Երևանի Ազգային խորհուրդը համաձայնվում է Բաթումի դաշնագրի հետ. 5 հունիս, 1918թ

3269

ԱՆԻ-ի տեղեկանքը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ «Աշխատանք» թերթի՝ 1918թ․ հունիս 8-ի համարում լույս տեսած հրապարակումները։ Երևանի Ազգային խորհուրդը, նախապես ընդդիմանալով Բաթումում թուրքերի հետ հաշտության բանակցություններ վարելու Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի որոշմանը և քննադատելով այդ քայլը, քանի դեռ օսմանյան զորքերից չեն ազատագրվել Ալեքսանդրապոլը՝ Գյումրին, և Ղարաքիլիսան՝ Վանաձորը, արդեն հունիսի 5-ին ընդունում է Բաթումի դաշնագիրը որպես կատարված իրողություն: 

Ինչպես հայտնի է, հայկական ուժերը՝ Հայկական կորպուսը, կարողացավ թուրքերին կանգնեցնել, ապա նրանց ծանր մարդկային կորուստներ հասցնելով` մինչև մայիսի 29-ը հետ քշել Բաշ-Ապարանում ու Սարդարապատում: Հաղթանակով ոգևորված` հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ: Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ և հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը:

Մայիսի 29-ին Սիլիկյանը երկորդ կոչն է ուղղում հայերին. ՙՄենք պետք է թուրքերից հետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի (Մայր տաճարի հետ) գավառները, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը: Կարո՞ղ ենք թույլ տալ նման վիրավորանք: Երբե’ք, հա’յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք: Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ: Դեպի’ զենք բոլորդ, դեպի’ Ալեքսանդրապոլ՚:

Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց: Երևանի Ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկվում էր հաշտվել կացության հետ և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկյանին և շարունակել պատերազմը: Ազգային խորհուրդը չկարողացավ միակամություն դրսևորել, և Սիլիկյանին մնում էր ենթարկվել Նազարբեկյանի հրամանին:

Բաթումում բանակցությունները սկսվել էին մայիսի 29-ին և ավարտվել հունիսի 4-ի Հաշտության և բարեկամության դաշնագրով Հայաստանի և Օսմանյան կայսերական կառավարության միջև։ 

*****

Բաթումից վերադարձան թե Անդրկովկասյան և թե Ազգային խորհրդի հաշտարար պատվիրակությունները: Մեր պատվիրակների մանրամասն զեկուցումը լսելուց հետո և համակերպվելով ստեղծված նոր քաղաքական և ռազմական ծանր պայմաններին՝ Ազգային խորհուրդը հայության կողմից երեք հոգուց բաղկացած պատվիրակություն ուղարկեց Բաթում՝ տալով նրան ընդարձակ և վճռական լիազորություններ՝ նոր բանակցությունների միջոցով հաշտության գործը շուտափույթ ավարտելու համար:

Սպասելով այդ բանակցությունների վախճանին՝ Ազգային խորհուրդը վճռապես հրահանգում է, թե արդեն թշնամուց գրավված և թե վտանգի տակ համարվող հայ գավառների ազգաբնակությանը՝ դադարեցնել գաղթը և մնալ իրենց տեղերում, որովհետև ինչ և լինի տեղական պայմանները, տեղահանությունը շատ ավելի կարստաբեր է և կործանարար, քան նույնիսկ ծանր պայմաններում հայրենի հողի վրա ապրելը:

Հայոց Ազգային խորհուրդ

Հունիսի 5-ին Քաղաքային ինքնավարության շենքում տեղի ունեցավ Երևանի Հայոց ազգային խորհրդի կողմից հրավիրված ժողով՝ բաղկացած կուսակցությունների, ընկերությունների, խմբակցությունների, միությունների, հաստատությունների և մարմինների ներկայացուցիչներից:

Ժողովը հաշտության մասին զեկուցում լսելուց և թեր ու դեմ վիճաբանություններ կատարելուց հետո ընդունել է հետևյալ բանաձևերը:

*****

1

Երևանի հասարակական մարմինների ներկայացուցիչների ժողովը՝  լսելով իրերի դրությունը իրազեկ հստատությունների տեղեկություններից մեր ռազմական պատրաստության մասին և այդ տեղեկությունների իրականությունը համապատասխան լինելու խնդրի ստույգությունը ապագա պատմությանը վերապահելով՝ ընդունում է հաշտության պայմանները և հանձնարարում Տփղիսի Ազգային խորհրդին վերադառնալ մայր երկիր և անմիջապես, մինչև նոր կառավարության կազմակերպումը ձեռնարկել ժողովրդի ռազմական ուժերի կազմակերպման ապագա անակնկալների դեմ, ինչպես և ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները, որոնք անհրաժեշտ են մեզ սպառնացող ներքին անարխիային, ըստ կարելույն, առանց ծանր ցնցումների վերջ դնելու համար:

*****

2

Երևանի հասարակական հաստատությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների ժողովը՝ լսելով Երևանի Հայոց Ազգային խորհրդի զեկուցումը պատերազմի և հաշտության հանգամանքների և պայմանների մասին, և քննելով այդ զեկուցման հարուցած խնդիրները, գտնում է, որ հաշտությունը հետևանք է այն ռազմական ու քաղաքական պայմանների, որոնց մեջ գտնվում է հայ ժողովուրդը, ուստի ընդունում է այն և հրահանգում Երևանի Ազգային խորհրդին իր քայլերը համապատասխանեցնել հաշտության պայմաններից բխող եզրակացություններին:

Ժողովը, միևնույն ժամանակ, վեր է հանում Բ. Դիվիզիայի դիմադրությունն ու դիմացկունությունը և գովելով զինվորների արիությունը, հույս է հայտնում, որ նրանք պատրաստ կլինեն պաշտպանելու ժողովրդին ապագա անակնկալների դեմ:

«Աշխատանք», Գ․ տարի, չորեքշաբթի, 8 (26) Յունիս, 1918, թիւ 6 (206), Երևան, խմբագիր-հրատարակիչ՝ Արամ Մանուկյան 

Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվից