Լևոն Տեր-Պետրսյանի առաջին այցը Թուրքիա. 1992-ի հունիս

2354

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Չնայած հարաբերությունների լարվածությանը, հայ և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հնարավորության դեպքում հանդիպելու և բանակցելու առիթը բաց չէին թողնում:

1992թ. հունիսի 3-7-ը տեղի ունեցավ Իզմիրի միջազգային համաժողովը` նվիրված Թուրքիայի տնտեսությանը: Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Հրանտ Բագրատյանը:

ՙՎարչապետ Դեմիրելի հետ հանդիպումը ես կհամարեի մեր այցելության ամենակարևոր մասը: Մենք նրան հանձնեցինք նախագահ Տեր-Պետրոսյանի նամակը, որտեղ շոշափված էր երեք հիմնական հարց. հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու մտահոգությունը և մեր կարծիքն այդ առթիվ, ԼՂ խնդրի մեր մեկնակետը և հարցը կարգավորելու մեր դիրքորոշումը, և երրորդ` Նախիջևանի խնդիրը: Դեմիրելին հանձնվեց նաև Հայաստանի վարչապետի նամակը, որով նա հրավիրվում էր Հայաստան: Ես հանդիպեցի նաև պետնախարար Թանսու Չիլլերի հետ՚,- ասել է Բագրատյանը:

1992թ. հունիսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում, բնապահպանական համաժողովի շրջանակներում, կայացավ Տեր-Պետրոսյան-Դեմիրել հանդիպում, որը, ըստ թուրքական մամուլի, եղել է Հայաստանի նախագահի առաջարկով:

ՙՁեզ հետ որպես վարչապետ կամ նախագահ չեմ ուզում խոսել, մի կողմ թողնենք դիվանագիտական պատշաճությունը: Պատերազմով և կռվով որևէ տեղ չեք կարող հասնել: Հազար տարի հետո անկախ Հայաստան հաստատելու պատեհություն գտար, բայց այդ պետությունը թշնամության և պատերազմի վրա մի հաստատիր: Շուրջդ Ադրբեջանը և Թուրքիան կան: Եթե բարեկամ չլինեք այդ երկրների հետ, ձեր կացությունը դժվարությունների է բախվելու՚,- ասել է Դեմիրելը:

Տեր-Պետրոսյանը պատասխանել է. ՙՂարաբաղի հարցը ես ուզում եմ հաշտ ճանապարհով լուծել՚: Դեմիրելը շարունակել է. ՙԵթե հաշտություն ես ուզում, հեռացիր Շուշիից ու Լաչինից: Մեզ համար Նախիջևանը առանձնահատուկ կարևորություն ունի՚: Ապա Տեր-Պետրոսյանը ասել է, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, և պատրաստվում է խոսակցությունը շարունակել Ստամբուլում` ՍԾՏՀ-ի շրջանակներում: ՙՀարգելի Տեր-Պետրոսյան, Ձեզ հետ խոսում եմ առանց դիվանագիտական ձևակերպումների: Ուժի ճանապարհով հողի տերի դարձողները չեն կարող անդորրության մեջ ապրել: Թուրքիայի հետ հարևան եք, հետևաբար պետք է բարեկամ ապրեք՚:

Այս հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների արտգործնախարարներ Չեթինը և Հովհաննիսյանը: Վերջինս հիշում է. ՙԹուրքիայի վարչապետը քարոզ էր կարդում: Միակողմանի սպառնալիքներ էր, ասում էր, որ հայերը պետք է դասեր սովորեն իրենց պատմությունից, որ Թուրքիան պատրաստ է իր ձեռքը մեկնել, բայց մեկնել այն Հայաստանին, որ գիտի իր չափը, սահմանը և որը պատրաստ է անցյալը թողնել անցյալին և Թուրքիայի հետ նոր շրջան բացել: Խոսք եղավ Ղարաբաղի մասին՚:

1992թ. հունիսի 26-ին Տեր-Պետրոսյանը մասնակցեց ՍԾՏՀ եզրափակիչ հռչակագրի ստորագրմանը: Ստամբուլում նա հանդիպեց վարչապետ Դեմիրելի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունները, ղարաբաղյան խնդիրը: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը շեշտեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպետք է պայմանավորվեն հայ-ադրբեջանական հարաբերություններով:

Օգոստոսի 23-ին Երևան ժամանեց երեք հոգանոց թուրքական պատվիրակությունը` փոխարտգործնախարարի օգնական, ավագ դեսպան Բիլգին Ունանը, ԱԳՆ Կովկասի բաժնի պետ Ջանդան Ազերը և նույն բաժնի քարտուղար Վուրալ Ալթայը: Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նախագահի խորհրդական Լիպարիտյանի, էներգետիկայի նախարար Սեպուհ Թաշճյանի, փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի, վարչապետ Խոսրով Հարությունյանի, արտգործնախարարի տեղակալ Արման Նավասարդյանի հետ:

ՙՆրանք առաջարկեցին, որ թերևս նպատակահարմար կլինի, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք հիշատակեցինք իրենց իսկ մոտեցումը, թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը պետք է համակարգված լիներ Արցախի հիմնախնդրի հետ: Ուստի, մենք ինչպե՞ս կարող ենք ճանաչել մի պետության հողային ամբողջականությունը, որն այդ սկզբունքը գործածում է իր հողի վրա ապրող ժողովրդի տեղահանման, ոչնչացման համար կամ էլ իրեն թույլ է տալիս ոտնձգություններ կատարել Հայաստանի սահմանների վրա: Անշուշտ, թուրքերը սա չհավանեցին՚,- ասել է Լիպարիտյանը:

ՙԱրցախից բացի նրանք նշեցին էլի մի շարք հարցեր, որոնք ազդում են երկկողմ հարաբերությունների վրա: Այնպիսի հարցեր, ինչպիսիք են, ասենք ցեղասպանությունը, պահանջատիրությունը և այլն, կբարձրացվեն ավելի ուշ: Թուրքական պատվիրակությունը այս հարցերը դրեց ընդհանուր ձևով: Պատասխանեցինք, ասելով, որ այն, ինչ Հայաստանի կառավարությունը չի պահանջել, կարիք չունի հայտարարելու, որ չի պահանջում՚:

1992թ. սեպտեմբերի 21-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում Տեր-Պետրոսյանը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարարի հետ, որից հետո Չեթինը ընդգծեց. ՙՀայաստանի և մեր կապերի մայր երակը Ադրբեջանի հարցն է: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացումը դժվարությունների է բախվելու, քանի դեռ Ղարաբաղում կայուն հրադադար չի հաստատվել: Անհրաժեշտ է, որ հայերը հեռանան ադրբեջանական հողերից, և Ղարաբաղի կարգավիճակի հարցը իր վերջնական լուծումը գտնի Մինսկի խորհրդաժողովի շրջանակներում՚:

Հայաստանի ղեկավարության համար ակնհայտ էր, որ Թուրքիան ունակ չէ թեկուզ արտաքինից պահպանել չեզոքություն: Տեր-Պետրոսյանը նկատում էր, որ թեև անցած չորս տարիների ընթացքում ՙմեզ հաջողվեց հաղթահարել գոյություն ունեցող հոգեբանական արգելքները, հաջողվեց մեր ժողովրդին ներշնչել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պարտավոր ենք առաջնորդվել միայն ու միայն պետական շահերով, իրատես քաղաքականության սկզբունքներով՚, Թուրքիայի հետ հարաբերությունները շատ բարդ են ընթանում: Հայաստանի նախագահի խոսքերով` ՙԹուրքիան չէր կարող անտարբեր մնալ իր արյունակիցների բախտի նկատմամբ՚:

ՙԲացի պաշտոնական քաղաքականությունից, Թուրքիայում գոյություն ունի հասարակական կարծիք, ինչպես նաև ընդդիմադիր ուժեր, որոնք քաղաքական վարկ ձեռք բերելու նպատակով շահարկում են ԼՂ հարցը, որը կարծեք թե աստիճանաբար դառնում է Թուրքիայի ներքին քաղաքական հարց: Բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները, մեկը մյուսից առաջ անցնելով, փորձում են ապացուցել իրենց նախանձախնդրությունը ադրբեջանցի ցեղակիցների մղած պայքարի նկատմամբ: Սա, ինչ խոսք, վտանգավոր միտում է: Առայժմ թուրքական կառավարությունը դեռևս կարողանում է հավասարակշռել այս ճնշումը և առաջնորդվում է երկրի իրական շահերով: Այդուհանդերձ, թուրքական կառավարությունը ենթարկվում է լուրջ ճնշման և այդ պատճառով ստիպված է որոշ զիջումներ կատարել հասարակական կարծիքին, իսկ միջազգային ասպարեզում` աջակցել Ադրբեջանի դիվանագիտական քարոզչական ջանքերին՚,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի նախագահը արդեն բացահայտ հայտարարում էր, որ Թուրքիան սկսել է նախապայմաններ առաջադրել. ՙԴա տեղի ունեցավ և’ ԵԱՀԽ-ում, և’ դեսպան Վուրալի Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ: Ես ստիպված էի դեսպանին բացահայտորեն ասել հետևյալը. դուք ուզում եք օգտվել ստեղծված դրությունից և տեսնելով, որ նախկին միութենական հանրապետությունների անվտանգության համակարգը խախուտ է, և մտածելով, որ մենք թուլացած ենք, փորձում եք մեզնից ինչ-ինչ քաղաքական հայտարարություններ պոկել։ Փորձ արվեց նրան բացատրել, որ դա իրատեսական մոտեցում չէ, և դրա վերջնական արդյունքը պարզապես կլինի հայ-թուրքական հարաբերությունների վիժեցումը՚:

Րա‎ֆֆի Հովհաննիսյանի խոսքերով` Հայաստանը ձգտում էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ` առանց մոռանալու ՙդառը անցյալը, սակայն մեր պետության այդ քայլն անհրաժեշտ վերաբերմունքի չարժանացավ թուրքական կողմից՚: ՙՀայ ժողովուրդը երբեք չի մոռանալու իր անցյալը, բայց որպես պետություն, որպես պետականություն կրող ժողովուրդ, պատրաստ է կանոնավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ` առանց որևէ քաղաքական նախապայմանի: Եթե թուրքական կողմն ըմբռնումով չվերաբերվի, շարունակի պայմաններ դնել և էքսկուրսներ կատարել պատմության մեջ, մենք պարտավոր ենք բացել ողջ թղթապանակը և քննարկել մեր երկու ժողովուրդներին հուզող բոլոր խնդիրները: Թուրքիան չկարողացավ իր չեզոքությունը պահպանել նաև ղարաբաղյան խնդրում: Եթե սկզբում գոնե երևութապես պահպանում էր այդ չեզոքությունը, այսօր իր արարքներով, հայտարարություններով ցույց է տալիս, որ ինքն անկողմնակալ չէ և ղարաբաղյան հակամարտությունում անաչառ միջնորդի դեր խաղալ չի կարող՚:

Լուսանկարում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Թուրքիայում, 1997թ

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: