Ալեքսանդր Խատիսյանի և Հալիլ բեյի ճառերը Բաթումում. 4 հունիս, 1918

4165

1918 թվականի մայիսի 28-ից հունիսի 5-ը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյան (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունի (ՀՅԴ) և Միքայել Պապաջանյան (Հայ ժողովրդական կուսակցություն), Բաթումում՝ թուրքերի պահանջով, բանակցություններ վարեց Օսմանյան կայսերական կառավարության պատվիրակության հետ (Հալիլ բեյ, Վեհիբ փաշա)։ Հունիսի 4-ին ստորագրվեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։

Առաջիկա օրերին ԱՆԻ կենտրոնը կներկայացնի բանակցությունների մանրամասներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, որոնք քիչ են ծանոթ հանրությանը։ Փաստաթղթերը վերցվել են Հայաստանի ազգային արխիվից, որտեղ 1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների մասին նյութերը հիմնականում ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և արաբատառ օսմաներենով են։

ԱՆԻ կենտրոն

*****

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 159-162

Արձանագրություն

Անդրկովկասի հանրապետության բաժանման հետևանքով, Օսմանյան կայսերական պատվիրակությունը, որ ուղարկված էր Կովկաս՝ հաշտության բանակցություններ վարելու տվյալ հանրապետության հետ, բանակցության մեջ մտավ Հայաստանի ազգային խորհրդի պատվիրակության հետ Բաթումում հաշտության և բարեկամության պայմանագիր կնքելու Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև:

Բանակցությունները տեղի ունեցան պատվիրակությունների նախագահների միջև անհատական տեսակցության ընթացքում, իսկ նախապատրաստական աշխատանքները տարվեցին տեխնիկական հանձնաժողովներում:

Ընդհանուր նիստը տեղի ունեցավ ակումբի դահլիճում, 1918թ. հուիսի 4-ին, երեքշաբթի օրը, Խալիլ բեյի ներկայությամբ:

Ներկա էին՝

Օսմանյան կայսրության անունից՝

Նորին գերազանցություն Հալիլ բեյը,

Արդարադատության մինիստր, պատվիրակության նախագահ

Նորին գերազանցություն գեներալ Վեհիբ փաշան,

Կովկասյան ճակատի օսմանյան զորքերի ընդհանուր հրամանատար, որպես զինվորական պատվիրակ

Նորին գերազանցություն Մուխտար բեյը,

Ընդհանուր աշխատանքների մինիստրության քարտուղարի տեղակալ,,

Մուսրեթ բեյը

Բարձր Դռան Օրենսդրական խորհրդականների գրասենյակի տնօրեն

Օրխան բեյը,

դեսպանության առաջին քարտուղար

Նիզամեդին բեյը,

դեսպանության քարտուղար

Իսկ Հայաստանի Հանրապետության անունից՝

Պարոն բժ. Ա. Խատիսովը,

պատվիրակության նախագահ

Պարոն Քաջազնունին, պատվիրակ

Պարոն Պապաջանյանը, պատվիրակ

*****

Նախագահը նիստը բաց է անում ժամը 5-ին, ցերեկից հետո: Լիազորությունները նախապես քննվել և գտնվել էին օրինական:

Նորին գերազանցություն Հալիլ բեյը հետևյալ ճառը արտասանեց.

«Պարոն պատվիրակներ,

այսօր մեր ստորագրություններն ենք դնում սկզբնական արձանագրության տակ, որ միջազգային հասարակության մեջ տեղ է բաց անում Հայաստանի Հանրապետության համար, որ ճանաչում է Հայաստանի գոյությունն ու անկախությունը Կովկասում, նոր կազմված պետությունների շարքում:

Ես չեմ ուզում կանգ առնել և հիշել պայքարի այն ցավալի դեպքերը, որ տեղի ունեցան մեր և հայերի միջև:

Ես ուզում եմ միայն նշել, որ վերջին ժամանակներս Օսմանյան կայսերական կառավարությունը մեծ հաստատամտությամբ տիրեց իր զգացումների վրա և ինձ հանձնարարեց ստորագրելու մի փաստաթուղթ, որով ճանաչվում է Հայաստանի կառավարությա գոյությունը:

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը Օսմանյան կայսերական կառավարության այս որոշման կարևորությունը լավ կըմբռնի և համաձայնության մի նոր էրա կբացվի մեր և Ձեր ժողովրդի միջև»:

Պարոն Խատիսյանը պատասխանում է հետևյալ ձևով.

«Հայաստանը, որի անունով պատիվ ունեմ խոսելու, երկար տարիներ շատ զոհողություններ է կրել, որպեսզի ազգային գոյության իրավունք ստանա։

Այսօր բացահայտ կերպով այդ իրավունքը ստացավ և մտավ անկախ պետությունների շարքը։

Այս մեծ օրը մի հանդիսավոր թվական կլինի հայերի պատմության էջերում։

Թեպետ նոր պետության սահմանները մեծ չեն, բայց հայ ժողովրդի ազատության ու մշակույթի սերը, նրա աշխատանքի ընդունակությունը, հույս ունեմ, որ արժանավոր տեղ կապահովեն հարևան պետությունների շարքում։

Մենք ուզում ենք, որ կայուն խաղաղություն և հավիտենական բարեկամության հաստատվի Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև, և մենք հաստատ համոզված ենք, որ մեր հայ եղբայրները, որոնք հեռացել են Թուրքիայից, կկարողանան շուտով այնտեղ վերադառնալ և Օսմանյան կայսրության ազնիվ քաղաքացիներ դառնալ, որին մենք մաղթում ենք երջանկություն, բարգավաճում և խաղաղություն»:

Նախագահի առաջարկությամբ սկսվում է արձանագրության ստորագրումը:

Հաշտության և բարեկամության պայմանագիր և երեք հավելված: Հավելածական պայմանագիր և հավելված:

Անդրկովկասի երկաթուղիների գույքի վերանորոգման համար կարգավորում:

Պայմանագիրը և կարգավորումները ստորագրեցին կրկնակի և փոխանակվեցին:

Նիստը փակվեց ժամը 6-ին:

Արձանագրությունը ստորագրված է 1918թ. հունիսի 5-ին, Բաթում քաղաքում:

Ստորագրցին՝

Հալիլ

Ա. Խատիսով