Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Ստեփանակերտ. 14 հունիս, 1993

22338

1993 թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում և Բաքվում պատահական զուգադիպությամբ տեղի ունեցան իշխանափոխություններ: Աբուլֆազ Էլչիբեյի “խնդրանքով” Բաքու ժամանած Հեյդար Ալիևն այդ օրը դարձավ խորհրդարանի նախագահ` փոխարինելով Իսա Գամբարին: ԼՂ-ում խորհրդարանական հեղափոխություն իրականացնելու և ՀՅԴ-ի իշխանությունը ավելի սահմանափակելու համար անհրաժեշտ էր Հայաստանի նախագահի միջամտությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում հունիսի 14-ին առաջին անգամ այցելեց ԼՂ:

Այս դեպքերից շուրջ 15 տարի անց` 2008թ. փետրվարին` Հայաստանի նախագահական ընտրություններից երեք օր առաջ, Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր և Տեր-Պետրոսյանի միջև “առաջին մեծ կոնֆլիկտին”: Այն օրերի մամուլի հրապարակումներն ու քաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում են, որ, իրականում, Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը համախոհներ էին գոնե ՀՅԴ-ին իշխանությունից հեռացնելու հարցում:

1993թ. հունիսի 12-ին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Գորիսում կայանում է հանդիպում, որին մասնակցում են Գեորգի Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը: “Մեզ պարտադրում էին հանձնել Քելբաջարը` փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը: Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը խոստացել է, և սա է միակ հնարավոր լուծումը: Քննարկումը բավական ծանր էր, բայց մենք մերժեցինք”,- 2008թ. փետրվարին հեռուստատեսությամբ պնդում էր Քոչարյանը: “Երկու օր հետո Տեր-Պետրոսյանն ուղղաթիռով եկավ ԼՂ. նույն ճնշումը, նույն սպառնալիքները: Պնդում էր, որ եթե Քելբաջարը չհանձնենք, Հայաստանը կկործանվի: Արդյունքում` Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ մենք հարաբերությունները վերջնականապես չփչացնելու համար համաձայնեցինք, պայմանով, որ դա կանենք երկու ամիս հետո` Քելբաջարի և ԼՂ սահմանն ամրացնելուց հետո: Անմիջապես սկսեցինք մշակել Աղդամի օպերացիան: Հուլիսին արդեն բոլորը մոռացան Քելբաջարի մասին, և սկսվեց նոր պատմություն Աղդամի վերաբերյալ”:

Հունիսի 9-ին Երևան էին ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը, պետանվտանգության նախարար Վիկտոր Բարաննիկովը և պաշտպանության փոխնախարար Բորիս Գրոմովը: Նրանք հանդիպում են նաև Գեորգի Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հայաստանի նախագահն այցելել էր Ստեփանակերտ` համոզելու ստորագրել փաստաթղթի տակ, ըստ որի Քելբաջարը հե՞տ է տրվում: Այս հարցին Գեորգի Պետրոսյանը 2006-ի հունիսին ինձ տվեց այսպիսի պատասխան. “Հայաստանը հետ էր քաշվում Քելբաջարից և հանձնելու դերը դնում Ղարաբաղի վրա”: Իսկ սա Երևանի հետ պայմանավորված խաղ չէ՞ր: “Հայաստանը դրսից ճնշման ենթարկվելու իմաստով համաձայնվում էր ինչ-որ բաների, Ղարաբաղը` փորձում պաշտպանել իր իրավունքը: Եթե անգամ սա խաղ էր, ապա հարյուր տոկոսով համաձայնեցված չէր”,- ասաց Պետրոսյանը:

1993թ. հունիսի 14-ի Ստեփանակերտի հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանից ու Ռոբերտ Քոչարյանից բացի ներկա է եղել ավելի քան տասը պաշտոնյա, այդ թվում նաև լրագրող Գեղամ Բաղդասարյանը, ով այն ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավարն էր: Նա հիշում է “այդ դժվարին ու տհաճ բանակցությունները, որի մի կողմում Տեր-Պետրոսյանն էր ու արցախցի իր համախոհները ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմում ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության ՀՅԴ-ական ու ՀՅԴ-ամետ անդամները” ու Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն ու համախոհները չէին ուզում ստորագրել փաստաթուղթը երկու պատճառով, նախ` համոզված չէին, թե դա ճիշտ քայլ է, և երկրորդ` ներքին միասնության բացակայության և  առկա երկիշխանության պայմաններում դա քաղաքական ինքնաոչնչացում կլիներ”,- ասում է Բաղդասարյանը:

2009թ. փետրվարին Բաղդասարյանը իր խմբագրած Անալիտիկոն հանդեսում ամբողջությամբ հրապարակեց 1993-ի հունիսյան այդ հանդիպման սղագրությունը, որը կարդալով կարելի է հասկանալ, թե իրականում ովքեր էին մերժում ստորագրել ռուսների կողմից Երևանին, ըստ էության, պարտադրվող փաստաթուղթը: Այն ներկայացնում ենք մասնակի կրճատումներով: Եվ այսպես` Ստեփանակերտ, ԼՂՀ Գերագույն խորհրդի շենք, 14 հունիս, 1993թ.:

“Լևոն Տեր-Պետրոսյան- Ես եկել եմ մենակ: Կռվել եմ ընկերներիս հետ, որ մենակ գամ` չէին թողնում Բաբկենը, Վահանը, Վազգենը: Եկել եմ ասելու իմ վերջին խոսքը: Ձեզ հետ չեմ վիճելու` տրամադիր չեմ: Ոչ մի բանավեճ տեղի չի ունենալու, ամեն ինչ արդեն ասել ենք միմյանց: Ձեր փաստարկները ես գիտեմ, դուք գիտեք իմը: Կարող ենք տեղներս փոխել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում կրկնել ելույթս, բայց մի բան կասեմ` ցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ և հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինել կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի` Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է: 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունների ընթացքում այսքան անկեղծ ու դաշնակցային չեն եղել մեր հարաբերությունները, որքան վերջին մեկուկես տարում` Ելցինի և Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Եթե Ղարաբաղն այսօր կա ու գոյություն ունի` միայն Ռուսաստանի շնորհիվ: Ռուսաստանն այսօր խաղաքարտի վրա է դրել իր հեղինակությունը: Խաղաքարտի վրա է նաև Ելցինի հեղինակությունը: Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը: 40 օր հետո փամփուշտը վերջանալու է: 7 օր հետո վերջանալու է մթերքը: Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել: Եթե Հայաստանը երեք օր սոված մնաց, կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի: Անցյալ անգամ մենք կոնսենսուսով որոշում ընդունեցինք: Դուք մենակ թողեցիք Գեորգի Պետրոսյանին, բայց համաձայնվեցիք, որ նա ստորագրի: Բոլորիդ է վերաբերվում սա: Հեռախոսային ձայնագրություններից գիտեմ, թե ինչ տեղի ունեցավ հետո, և դուք կանգնեցրիք մեզ փաստի առաջ: Եվ վերջինը` այսքան ստորացում հանդուրժել եմ, մեկն էլ կարող եմ հանդուրժել: Տասը օր որպես պատանդ պատրաստ եմ մնալ Ղարաբաղում:

Ռոբերտ Քոչարյանն այդ պահին հարցրեց.

– Լևոն Ակոպովիչ, ստորացումն ի՞նչ է:

– Унижение, Ռոբերտ: Պատերազմից հետո ես քեզ մի տարի գրաբար կդասավանդեմ:

ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներից մեկը տեղից.

– А также ассирийский, Левон Акопович.

Լևոն Տեր-Պետրոսյան (լրջացած)- Ես կարող եմ մի բան խնդրել ձեզ` քննարկում մի սարքեք: Ես հեռանում եմ ու կես ժամից կգամ:

Ինչ-որ մեկը տեղից.

– А потом что?…

Լևոն Տեր-Պետրոսյան (նորից ժպտում է).- А потом танцы, господа, шампанское…

Տեր-Պետրոսյանը մռայլ քայլում է սենյակով մեկ` ձեռքերը կրծքին խաչած: Լռություն: Սեղանի շուրջ նստած են ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամներ Լևոն Մելիք-Շահնազարյանը, Վալերի Ղազարյանը, Կարեն Բաբուրյանը, Սլավա Աղաբալյանը, Հրանտ Խաչատրյանը, Վալերի Բալայանը, Վալերի Ալեքսանյանը, Համլետ Գրիգորյանը, Վլադիկ Հակոբյանը, ինչպես նաև Սամվել Բաբայանը, Կամո Աբրահամյանը (ՊԱԿ), Լեոնարդ Պետրոսյանը, Արմեն Իսագուլովը, Մաքսիմ Միրզոյանը, Արկադի Ղուկասյանը, Ժիրայր Պողոսյանը, Շահեն Կարամանուկյանը:

Տողերիս հեղինակը (Գեղամ Բաղդասարյանը) նստած է պատուհանի մոտ` նոթատետրը ձեռքին: Մի քանի հոգի անհանգստություն են հայտնում գրառումներիս կապակցությամբ: Գեորգի Պետրոսյանը պարզաբանում է` պատմության համար է:

Տեր-Պետրոսյանի ելույթը նկարահանում է նրա օպերատորը: Տեր-Պետրոսյանը դուրս է գալիս սենյակից, և սկսվում է քննարկումը: Հայաստանի նախագահի օպերատորը հապաղում է, “ոտը կախում”, բայց Ռոբերտ Քոչարյանը կտրուկ և կոպիտ դիտողությամբ նրան դուրս է հրավիրում:

Սամվել Բաբայան – Ոչ ոքի “դավաճան” (իրականում ավելի կոպիտ բառ է օգտագործում- Գ. Բ.) չենք հանելու: Մարդ չկա, որ “ոչ” ասելու պատասխանատվությունն իր վրա վերցնի ու զբաղվի մատակարարմամբ: Ստորագրենք մեկ այլ գաղտնի փաստաթուղթ ու ցրվենք: Երկու օրից Մարտակերտ ենք մտնում:

Ռոբերտ Քոչարյան – Մենք ասել ենք, որ պիտի “ՆԶ” (անձեռնմխելի պաշար – Գ. Բ.) լինի պահեստում, որպեսզի եթե թուրքերը հարձակվեն, վստահ լինենք, որ հետ ենք տալու: Նա չի կարող դա գրել: Նա այն մարդը չէ, որ իր խոսքի տերը չլինի: Նշանակում է` երաշխիքներ են տվել նրան: Պայմանավորվենք այսպես. ով այստեղից դուրս գա և ուրիշ բան ասի` նա դավաճան է (իրականում ավելի կոպիտ բառ է օգտագործում, Բաբայանի օգտագործածը- Գ. Բ.): Ալիևին բերել են ռուսները, և ԵԱՀԽ-ի “զոնտիկը” կարող է պետք գալ ռուսներից պաշտպանվելու համար: Ադրբեջանին զիջումներ լինելու են: Կարծիքս այն է, որ Գեորգին ստորագրի:

Վալերի Բալայան – Միանշանակ “ոչ” ասելն ամենահեշտն է: Սամվելը ճիշտ է, երբ ասում է, որ “ոչ” ասելու պատասխանատվություն ոչ ոք չի կարող իր վրա վերցնել: Իմ կարծիքն է` միասին “ոչ” ասենք, ընտրենք պայքարի ճանապարհը: Մեր շանսն այդ պայքարի մեջ է: Ես Գեորգիին խորհուրդ չեմ տալիս ստորագրել:

Ռոբերտ Քոչարյան – Այդ դեպքում մի որոշում պիտի լինի, և արձանագրությունը պիտի մնա: Ես լուրջ վտանգ եմ տեսնում Ռուսաստանից: Մի անգամ արդեն մեզ արդուկում էին, եւ “պուտչը” փրկեց մեզ: Կոզիրեւն ու Բարաննիկովը հատուկ եկել ու մեզ համոզում են: Խոսում են отвлеченно: Օգոստոսին ի՞նչ վիճակում էինք:

Վալերի Բալայան – Երկու դեպքում էլ դժվար է լինելու` և’ “այո”-ի և’ “ոչ”-ի: Ժամանակին ասում էիք` քանի որ Հայաստանում Տեր-Պետրոսյանն է, այստեղ էլ նրա մարդը պիտի լինի: Եթե այդպես է, ապա այսօր էլ եկեք մտածենք, թե ով է ի վիճակ “այո” ասելու: Եվ նրան էլ նշանակենք:

Սամվել Բաբայան – Մենք չգիտենք, թե զինվորականներն ինչ պահանջներ են դնելու Ռուսաստանի առաջ: Ես կոնկրետ պահանջներ եմ դնելու, թե ինչքան զենք պիտի տան: Այդ դեպքում ես կարող եմ հանգիստ նույնիսկ Բաքուն վերցնել:

Վալերի Բալայան – Եթե այդպիսի բան կա, մեզ էլ ասեք: Ո՞ւմ առաջ է դրվել այդ պահանջը:

Սամվել Բաբայան – Ռուսների: Եթե այդ 60 օրում չկատարեն, մենք էլ չենք կատարելու:

Ռոբերտ Քոչարյան – Առաջարկում ենք հետաձգել գրաֆիկը: Եթե ռուսը մեզ չի զոհում, ուրեմն պիտի ընդունի մեր առաջարկը:

Լևոն Մելիք-Շահնազարյան – “Ոչ”-ի կողմնակից էի, բայց մի “բայց” է ծնվում: Պիտի մեկ ամսով հետաձգել գրաֆիկը: Այդ ամսում ստուգել պահանջների կատարումը:

Սամվել Բաբայան – Մեկ ամսում հնարավոր չէ: 60 օրում:

Կարեն Բաբուրյան – Ոչ “այո”, ոչ էլ “ոչ” ասելու բան է: Ամենաընդունելին, սակայն, “այո” ասելն է: Մանևրի համար տեղ է մնում:

Վալերի Ալեքսանյան – Բոլորիս սրտում  “ոչ” է, բայց վերջին հանգամանքները ստիպում են, որ “այո” ասենք: “Այո”, բայց իրականում` “ոչ”:

Հրանտ Խաչատրյան – Կարևորը Քելբաջարի հարցը չէ: Կարևորն այն է, որ ԼՂ և  Հայաստանի իշխանությունները եկել են միասնության: Սամվելի ասածն ամենալավ տարբերակն է: Ինֆորմացիա չունենք: Եթե Լևոնը ինֆորմացիա չունենար, այսքան չէր մտահոգվի: “Ոչ”-ի դեպքում ստացվում է, որ Հայաստանն էլ է մեր դեմ:

Ռոբերտ Քոչարյան – Շատ եք երկարացնում:

Արկադի Ղուկասյան – Հրանտ, վաղը կարող ես ասել` “ես “այո” եմ ասել “ոչ”-ի իմաստով, ինչո՞ւ եք զորքը հանել”:

Ռոբերտ Քոչարյան – В принципе, Լևոնը գոռոզ է (ես նրան մի քանի տարի ճանաչում եմ), բայց հիմա մեզ խնդրում է: Ուրեմն` վտանգ կա, չէ՞: Երբ գիշերը զանգեց, զարմացա: Ինձ ամենաշատը դա է վախեցնում: Նրա ինֆորմացիան շատ է: Նրա այս վարմունքը բնավորությանը չի համապատասխանում: Մեր ոտներն է ընկել, թեև Գորիսից հետո չպիտի մեզ հետ խոսեր по идее.

Արմեն Իսագուլով – Հարցը ծայրաստիճան լուրջ է դրված: Եթե “ոչ” ենք ասում, ուրեմն փակում ենք դռները եւ դատապարտում ենք մեզ ավելի վատին: Վառում ենք կամուրջները:

Գեորգի Պետրոսյան – Կոնկրետ` “այո՞”, թե՞ “ոչ”:

Արմեն Իսագուլով – “Այո”:

Ռոբերտ Քոչարյան – Նրա գալը պատասխանատվությունը վերցնում է մեզնից:

Սլավա Աղաբալյան – Հնարավոր չէ փորձել “ոչ” ասել ու սպասել, թե ի՞նչ է լինելու: Պիտի պատասխանատվություն վերցնել եւ ասել “այո”:

Համլետ Գրիգորյան – Հստակ կարծիք ունեմ` “ոչ”:

Վալերի Ղազարյան – Սկզբից էլ “ոչ”-ի կողմնակից եմ եղել: Հիմա էլ`  նույնը: Կարող եմ հիմնավորել:

Լևոն Մելիք-Շահնազարյան – Ես էլ եմ “ոչ” ասում:

Ռոբերտ Քոչարյան – Համաձա՞յն ես, որ դու նստես եւ “ոչ” ասես:

Գեորգի Պետրոսյան – Հերթը ինձ է հասել: Կարծում եմ, որ այսօր ամենադժվարը միանշանակ խոսելն է: Քաղաքական մեկնաբանություն պետք չէ: Փորձեմ կրկնել այն, ինչ միշտ ասել եմ: Եթե չունենք ներքին համաձայնություն` անիմաստ է ամեն ինչ: Նկատի ունեմ ղարաբաղցիների ներքին համաձայնությունը:  Որպես նախագահի պաշտոնակատար փորձեցի մի քանի մոդելներ առաջարկել, որոնք, ըստ իս, ճիշտ են: Երբ չկա այդ միասնությունը, ես ռիսկի չեմ դիմի: Մի բան էլ է պարզ: “Այո” ասողը պիտի կամք ու հնարավորություն ունենա: “Ոչ” ասողն էլ: Երբ ասել եմ, թե հրաժարական եմ տալիս, դա խաղ չէր: 5 հոգի “այո” են ասել և հիմա իմ խոսքը վճռական է: Ես անձամբ կասեի “այո”, բայց ոչ ոք ձեզանից չի կարող երաշխիք տալ, որ “այո”-ն “այո” է: Այսքանից հետո ասում եմ` “ոչ”:

Ռոբերտ Քոչարյան – Բայց գտնում ես, որ ճիշտը “այո՞”-ն է:

Գեորգի Պետրոսյան – Այո:

Ռոբերտ Քոչարյան – Իսկ դա տղամարդկությո՞ւն է:

Սամվել Բաբայան – Մեր մոտիկ ընկերը Հայաստանն է, և ինչպիսին էլ լինի Տեր-Պետրոսյանը, նա մեր ավագ ընկերոջ` Հայաստանի նախագահն է: Հայաստանը խնդրում է, որ մենք “այո” ասենք: Եկեք ասենք, բայց պահեստային տարբերակ թողնենք: Պետք լինի` նրանց էլ կխաբենք: “Այո”-ն, մեկ է, կարող են պոկել մեզնից, թե ինչ ձևով` այլ հարց է:

Արկադի Ղուկասյան – Եթե “ոչ”-ը հաղթի, ապա Գեորգին չպիտի մնա, քանի որ գտնում է, որ ճիշտն “այո”-ն է, բայց “ոչ” է ասում: Պիտի այնպիսի մարդ նստի, որ գոնե “ոչ”-ում համոզված լինի:

Վալերի Բալայան – Կարելի է հակառակն էլ անել` թող այնպիսի մարդ նստի, որ կարող է “այո” ասել:

Ռոբերտ Քոչարյան – Ճիշտ է, պիտի “այո” ասողին նշանակել: Կամ էլ առաջարկում եմ, որ Մելիք-Շահնազարյանը նստի ու “ոչ”-ը շարունակի: Կամ էլ` Վալերի Ղազարյանը:

Գեորգի Պետրոսյան – Ո՞վ է կողմ, որ հրաժարական տամ:

Քվեարկում են. կողմ` 8, դեմ` 1 (Հ.Գրիգորյան), ձեռնպահ` 1:

Կարեն Բաբուրյանը, որ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար էր, նշանակվում է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար: Հենց նա էլ ստորագրում է Քարվաճառի մասին փաստաթուղթը: Մարիո Ռաֆայելլիին հղած նամակում ղարաբաղյան կողմը խնդրում է 30 օրով հետաձգել փաստաթղթի պահանջների կատարումը:

Տեր-Պետրոսյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի առանձնասենյակում նստած էր նախագահի աթոռին, զրուցում էր սրա-նրա հետ առօրեական հարցերով: Ինձ էլ հարցրեց, թե “հիմա Կոմիտասն ի՞նչ է անում” (արցախյան շարժման ասկերանյան առաջամարտիկներից մեկի, գրող Կոմիտաս Դանիելյանի մասին էր հարցնում, որին շարժման առաջին տարիներին հանդիպել էր): Ինձ դուր չեկավ, որ նա բառ անգամ չփոխանակեց Գեորգի Պետրոսյանի հետ, որը մեկուսի կանգնած էր` կարծես լքված բոլորի կողմից: Թեև հետագայում, երբ Կարեն Բաբուրյանին հրավիրել էր պաշտոնական այցով ժամանել Երևան (նրա նախորդները նման պատվի չէին արժանացել) և վերջինիս հետ նաև ես էի մասնակցում պաշտոնական հանդիպումներին, նա մի քանի անգամ ինձ երկիմաստ հարցրեց` “Գեորգին լավ տղա է, չէ՞”:

Հունիսի 17-ին Ռուսաստանի միջնորդությամբ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց դադարեցնել հրետանային ռմբակոծումներն Աղդամի և Ստեփանակերտի միջև: Հունիսի 26-27-ին ղարաբաղյան ուժերը գրոհով ազատագրեցին Մարտակերտը: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հուլիսի 2-ին տարածեց հայտարարություն` Ադրբեջանին առաջարկելով ուղիղ բանակցություններ, հավաստիացնելով նաև քննարկել “Քելբաջարից հեռացումը”:

Հատված ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից, 4-րդ հրատարակություն

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով: