստների, նոր սպառնալիքների տակ պահանջ են դնում՝ երկու օրւայ ընթացքում փոխել իրենց ընկերների նկատմամբ մինչ այսօր գործադրած քաղաքականութիւնը:

Մենք, ի հարկէ, գիտենք, որ ո՛չ “կօմունիստ” Հուսէյնովը և ո՛չ էլ Բագւի մանկահասակ յանցագործները չեն հաւատում իրենց ասածներին: Նրանք միայն որոշ ու մեզ քաջ յայտնի նպատակներով ցանկանում են ուրիշներին համոզել մի բանում, ինչի մէջ իրենք բնաւ համոզւած չեն, մոռանալով, որ այս աշխարհում կան նաև այնպիսի մարդիկ, որոնք դիւրութեամբ կարող են անալիզի սուր նշտրակը փորձել իրենց գլխի վրա՝ իսկական մտադրութիւնների շարժառիթներն ու պատճառները գտնելու համար:

Խորհրդային Ադրբէջանի “կօմունիստ” պարոնները մեզնից լաւ գիտեն, որ հազիւ գտնւի մէկ այլ կառավարութիւն, որն աւելի համբերատար, շիտակ և մեղմ քաղաքականութիւն ունենար թէ՛ իր անբարեցակամ հարևանների ու թէ՛ երկրի ներսում գտնւող թշնամի տարրերի նկատմամբ, քան Հայաստանի կառավարութիւնն ունի:

Նրանք գիտեն, որ մեր մայրաքաղաքի քթի տակ մի ամբողջ թրքաբնակ շրջան, թունոտ ագիտացիայի շնորհիւ մօտ երկու տարի ապրելով ապստամբ վիճակում, պալար էր դարձել մեր մանուկ պետութեան մարմնի վրա, գիտեն, որ Հայաստանի անբաժան մասը կազմող Շարուր-Նախիջեւանի շրջանը դարձել է Թուրքիայի և Ադրբէջանի գործակալների և հրոսակախմբերի անհանգիստ որջը, որտեղից շարունակ յարձակումներ են տեղի ունենում հանրապետական զօրքերի և մերձակայ գիւղերի խաղաղ ազգաբնակութեան վրա, լավատեղեակ են, որ Հայաստանում գտնուող բացայայտ վարձկաններից մի քանի հոգի միայն կրել են իրենց արժանի պատիժը, բայց և այնպէս, իմանալով հանդերձ այս ամենը, նրանք այսօր արամազդէան շանթեր և ամպրոպներ են ճարճատեցնում Հայաստանի կառավարութեան հասցէին:

Այդ նշան է, նորից ենք կրկնում, որ մի նոր դաւ այդ պարոնները նորից նիւթում են մեր երկրի դէմ:

Փաստ է արդէն, որ խորհրդային Ադրբէջանը նորանոր ուժեր է կուտակում թէ՛ Ղարաբաղում և թէ՛ Ղազախի ու Շամշադինի շրջաններում:

Գաղտնիք չէ այլևս, թէ այդ զօրամասերն ինչու են տեղափոխւում դէպի Հայաստանի սահմանները և ինչ նպատակներ են  հետապնդում:

Ահա այս նոր դաւերը քօղարկելու համար է, որ նօտարների տարափը կրկին տեղում է Հայաստան:

Մենք մեր պարտքն ենք համարում ի լուր ամենի յայտարարելու, որ Հայաստանի կառավարութիւնը չունի և ոչ մի ցանկութիւն ոչ Ադրբէջանի և ոչ էլ որևէ մէկ ուրիշ երկրի վրա որևէ յարձակում գործելու, որ նրա պահանջները տարածւում են միմիայն այն շրջանների վրա, որոնք Հայաստանի անբաժան մասն են կազմում եւ որ նա պատրաստ է ամենասերտ բարեկամական յարաբերութիւնները հաստատել բոլոր նրանց հետ, որոնք անկեղծօրէն հաշտւել են հայ պետութեան գոյութեան մտքի հետ, որոշել են յարգել վերջինիս անկապտելի իրավունքները իր հայրենիքի վրա և ներսից ու դրսից հանգիստ թողել մեզ:

Հետապնդելով այս նպատակները, Հայաստանի կառավարութիւնը դեռ մայիս 20-ին առաջարկ ունէր արած խորհրդային Ադրբէջանին, անմիջապէս հրաւիրել խառը կոնֆերանս վիճելի հարցերը կարգաւորելու:

Այս առաջարկը յուլիսի 2-ին ընդունվել էր, ըստ երեւոյթին, Ադրբէջանի կողմից, սակայն Հիւսէյնօվի նոր նօտան վերստին գալիս է նոր կասկածներ յարուցանելու մեր մէջ:

Եթէ մենք սխալ ենք, ապա լաւ է, որ Ադրբէջանն անհիմն նօտարներ Հայաստանի կառավարութեանն ուղղելու փոխարէն, գործով ցոյց տար, թէ նա, իրոք, ուզում է ապրել խաղաղութեան մէջ հայ ժողովրդի հետ և ընդմիշտ ու անկեղծօրէն հաշտւել է հայ պետության գոյութեան մտքի հետ:

ՅԱՌԱՋ, ՀՅԴ, թիւ 142, Հինգշաբթի, 8 Յուլիս, 1920