Թուրքերը դիրքավորվեցին Երևանից 7 կմ հեռու` թնդանոթներն ուղղելով դեպի մայրաքաղաք․ հունիս, 1918

3432

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Թիֆլիսում ձևավորված Հայաստանի առաջին կառավարությունը և Հայոց ազգային խորհուրդը դժկամությամբ տեղափոխվեցին Երևան: Խորհրդի անդամները, Վրացյանի խոսքերով, «չէին ուզում բաժանվել Թիֆլիսից», իրար հաջորդող նիստերում տեղի էին ունենում բուռն վիճաբանություններ, «շատերի համար Երևան գնալը անհանդուրժելի էր»:

Երևան տեղափոխվելու հարցը կտրուկ կերպով դրվեց Ազգային խորհրդի ու կառավարության միացյալ նիստում:

ՀՅԴ-ն պահանջում էր, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը ամբողջ կազմով անմիջապես մեկնեն Երևան:

Հայ ժողովրդական կուսակցությունը առաջարկում էր Երևան ուղարկել պատվիրակություն և կազմել տեղական կառավարություն, իսկ Հայոց ազգային խորհուրդը, որպես համազգային մարմին, պահել Թիֆլիսում:

Սոցիալիստ հեղափոխականները առաջարկում էին, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը մեկնեն Երևան, այնտեղ կազմեն Հայաստանի տեղական իշխանություն, որից հետո Ազգային խորհուրդը կրկին վերադառնա Թիֆլիս ու Կովկասի այս հարուստ քաղաքում մնա իբրև «ընդհանուր ազգային իշխանությու»:

Սոցիալ դեմոկրատները սկզբում կողմնակից էին Երևան տեղափոխվելուն, սակայն կարճ ժամանակ անց սկսեցին «տատանվել»:

Քաջազնունին հայտարարեց, որ եթե Ազգային խորհուրդը մնա Թիֆլիսում կամ կազմվեն երկու Ազգային խորհուրդներ, ապա ինքը կհրաժարվի վարչապետությունից: Յոթ կողմ և հինգ դեմ քվեով որոշվեց Ազգային խորհուրդն ու կառավարությունը փոխադրել Երևան:

Հուլիսի 17-ին Ազգային խորհուրդն ու կառավարությունը Թիֆլիսից մեկնեցին Երևան: Սանահին կայարանից սկսած երկաթուղին թուրքերի ձեռքում էր, Ալեքսանդրապոլով անցնելը` վտանգավոր: Որոշվեց Թիֆլիսից անցնել Աղստաֆա, ապա Դիլիջանով հասնել նորաստեղծ հանրապետության փոշոտ ու աղքատ մայրաքաղաք Երևան: Մեկնողների մեջ էին Քաջազնունին, Խաչատուր Կարճիկյանը (ֆինանսների նախարար), զորավար Հովհաննես Հախվերդյանը (զինվորական նախարար), Ազգային խորհրդի անդամներ: Նրանց հետ Երևան էին մեկնում նաև երկու գերմանացի ու մի թուրք սպա:

Բաբալյանը գրում է. «Վրաց կառավարությունը ցույց տվեց կոպիտ և անքաղաքավարի վերաբերմունք: Ժամանակին վագոններ չտրվեցին, արգելեցին Ազգային խորհրդի մի քանի հին ու խարխլված ավտոմոբիլները վերցնել մեզ հետ: Երկար բանակցություններից հետո միայն թույլատրեցին մի քանի անհրաժեշտ իրեր և ինքնաշարժեր գնացքի մեջ բարձրացնել: Վրաց իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք հրաժեշտի չէր եկել: Հայ հասարակությունը միանգամայն անտարբեր էր: Ջերմ ընդունելության հանդիպեցինք Ղազախում` Ադրբեջանի իշխանության կողմից»:

Ղազախից պատվիրակությունը հասնում է Քարվանսարա (Իջևան), երեկոյան` Դիլիջան: Դեռ Թի‎ֆ‎լիսում վարչապետի թեկնածուներ էին առաջադրվել Քաջազնունին ու Խատիսյանը, իսկ կառավարությունը պետք է լիներ ոչ միակուսակցական: Սակայն Ժողովրդականները պահանջեցին վարչապետի պաշտոնը` առաջարկելով Պապաջանյանի թեկնածությունը: Նրանք ասում էին, որ թուրքերը ՀՅԴ-ի նկատմամբ վստահություն չունեն և դժվարություններ կստեղծեն: Քաջազնունին արտգործնախարարի պաշտոնը առաջարկեց ժողովրդականներ Պապաջանյանին և Սամսոն Հարությունյանին, սակայն հաջորդաբար երկուսն էլ հրաժարվեցին: Քաջազնունուն այլ բան չէր մնում, քան կազմել միակուսակցական կառավարություն: Հուլիսի 19-ին պատվիրակությունը հասավ Երևան:

Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին գրում է. «Ժամը երեքին Աբովյան պողոտայի սկզբից մինչև Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամը հասավ ինքնաշարժով և հաղորդեց, թե կառավարությունը գալիս է: Մի քանի րոպեից  գլխավոր պողոտայի անկյունից երևաց կառավարական խումբը ինքնաշարժերով: Ես հրամայեցի. ՙՀանդիսավոր տողանցք. պատրա’ստ. հանդա’րտ. պատվի ա’ռ՚: Եվ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեզելազորից հիսուն հոգի` մոտեցա կառավարության կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջև, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրա: Ես ասացի. ՙՁերդ գերազանցություն, որպես Հայաստանի մայրաքաղաքի զինվորական հրամանատար, ողջունում եմ Ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից հետո առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարության առջև: Այս վայրկյանիս ես հպարտությամբ դնում եմ սուրս իր պատյանի մեջ և դուրս կհանեմ այն ժամանակ, երբ Դուք հրամայեք պաշտպանել մեր աննման հայրենիքը՚: Քաջազնունին շատ հուզված պատասխանեց և համարյա զսպում էր իր արտասուքը: Այսպես եղավ Հայաստանի առաջին կառավարության մուտքը Երևան»:

Քաջազնունու կառավարությունն ուներ չորս նախարար` Արամ Մանուկյան (ներքին գործեր), Ալեքսանդր Խատիսյան (արտաքին գործեր), Հովհաննես Հախվերդյան և Խաչատուր Կարճիկյան: Բոլորը, բացառությամբ Հախվերդյանի, դաշնակցականներ էին: Երևան մեկնելուց առաջ Քաջազնունին և Ազգային խորհուրդը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ էր նշանակել մի քանի վայրերում. Վրաստանում Արշակ Ջամալյանին, ռուսական կամավորական բանակի մոտ` Հովհ. Սաղաթելյանին, Կոլչակի բանակի մոտ` Գր. Ձամոյանին, Կուբանի և Դոնի կառավարությունների մոտ` Սիմոն Վրացյանին:

Մինչ Հայաստանի կառավարության Երևան փոխադրվելը հանրապետությունը ղեկավարում էր Արամ Մանուկյանը, ով պետական կառուցվածքներ ստեղծելու, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել: Անհրաժեշտ էր ստեղծել պետական մեքենա, իրավակարգ, երկիրը դուրս բերել անիշխանությունից, գաղթականությանն ապահովել սննդով, լուծել սահմանային վեճերը հարևանների հետ, հնազանդեցնել մահմեդականների ներքին խռովությունները` ուղղված հայազգի մեծամասնության և վերջինիս նորանշանակ կառավարության դեմ: Հայաստանում և առհասարակ հայ իրականության մեջ գործող ամենախոշոր ու ազդեցիկ ուժը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էր, որը և հիմնականում միայնակ իր ուսերի վրա կրեց անկախ հանրապետության քաղաքական ողջ պատասխանատվությունը:

Թեև Բաթումում կնքվել էր հաշտություն, հայերն ու թուրքերը դաշնագրի բովանդակությունը տարբեր կերպ էին մեկնաբանում: Դաշնագրի հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով, Երևանի Ազգային խորհուրդը Ալեքսանդրապոլ ուղարկեց հատուկ պատվիրակություն Մկրտիչ Մուսինյանի գլխավորությամբ, որին հանձնարարվեց բանակցել թուրք հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հետ Բաթումի դաշնագրից բխող մի քանի հարցերի շուրջ. գաղթականության վերադարձն իրենց տեղերը, գերիների փոխանակումը, թուրքական զորքի Հայաստանից անցնելու պայմանները, երկաթուղու փոխանցման խնդիրը, Ղարաքիլիսայի պարպումը և հանձնումը հայերին: Թուրքերը չընդունեցին հայերի պահանջները: Հուլիսի 7-ին, առանց ընդհատելու Ալեքսանդրապոլի բանակցությունները, թուրքերը  կրկին առաջ շարժվեցին Սարդարապատի ուղղությամբ: Սիլիկյանը զորքերին հրամայեց թողնել երկաթուղին և դիրքեր գրավել Էջմիածնի շրջանում: Դիրքային կռիվները շարունակվեցին մինչև հուլիսի 9-ը. թուրքերը դիրքեր գրավեցին Երևանից 7 կմ հեռու` թնդանոթների բերաններն ուղղելով դեպի Հայաստանի մայրաքաղաքը:

Ծանր ու խռովահույզ օրերն էին: Թի‎ֆ‎լիսի Ազգային խորհուրդ, առանց Երևանի Ազգային խորհրդի գիտության, Թիֆլիսում հռչակել էր անկախություն, և Արարատյան փոքրիկ Հայաստանը, Արամի հզոր ու արթուն հսկողության տակ ապրում էր անստույգ ճակատագրի մռայլ օրերը, գրում է ժամանակի դաշնակցական գործիչներից Վահան Նավասարդյանը: Մի բացառիկ երկիր էր` օղակաձև շղթայով շրջապատված իր չորս կողմերից, զուրկ արտաքին աշխարհի հետ կապվելու, նրան լուր տալու և այնտեղից լուր առնելու գրեթե բոլոր հնարավորություններից: Մի երկիր, որի արտաքին գործերի վարիչը կրում էր այդ կոչումը միամիայն նրա համար, որովհետև դժվար է երևակայել մի կառավարություն, ուր այդ կոչումը չկա: Օղակված ու շղթայված թուրք զորքերով ու թաթար ազգաբնակչությամբ, Հայաստանն ապրում էր ինքն իր համար, ապրում էր իր խոհերի ու տառապանքների հետ` մատնված գալիքի օրհասի ահավոր սարսափներին:

Վրացյանի բառերով` «անձև քաոսի ու ավերակների կույտ» էր Հայաստանն այդ օրերին: «Ցնծության աղաղակներով ու ծափերով չընդունվեց հանրապետության ծնունդը: Հակառակը, շատերի համար նա նկատվում էր անժամանակ ծնունդ: Ոմանք չէին հավատում նրան. անկախություն և հանրապետություն բառերը դնում էին չակերտի մեջ: Եվ այդպես վարվելու հիմքերը շատ էին զորավոր. իրոք որ զարհուրելի էին պայմանները, և անկախությունն այդ պայմաններում թվում էր հեգնանք: Հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ` հազիվ 12 հազար քառ. կմ. աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կռճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու համաճարակ, ավար ու ավեր, լաց ու թշվառություն, կոտորած ու սարսափ: Իսկ մյուս կողմը` Էնվերի բանակը հաղթական` համաթուրքական երազներով տոգորված, որ Հայաստանի վրայով ձգտում էր դեպի Ապշերոն ու Թուրքեստան: Այդպես էր դրությունը Հայաստանում, իսկ Թիֆլիսում տիրում էր կատարյալ շփոթ: Մայիսի 26-ից հետո հայ-վրացական հարաբերությունները լարվել էին: Վրացիները` արբեցած իրենց անկախությամբ ու գերմանական հովանավորությամբ, թշնամանքով էին նայում  ՙռուսների պոչից պոկ չեկող՚ հայերին, որոնք իրենց հերթին վրացիներին համարում էին դավադիր, դավաճան»:

Հայաստանի այս անշուք ծնունդին նախորդել էր ցարական կարգերի տապալումը Ռուսաստանում: Հենց Ռուսաստանին կցված հայկական տարածքներից մի փոքր հողակտորի վրա 1918թ. մայիսին հռչակվեց հայկական հանրապետությունը` Բագրատունիների հայոց թագավորության և Կիլիկյան Հայաստանի հայկական պետության անկումից համապատասխանաբար շուրջ ինը դար և ավելի քան հինգ հարյուր տարի անց: Չնայած հաջորդող ամիսներին  Հայաստանն աստիճանաբար ընդարձակվելու էր` անձև քաոսից դառնալով իրական հանրապետություն, Օսմանյան կայսրության և քեմալականների ռազմաքաղաքական հսկողության ներքո գտնվող հայկական շրջաններն այդպես էլ Հայաստանի Հանրապետության մաս չկազմեցին:

Ավելի քան իննսուն տարի ու այսօր «Ազատ, անկախ և միացյալ Հայաստան» ունենալու հայկական երազանքը շարունակում է փշրվել Արարատի լանջերին:

Լուսանկարում՝ Հայաստանի կառավարության շենքը 1918-1920/21 թվականներին

Հայերը և թուրքերը

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: